Մարզերի ուսանողները բողոքում են ուղեւորավարձերից

15/09/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկու ամսից ավելի է, ինչ Երեւանի կենտրոնական հատվածներում այլեւս արգելվել է մերձքաղաքային ուղեւորատար տրանսպորտային միջոցների կայանումը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, մշակել է Երեւանի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու ծրագիր, որի բաղադրիչներից մեկն էլ մարզային տրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղաշարժն էր: Համաձայն ծրագրի՝ Երեւան մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն մայրաքաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում: Այսինքն՝ եթե նախկինում Արտաշատ, Վեդի եւ Արարատի մարզի այլ գյուղեր ուղղություններով միկրոավտոբուսները կայանում էին նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, ապա այսօր այդ ուղղություններով միկրոավտոբուսներն ու տաքսիները տեղափոխվել են Երեւանի կայարանամերձ հրապարակ: Արմավիրի մարզի գյուղերից Երեւան եկող միկրոավտոբուսները մինչ Երեւանի քաղաքապետի այս որոշումը ուսանողությանը հասցնում էին մինչեւ Խաչատուր Աբովյանի անվան պուրակ, որտեղից նրանք հասնում էին համապատասխան բուհեր: Այսօր, սակայն, այդ միկրոավտոբուսների վերջին կանգառը Ավտոկայարանն է: Ամռան ամիսներին քաղաքապետի ընդունած որոշումը, թերեւս, այդչափ բողոքների ու դժգոհությունների տեղիք չտվեց, որքան սեպտեմբերյան այս օրերին, երբ սկսվել է ուսումնական տարին: «3 տարի մենք իջնում էինք «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, այսինքն՝ 250 դրամով հասնում էինք «Ռոսիա», որտեղից ոտքով գնում էինք համալսարան»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց արտաշատցի ուսանողուհիներից մեկը, ով սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նրա փոխանցմամբ՝ եթե նախկինում օրական ծախսում էր 500 դրամ, ապա այսօր՝ 700 դրամ: Ուսանողուհու խոսքով՝ մարզերից եկած ուսանողների համար մեծ գումար է անգամ 200 դրամը: Արտաշատցի ուսանողների հավաստմամբ՝ այսօր ուսանողներից շատերը ստիպված չեն գնում դասի: Հարցին, թե իրենց դժգոհությունների մասին հայտնե՞լ են որեւէ մեկին, ուսանողները պատասխանեցին. «Տեղ չկա բողոքելու, կոնկրետ մի մարդ չկա, որ դիմենք էդ հարցով»: «Բոլորն էլ բողոքում են, բայց ամեն մարդ իր մեջ ա պահում բողոքը»,- նկատեց մեկ այլ ուսանող՝ փորձելով մի կերպ բարձրանալ երթուղային տաքսի: Հատկապես կեսօրին բավական դժվար է միկրավտոբուսի մեջ «տեղավորվելը», որի դռան մոտ տասնյակ ուսանողներ են հավաքվում: Երիտասարդները, որոնց դեմքին դրոշմվել է հոգնությունն ու հոգսաշատությունը, լուռ հարմարվել են իրավիճակին: Ստեղծված իրավիճակն առավել բնութագրական է դարձնում այն վայրը, որտեղ այսօր կայանում են միկրավտոբուսները: Դժվար է պատկերացնել, թե քաղաքակիրթ ո՞ր երկրում են մարդիկ ամեն օր կայանատեղի հասնում աղբի, «բուդկա»-խանութների կամ խանութների վերածված բեռնատար մեքենայի խցիկների միջով: Պատկերն առավել ամբողջական է դարձնում «բուդկա»-խանութներից հնչող ռաբիս երաժշտությունը: «Դե, ասում են՝ Երեւանը գեղեցկացնում են, ասում են, իսկ ո՞ւմ հաշվին՝ ժողովրդի հաշվին»,- ասաց ուսանողներից մեկը՝ կրկին խոսելով այն ուսանողների մասին, ովքեր փաստացի դառնում են մայրաքաղաքի գեղեցկացման զոհեր:

Երեկ մենք փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Երեւանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ իրենք հարցերին կպատասխանեն միայն գրավոր տարբերակով, իսկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ իրենք ստացել են արձագանքները, դժգոհությունները, եւ հարցի հասունացման դեպքում իրենք կքննարկեն այն: Ըստ Պ. Դեմիրճյանի՝ հարցի լուծումներից մեկը քաղաքի ներսում կանգառների սահմանումն էր: «Քաղաքի ներսում սահմանվեցին 3 կանգառներ, որպեսզի մարդիկ կարողանան իջնել կենտրոնում, եւ գնան իրենց հասանելի տեղը, ուր ցանկանում են գնալ»,- նշեց նախարարության աշխատակիցը: Մեր հարցին, թե նախարարությունն արդյոք պատրաստվո՞ւմ է վերանայել վարձավճարները, քանի որ ուսանողներից շատերն այսօր հնարավորություն չունեն օրական 200 դրամ ավելի վճարել երթեւեկության համար, Պ. Դեմիրճյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է վճարներին, իմ կարծիքով՝ այդտեղ խնդիր կա, քանի որ դրանք մրցույթով հաստատված երթուղիներ են, վճարներ են ֆիքսվում, եւ այլն, այսինքն՝ վերանայման հարց կա, եթե տեսնեն, որ դրա անհրաժեշտությունը կա: Բայց կարծում եմ, որ կանգառների սահմանումով հարցն ինչ-որ տեղ լուծում ստացել է, որովհետեւ մարդը բողոքում էր, որ մի ծայրից գնում է մինչեւ մյուս ծայրը եւ չի կարողանում իջնել կենտրոնում, հիմա սահմանված է առնվազն 3 կանգառ»: Մեր այն դիտարկմանը, թե երթուղիների գծատերերի տրամադրությունի՞ց է կախված ուղեւորավարձի վերանայումը, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց. «Կան նրանց վերահսկող մարմիններ` քաղաքում` քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է, նախարարությունն է` իր համապատասխան կառույցներով, որոնք հետեւում են պրոցեսին, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, կարող են առաջարկել, որպեսզի փոփոխություններ կատարվեն, թե չէ` պայմանագրերով հաստատված են դրանք, չես կարող ինչ-որ մեկին պարտադրել: Ուրիշ հարց՝ եթե ինքը խախտի: Բայց այդ կանգառների հարցը ինչ-որ տեղ հարցը լուծում է, եւ եթե դու հնարավորություն ունես քաղաքում 3 տեղ իջնելու ցանկացած տեղ, հիմա կարող է մի տասը քայլ էլ հեռու լինել այդտեղից»: Առհասարակ, որեւէ նորմալ երկրում, քաղաքում որեւէ որոշում կայացնելիս, օրենք գրելիս` առաջին հերթին հաշվի են առնում մարդուն, քաղաքացուն, երկրի առջեւ կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեզանում բոլորովին հակառակն է: Քաղաքային իշխանությունները որեւէ որոշում կայացնելիս` առաջնորդվում են իրենց ճաշակին-էսթետիկայի ընկալումներին համապատասխան «դիզայներական» մղումներով: Բոլորը հանկարծ սկսել են մտածել քաղաքի «գեղեցկության» մասին` մոռանալով քաղաքացու եւ նրա կարիքների մասին: Ասում ես` սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում ուսանողը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գյուղից, մարզից քաղաք գալ` դասերին մասնակցելու, ասում են` քաղաքն ենք գեղեցկացնում: Դեռ մի բան էլ «լավություն արած» են համարում, որ մարզերից եկած բնակիչներին թույլատրել են 3 տեղ կանգառել: