«Նեզավիսիմայա գազետան»` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կատարելիք այցելությանը, գրել է, թե` ճիշտ է, դեռեւս այցի կոնկրետ ամսաթվի մասին առայժմ ոչինչ հայտարարված չէ, սակայն դատելով հարավկովկասյան երեք երկրների մայրաքաղաքների մեկնաբանություններից` կարելի է ասել, որ Անդրկովկասում կարեւորում են Սարկոզիի այցը: «Թբիլիսիի եւ Բաքվի հետ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է. Վրաստանը կբողոքի Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնությունը խախտող Ռուսաստանից, ըստ որի` նախատեսվում է զորամիավորումները հետ քաշել մինչեւ 2008թ. գոյություն ունեցող դիրքերը: Եվ, իհարկե, կհիշեցնի հյուրին Վրաստանի` եվրոպական կառույցներին ինտեգրվելու առնչությամբ տված խոստումների մասին»,- գրում է թերթը: «Ադրբեջանը նույնպես կբողոքի Ռուսաստանից, որը, հանդես գալով խաղաղարարական առաքելությամբ, Բաքվի կարծիքով, չի կարողանում (չի ցանկանում) Հայաստանին ստիպել զիջումների գնալ: Ադրբեջանը նշել է փոփոխությունների անհրաժեշտության մասին եւ, հավանաբար, դեմ չի լինի, եթե նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի Ֆրանսիան, որը պատրաստ է եռակողմ բանակցային ձեւաչափում փոխարինել Ռուսաստանին։ Փարիզը եղբայրական Անկարան չէ, սակայն ավելի վատ չի լինի։ Բացի այդ, նրան կարելի է ինչ-որ բան խոստանալ կասպյան պաշարներից, այն դեպքում, երբ տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց Մոսկվային ցանկացած քանակությամբ պաշարների տրամադրման խոստումների դեպքում գործը տեղից չշարժվեց»,- ընդգծել է հոդվածագիրը: Նշելով, թե առայժմ հայտնի չէ` Սարկոզիի այցի ընթացքում ինչի՞ մասին են խոսելու Փարիզն ու Երեւանը, թերթը գրում է. «Իսկ թե ի՞նչ կլինի Երեւանում, առայժմ մշուշոտ է: Ֆրանսիան միջազգային ասպարեզում Հայաստանի մոտ գործընկերն է Ռուսաստանից հետո: Սակայն վերջերս հարաբերությունները ենթարկվեցին փորձության. հակառակ Ֆրանսիայի հայ համայնքի հետ ձեռք բերված համաձայնությանը` Սարկոզին հանկարծ սկսեց անել հնարավորը Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տապալելու համար։ Հարվածը հասցվեց այն պահին, երբ Ռուսաստանն իր ձեռքն էր վերցրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը: Իսկ դա կարող էր ակնարկ լինել Երեւանին նման սցենարի անցանկալիության մասին: Հայաստանն սկսեց դիսկոմֆորտ զգալ»: Թերթը, հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին վերլուծելով Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունները, ենթադրում է, որ Սարկոզիի այցի ժամանակ Երեւանը կհիշի կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին: «Չի բացառվում, որ Երեւանը «հիշի» պետական հայեցակարգում ընդգրկված Ֆրանսիային «ուղղված» կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին, որը, ինչպե՞ս նշվել է, դեմ չէ զբաղվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ` տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու միջոցով»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: