Խեղճ Աղասի Այվազյան

15/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ մեր թերթի խմբագրություն էր այցելել Արաբկիր վարչական շրջանի Քեռու փողոցի 79ա հասցեի բնակչուհի Անահիտ Տերտերյանը եւ խնդրում էր հրապարակել, որ մեծանուն գրող Աղասի Այվազյանի կինը` Գրետա Վերդիյանն, օգտագործելով ամուսնու հեղինակությունը` պետական կառույցների միջամտությամբ տիրացել է իր հողատարածքին:

Նա պնդում է (նաեւ փաստաթղթեր է ներկայացրել), որ Գ. Վերդիյանն օգտագործելով իր կապերը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության, Կադաստրի պետական կոմիտեի հետ կեղծ գործարքներ կնքելով` ապօրինաբար տիրացել է իր ընտանիքին պատկանող Քեռու 79ա հասցեի 560քմ կազմող հողատարածքից 100քմ տարածքին: Հողային այս վեճը, որը հետագայում տեղափոխվել է Ոստիկանություն, այնուհետեւ քրեական գործի ելք է ունեցել, գուցե չարժեր հրապարակել` հարգելով հասարակության կողմից մեծ սեր վայելող Ա. Այվազյանի հիշատակը: Սակայն Ա. Տերտերյանը հավատացնում է, որ որեւէ պետական ատյան չի փորձում այս խնդրին ընթացք տալ եւ պատշաճ ուսումնասիրություն կատարել: «Էլ ո՞ւմ դուռը թակեմ, ասեք, խնդրում եմ: Եթե ես հանրաճանաչ ամուսին չունեմ, որի անունը օգտագործեմ, եթե փող ու պաշտոն չունեմ, ուրեմն` ի՞նչ, իմ ընտանիքին պիտի տրորելով անցնե՞ն: Որեւէ մեկը կարո՞ղ է պաշտպանել իմ իրավունքը: Ի վերջո, օրինականությունն ո՞ւմ կողմից է` շարքային քաղաքացու, որը օրենք չի՞ խախտել, թե՞ մի մարդու, որն ամեն պատեհ-անպատեհ առիթով օգտագործելով Ա. Այվազյանի անունը` ագահությունից տարածքներ է, որ զավթում է, ու չի կշտանում»,- վրդովված ասում է Ա. Տերտերյանը` մեզ ներկայացնելով Երեւանի նախկին ու ներկա քաղաքապետերին ուղղած բազմաթիվ դիմում-բողոքները, որի պատասխաններն այդպես էլ չի ստացել: 2001թ. Տերտերյանների ընտանիքը ծանոթացել է Գ. Վերդիյանի առաջին ամուսնուց (այսինքն` ոչ Ա. Այվազյանի) դստեր` Կարինե Վերդիյանի, եւ նրա ամուսնու` Պետրին Կոսմոլի հետ: Ի դեպ, ամուսինները Գերմանիայի քաղաքացիներ են եւ այդ երկրում են բնակվում, բայց հաճախակի այցելում են Հայաստան: Այնպես է ստացվել, որ Կ. Վերդիյանը եւ Պ. Կոսմոլը շատ են հավանել Ա. Տերտերյանի ամուսնու ծնողներից ժառանգություն ստացած տունը, որը գտնվում է Քեռու 79 հասցեում: Տերտերյանները բնակվում են իրենց որդու` Խաչատուր Տերտերյանի անվամբ Քեռու 79ա տանը, իսկ Նշան Տերտերյանի (Ա. Տերտերյանի ամուսինը) ժառանգություն ստացած տունը` նույն փողոցի հակառակ կողմում` Քեռու 79 հասցեում է: Այլ կերպ ասած` այս երկու տները գտնվում են բավականին տարածությամբ հեռավորության վրա: «Մենք նպատակ չունեինք այդ տունը վաճառելու, այսինքն` ոչ հայտարարություն ենք տվել, ոչ էլ նման մտադրություն ենք ունեցել: Նրանք պարզապես խնդրելով մեզ առաջարկեցին Քեռու 79 տունը վաճառել իրենց: Կ. Վերդիյանի հետ մենք շատ լավ հարաբերություններ ստեղծեցինք, հարազատների նման, այցելում էին, նրանց երեխան հաճախակի մեր տան բացատում խաղում էր, որտեղ պտղատու ծառեր ունենք, եւ գեղեցիկ կանաչապատ տարածք է: Մի խոսքով` բարեկամացանք, իսկ տունն էլ որոշեցինք վաճառել»,- պատմում է Ա. Տերտերյանը, ում Կ. Վերդիյանը տեղեկացրել է, որ իրենք մեկնում են Գերմանիա, բայց մորը` Գ. Վերդիյանին լիազորել է տան առուվաճառքի փաստաթղթերով զբաղվել: Ըստ Ա. Տերտերյանի` Գ. Վերդիյանն էլ որպես վստահված անձ` աղջկա եւ փեսայի անունով տունը գրանցելու փոխարեն` գրանցել է իր անվամբ. «Նրա փեսան շատ զայրացավ մեզ վրա` ասելով, որ` իմ գնած տունն ինչո՞ւ եք թույլ տվել, որ նա իր անունով գրանցի: Փեսայի բարկությունից հետո նա ստիպված նվիրատվություն կատարեց, այսինքն` փեսայի գնած տունը նվիրեց նրան եւ աղջկան` հավասար մասնաբաժիններով»: Ինչեւէ, տան վերանորոգման աշխատանքներով երեք տարի շարունակ զբաղվել է Գ. Վերդիյանը, քանի որ աղջիկն ու փեսան բնակվում են Գերմանիայում: Երկհարկանի տունը դարձրել է եռահարկ, որի իրավունքն ունեցել է եւ ամեն ինչ կատարել է օրենքի սահմաններում: Ա. Տերտերյանը վստահեցնում է, որ գործարքից հետո իր ընտանիքը Գ. Վերդիյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել, սակայն նրա փեսայի զայրույթից հետո նա սկսել է շատ կոպիտ վերաբերվել Տերտերյաններին: «Եղավ մի պահ, որ նրանց շինանյութը մենք թույլ տվեցինք ի պահ տալ մեր բակում, քանի որ իրենք բակ չունեին: Դա արեցինք` ելնելով Կ. Վերդիյանի հանդեպ ունեցած մեր հարգանքից: Շինարարական աշխատանքների երեք տարվա ընթացքում պատահում էր, որ Կ. Վերդիյանի երեխան գալիս էր մեր բակ` կանաչապատ տարածքում ժամանակ էր անցկացնում: Հետո նա առաջարկեց մեր պարսպապատ ճաղերը փոխել` վստահեցնելով, որ փողի խնդիր չունի: 2004թ. իրենց տուն գող էր մտել: Նրա թոռնիկը լավ վարք չուներ, եւ ամեն տեսակ մարդ էր մտնում իրենց տուն, ինչ-որ պրոդյուսեր է: Գողության դեպքից հետո մենք սկսեցինք վախենալ` հասկանալով, որ կարող է մեզ հետ էլ նման բան պատահել, եւ Գ. Վերդիյանի թոռանն արգելեցինք մեր բակ, այսինքն` բացատ գալ: Այդ արգելքից հետո այդ կինը խիստ զայրացավ»,- պատմում է Ա. Տերտերյանը` վստահեցնելով, որ Գ Վերդիյանն ամենուր հայտարարել է, թե ինքը սեփական դպրոցի տնօրեն է, սաներից ոմանք բարձրաստիճան ծնողներ ունեն. «Սկսեց ահաբեկումները, թե` սենց կանեմ, նենց կանեմ»: Այնուհետեւ Գ. Վերդիյանը հայտարարել է, որ իրենք գնել են այդ 100քմ կազմող բացատ-հողատարածքը, հետեւաբար տանտերերն իրավունք չունեն այդ տարածք մուտք գործելու որեւէ արգելք դնել. «Մեզ հայտարարեց, թե` դուք ժամանակին ձեր փաստաթղթերը չեք ձեւակերպել, եւ այս հողատարածքը պետական սեփականություն է հանդիսանում, ես այն գնել եմ: Բանից պարզվեց` մեր վաճառած տունը գնելուց հետո սա աչք է տնկել այն տան բակի վրա, որտեղ մենք բնակվում ենք, եւ որդուս է պատկանում: 100քմ տարածքը զավթելու համար սկսեց ոտնձգություններ կատարել»: Ա. Տերտերյանի հավաստմամբ` Գ. Վերդիյանը մշտապես իր ընտանիքին վախեցրել է ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներով: «Էս մի քանի տարվա մեջ էդքան պետական դռներ թակելուց համոզվեցինք, որ նա ճիշտ է: Փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի թոռը սովորում է Աղասի Այվազյանի անվան մասնավոր դպրոցում, որի տնօրենն է Գ. Վերդիյանը: Նրա հրահանգով նույնիսկ փոխոստիկանապետի թոռն է գալիս մեր հետ հաշիվ մաքրելու: Երբ դիմում ես Ոստիկանություն` շատ սահուն ձեւերով գործը փակում են: Ծեծկռտուք է հրահրել, անգամ որպես տուժող` բժշկական փորձաքննության եզրակացություններն եմ ներկայացրել Ոստիկանություն, բայց ո՞նց կարող են ընթացք տալ, երբ Աֆյանի թոռն իր սանն է»,- բարկացած ասում է Ա. Տերտերյանը:

Եթե պետք է` պետական սեփականություն էլ կհամարվի

Անդրադառնալով իրավական հիմնավորումներին` նշենք, որ Տերտերյանների ընտանիքը Քեռու փողոցի 79ա տանը, որը զբաղեցնում է 560քմ, բնակվում է 1961 թ.-ից: Ա. Տերտերյանը մատնանշում է տասնյակ տարիների կոմունալ եւ հողահարկի վճարումների կտրոնները: Մեր ձեռքի տակ է գտնվում ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված 2009թ. մի գրություն, որտեղ արձանագրված է` «Խաչատուր Նշանի Տերտերյանի անվամբ ք. Երեւան, Արաբկիր 26 փող. թիվ 79ա տան նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք»: Ավելին` 2008թ. մայիսի 23 ամսաթվով մի գրություն էլ տրամադրել է Կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը` «Կադաստրային գործի ուսումնասիրությունից եւ կատարված տեղազննությունից պարզվել է հետեւյալը. Քեռու փող. թիվ 79ա տան 560.0քմ հողամասի վրա կազմող 100.0քմ. հողատարածքի նկատմամբ Գրետա Վերդիյանի անվամբ իրավունքի պետական գրանցում առկա չէ: Ներկայումս ամբողջ հողամասը օգտագործվում է Տերտերյանների կողմից»: Մեր ձեռքի տակ են գտնվում նաեւ Երքաղխորհրդի գործկոմի նախագահի կողմից տրված փաստաթղթեր, որտեղ նույնպես հաստատված է Տերտերյանների կողմից 1961 թ.-ից 560.0քմ-ն տիրապետելու փաստը: Այլ կերպ ասած` հողօգտագործողի կողմից վերոնշյալ տարածքը տիրապետելու փաստաթղթերը պահպանվում են ինչպես վարչական շրջանի արխիվային փաստաթղթերում, Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ` կադաստրային պահոցներում: Այդ մասին վկայություններ են տվել նաեւ տարածքի բնակիչները, որոնք Գ. Վերդիյանին երբեւէ չեն տեսել եւ չեն էլ ճանաչում: «Քեռու փ. 79ա հասցեի կադաստրային գործում Գ. Վերդիյանի կողմից կառուցված շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր առկա չեն»,- արձանագրված է Կադաստրի պետական կոմիտեի նախկին տեղակալ Ա. Մուսայանի կողմից տրված գրության մեջ: Մինչդեռ գործի ընթացքը փոխում է շատ կարեւոր մի հանգամանք, որի վրա, ի դեպ, գրչի հարվածներով խաղալով կարելի է ոչ միայն այդ 100քմ-ն ճանաչել Գ. Վերդիյանի սեփականությունը, այլեւ` Տերտերյանների տունը: ՀՀ Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննելով Գ. Վերդիյանի հայցը, թեեւ արձանագրել է, որ Տերտերյանների զբաղեցրած 79ա տան տեխնիկական անձնագիրը, հատակագիծը եւ վկայագիրը կա, այդուհանդերձ վերջիններս ինքնակամ կառուցված տան օրինականացման հարցերով չեն զբաղվել, հետեւաբար կարելի է դրանից կառչել: «Անօրինական շինությունն օրինական ճանաչելու մասին» ակտը անվավեր ճանաչելու պատրվակով այս քաղաքացիների 100քմ հողատարածքը դատարանը ճանաչել է Գ. Վերդիյանի անվամբ սեփականաշնորհման ենթակա, իսկ մնացածը դատարանը հավանաբար խնայելով թողել է տանտերերին։ «Այնպես ստացվեց, որ տարիներ առաջ, երբ դիմեցինք կադաստրային մարմիններին մեր ինքնակամն օրինականացնելու խնդրանքով, մեզնից, 500 դոլար կաշառք ուզեցին: Փող չունեինք, դրա համար էլ ձգձգվեց: Հետո տղաս գնաց Ռուսաստան, ու քանի որ տունն իր անվամբ է` չկարողացանք նորից դիմել, քանի որ ինքը պետք է ներկայանա»,- ասում է Ա. Տերտերյանը` վստահեցնելով, որ Գ. Վերդիյանի կողմից դատարան է ներկայացվել, իր ասելով, կեղծ փաստաթուղթ, ըստ որի` ամուսինն իր համաձայնությունը տվել է 100քմ-ն իրեն փոխանցելու համար, ինչի համար Գ. Վերդիյանը գումար է վճարել: Սակայն որի գրավոր փաստը գոյություն չունի նույնիսկ դատական արձանագրությունների մեջ: Ինչեւէ, վիճելի տարածքը համարվել է պետական սեփականություն, որն էլ հանձնվել է Գ. Վերդիյանի օգտագործմանը: Դատարանը բավարարել է Գ. Վերդիյանի հայցը: Երեկ մենք զանգահարեցինք Գ. Վերդիյանին եւ փորձեցինք պարզաբանում ստանալ այս խնդրի կապակցությամբ: «Նրանք բանդիտներ են, որոնք զավթելով պետական սեփականությունը` հիմա էլ այլ քայլերի են դիմում: Դա եղել է պետական սեփականություն, որը ես գնել եմ»,- ասաց Գ. Վերդիյանը: Սակայն հետաքրքիր է, եթե պետական սեփականություն է, ապա ինչո՞ւ է պնդում, որ այդ հողատարածքը գնել է Տերտերյաններից: Չէ՞ որ տվյալ դեպքում պետք է գներ պետությունից: Մենք տեղեկացրինք, որ մեր ձեռքի տակ են գտնվում արխիվային այնպիսի փաստաթղթեր, ըստ որոնց` 1961թ.-ից Տերտերյանների ընտանիքը տիրապետում է 560.0քմ հողատարածքը: «Իսկ դուք ուրիշ փաստաթղթեր չե՞ք տեսել, որոնք հակառակն են ապացուցում»,- հարցրեց նա: «Այո՛, տեսել ենք դատարանի վճիռը, գործի ընթացքը կտրուկ փոխվել է շահարկելով ինքնակամ կառույցի օրինականացման ժամկետի լրանալը: Բոլորս գիտենք, թե դատարաններն ինչպես կարող են գործի էությունը փոխելով վճիռ կայացնել հօգուտ շահագրգիռ անձի»: «Իսկապե՞ս, արդեն պարզ է ձեր տրամադրվածությունը: Ինչպես հասկացել եք` այնպես էլ` գրեք»,- կտրուկ ասաց Գ. Վերդիյանը` թույլ չտալով շարունակել: Մենք ընդամենը փորձեցինք հակափաստարկներ ներկայացնել, որոնք այդ պահին գտնվում էին մեր ձեռքի տակ, իսկ, եթե Գ. Վերդիյանը դրանց «դիմադրելու» փորձ չարեց, ուրեմն… Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել նաեւ նրա փաստարկները, երբ տիկինը պատրաստ կլինի դրան:

ԿԳՆ-ն Գ. Վերդիյանի տնօրինած Ա. Այվազյանի անվան դպրոցում խախտումներ է հայտնաբերել

«Կարինե Վերդիյանը դեռ այն ժամանակ ինձ ասաց` եթե ատեստատ կամ դիպլոմ պետք գա` ինձ կասես, ոչ մի խնդիր չի լինի: Կարող են ամեն ինչ ծախել: Իրենք ոչ մի խնդիր չունեն, ամեն ինչ կեղծ ճանապարհով կարող են ձեռք բերել, ընդհուպ` մինչեւ անգամ ուրիշի ունեցվածքը»,- մեզ հետ զրույցում ասում էր Ա. Տերտերյանը` վստահեցնելով, որ մայր ու աղջիկ Աղասի Այվազյանի անվան դպրոցը շահարկելով` նույնիսկ ծախում են այդ հանճարեղ մարդու անունը: Ի դեպ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) հունիսի 18-ին մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «Աղասի Այվազյան» ՍՊԸ-ն չի ապահովում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հանրակրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները եւ չի կարող ուսուցման համապատասխան որակ ապահովել դպրոցում սովորող աշակերտների համար` դրանով իսկ խախտելով աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքը»: ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 12-ի N 125-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովն ապրիլի 25-ին եւ 26-ին ստուգում է իրականացրել «Աղասի Այվազյան» ՍՊԸ-ի հանրակրթական ծրագրերով կրթական գործունեության լիցենզիաների պարտադիր պահանջների եւ պայմանների պահպանման նպատակով: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ, որում արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես կատարվել է անվան փոփոխություն: Սկզբում դպրոցը կրել է Աղասի Այվազյանի անունը, իսկ այնուհետեւ գրանցվել է որպես «Գրետա Վերդիյան» մասնավոր դպրոց ՍՊԸ եւ հայտ չի ներկայացրել, ինչը «Լիցենզավորման մասին» օրենքի խախտում է: ՍՊԸ-ն, ըստ նախարարության, իրականացնում է նաեւ տարրական հանրակրթական ծրագիր առանց լիցենզիայի` խախտելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, դպրոցը նաեւ չի բավարարում հիմնական մանկավարժական կազմի պահանջը, ինչպես նաեւ` դասասենյակների, դասարան-խաղասենյակների, հանգստի սենյակի, ձեռքի աշխատանքի սենյակի, մարզադահլիճի, ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը, ինչպես նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը, 2011 թվականի մայիսի 20-ին կայացած նիստի ընթացքում որոշում է կայացվել դպրոցին տրամադրել երկամսյա ժամկետ խախտումների վերացման վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու համար: «Ինչ վերաբերում է հեղինակային դպրոցին, ապա նման հասկացություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հեղինակային կրթական ծրագիր հասկացություն, որը այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ է, եւ հաստատումը վերապահված է կրթության կառավարման լիազոր մարմնին: Տվյալ ընկերությունն առայսօր նախարարության հաստատմանը չի ներկայացրել նման հեղինակային ծրագիր»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: