28-ամյա Խորեն Գասպարյանը, որ մեղադրվում է ամերիկյան «Medicare» բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու համար, ԱՄՆ-ում դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել: Ամերիկյան Jacksonville.com կայքի փոխանցմամբ` Խ.Գասպարյանը խոստովանել է, որ համագործակցել է նույն գործի շրջանակում մեղադրվող Արթուր Մանասարյանի հետ: Նա հայտնել է, որ զեղծարարություններն իրականացրել է 2009թ. ստեղծած կեղծ ընկերության միջոցով: Գասպարյանին 20 տարվա ազատազրկում եւ 250.000 դոլար տուգանք է սպառնում: Մեկ ամիս առաջ իր մեղքը ընդունեց նաեւ Մանասարյանը` առողջապահության ոլորտում խարդախության եւ անձնական տվյալների գողության համար: Նրան 12 տարվա ազատազրկում եւ 500.000 դոլար տուգանք է սպառնում: Մանասարյանից հետո իրեն մեղավոր ճանաչեց հայազգի մեկ այլ ներկայացուցիչ եւս` Սահակ Թումանյանը: Նրան էլ մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ մինչեւ 500.000 դոլար տուգանք է սպառնում: Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նույն գործի շրջանակում փնտրում է 57-ամյա Գեղամ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում: Ձերբակալվածների թվում էին նաեւ հայեր, ինչպես նաեւ` հետխորհրդային երկրների այլ ներկայացուցիչներ։ Խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը (մականունը` Պզո)։ Խմբավորումը գրանցել է մի քանի գոյություն չունեցող կլինիկաներ եւ այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Հանցավոր խմբի անդամներն օգտագործել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ` հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցրած վնասը գնահատվում է 163 մլն դոլար: Առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք ներկայացվեց, ձերբակալված է նաեւ Պզոն: Հունիսի սկզբին Պզոն եւս իրեն մեղավոր ճանաչեց` խոշոր չափերի խարդախության համար: Որոշ տեղեկություններով` Պզոյին մինչեւ 37 ամսվա ազատազրկում է սպառնում, որից հետո նրան կվտարեն ԱՄՆ-ից: