«Wikileaks»-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերից մեկում անդրադարձ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Երեւան-Անկարա մերձեցման գործընթացի նկատմամբ ունեցած ծայրաստիճան բացասական վերաբերմունքին:
2009թ. ապրիլի 7-ին թվագրված փաստաթղթում ներկայացվում են Բաքվում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի եւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչի միջեւ տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Հանդիպմանը թուրք դեսպանն ամերիկյան կողմին խնդրել է համոզել պաշտոնական Բաքվին, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը շարունակելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Հուլուսի Քըլըչը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հայտարարել են, որ եթե Թուրքիան սահմանների բացման հարցում ցանկանում է ստանալ Բաքվի համաձայնությունը, պետք է Հայաստանից պահանջի ընդունել հիմնարար սկզբունքները: Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի` Ստամբուլի գագաթաժողովին չմասնակցելու առնչությամբ կայացրած որոշումը` Քըլըչը դա որակել է որպես երկու երկրների միջեւ աճող հակամարտություն եւ Ադրբեջանի անկախության պատմության ընթացքում ամենախոր ճգնաժամ: Այնուհետեւ թուրք դեսպանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական միջամտությունը կօգնի սառեցումից փրկել թուրք-ադրբեջանական հարաբերությունները: «Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել Հայաստանի հետ, սակայն դա չի նշանակում Ադրբեջանի կորուստ: Մենք պետք է հավասարակշռություն գտնենք»,- ասել է Քըլըչը: Նաեւ տեղեկացրել է, որ հակառակ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի հեռախոսազանգերին, Ալիեւը հրաժարվել է մեկնել Ստամբուլ: Բացի այդ, նրան զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, սակայն բոլոր երաշխիքներն այն մասին, թե Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը, չկարողացան ստիպել Ալիեւին` փոխել իր որոշումն ու մեկնել Ստամբուլ: Քըլըչն ուղղակի սարսափած է եղել ադրբեջանական կողմի բոլոր մակարդակներով հակազդեցությունից, ներառյալ` խորհրդարանն ու ընդդիմությունը, ինչպես նաեւ` ադրբեջանական ԶԼՄ-ները: Բացի այդ, Բաքվում ապրող Թուրքիայի քաղաքացիները բողոքել են ադրբեջանցիների` իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքից: Քըլըչը նաեւ նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու հենց Հայաստանն են Թուրքիային դրդում հաշտեցման։ Նրանք շահագրգռված են թուրք-ադրբեջանական բախմամբ, որը կամրապնդի Երեւանի, Մոսկվայի եւ Թեհրանի աշխարհաքաղաքական դիրքերը: Քըլըչը խնդրել է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա եւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում զսպել հայկական լոբբիին: Իր մեկնաբանություններում դեսպան Էնն Դերսին գրում է, որ հանդիպմանն իրազեկել է թուրք դեսպանին Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման մանրամասների մասին: Ապրիլի 3-ին նա եւ Պետքարտուղարի տեղակալի այն ժամանակվա օգնական Մեթյու Բրայզան Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ֆոնին քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Դերսին Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում է, որ պետքարտուղար Քլինթոնի կողմից ուղարկված Բրայզան հանդիպմանը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել այն բանին, որ հայ-թուրքական սահմանի բացումը ուղեկցվի ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացով: Բրայզան նաեւ նշել է, որ նախագահ Օբաման ցանկանում է Ստամբուլում հանդիպել Ալիեւի հետ, ինչին ի պատասխան` Ալիեւը հանդես է եկել Անկարայի հասցեին երկար քննադատությամբ եւ Թուրքիային ներկայացրել է` որպես «խաբեբա եւ դավաճան»: «Մեր մտքով անգամ չի անցել, որ Թուրքիան մեզ այդքան էժան կվաճառի: Նախագահ Գյուլը խոստացել էր ինձ, որ առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու: Նա ստել է ինձ, եւ ես նրան այլեւս չեմ հավատում»,- ասել է Ալիեւը: Այնուհետեւ Իլհամ Ալիեւն ամերիկացի դիվանագետներին պատմել է Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի` Ադրբեջան կատարած այցի մասին, որը Բաքվին պետք է համոզեր սահմանների բացման հարցում: Իր հերթին` Բաքուն Անկարա էր ուղարկել փոխարտգործնախարար Արազ Ազիմովին` տվյալ հարցում համատեղ ռազմավարություն մշակելու համար, սակայն Ազիմովն Անկարայից երկու անգամ վերադարձել է ձեռնունայն: «Թուրքիան պատմական սխալ է գործում, որը երբեք չի մոռացվի: Մեր հարաբերությունները երբեք նախկինի պես չեն լինելու: Մենք այլեւս մեկ ազգ չենք եւ երբեք այդպիսին չենք լինի»,- ասել է Ալիեւը` ընդգծելով, որ երկու երկրների միջեւ կավարտվի էներգետիկ համագործակցությունը, եւ Թուրքիան կկորցնի թյուրքական աշխարհի համերաշխությունը: Ալիեւն ասել է, որ դավաճանություն է զգում Գյուլի եւ Էրդողանի կողմից, եւ անիմաստ է նման պայմաններում այցելել Ստամբուլ: Բրայզան առաջարկել է Ալիեւին այդ բոլոր հարցերը քննարկել ԱՄՆ բարձր ղեկավարության հետ, սակայն Ալիեւն ասել է, որ Բաքուն կհամաձայնի սահմանների բացմանի միայն մեկ պայմանով, եթե Հայաստանը որպես բարի կամքի դրսեւորում` ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանները, խնդրի կարգավորման գործընթացը շարունակվի: Ի պատասխան` Բրայզան ասել է, որ կողմերը շատ դժվար եւ երկար են համաձայնեցնում թեմաներն ու օրակարգը, եւ շատ բարդ է նման իրավիճակում հասնել 5 շրջանների ազատմանը:
Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշվում է նաեւ, որ Բաքվում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըչը շատ է վշտացել` տեղեկանալով Ալիեւի` հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելու պահանջի եւ Ստամբուլ չմեկնելու որոշման վերահաստատման մասին: