Աբովյանի պուրակը վերածվել է զուգարանի

14/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան պուրակի հարեւանությամբ գտնվող այգին վերածվել է իսկական քաղաքային զուգարանի: Բանն այն է, որ պուրակի մոտ, դիսպետչերական կետում կայանում են Չարենցավան եւ Օդանավակայան տանող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:

Նախկինում այդ տարածքում քաղաքային զուգարան կար, որը հատուկ նախատեսված էր երկար ճանապարհ գնացող ուղեւորների եւ վարորդների համար: Զուգարանի տարածքը, սակայն, վաճառվել է անհայտ մի անձի, որն էլ այն քանդել եւ սրճարան է կառուցել: Փաստորեն, հիմա ուղեւորներն ու վարորդները բնական կարիք ունենալիս ստիպված են սրճարանում ինչ-որ բան պատվիրել, որպեսզի թողնեն օգտվել այդ զուգարանից: Իսկ ովքեր գումար չունեն, բնական կարիքները հոգում են հենց այգում: 60 համարի երթուղային տաքսիների վարորդները վկայում են, որ այգու գարշահոտությունից չեն կարողանում իրենց ուղեւորության վերջնակետում իջնել ու մաքուր օդ շնչել: «Մենք գոնե ուղեւորության մեր մյուս վերջնակետում զուգարան ունենք եւ այնտեղից ենք օգտվում, բայց էս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, երկար ճանապարհ են գնում, հո չե՞ն կարող օրգանիզմին հրամայել: Մարդիկ կան, ովքեր գալիս են Երեւան, դրսում են անցկացնում ամբողջ օրը ու բնական է, որ զուգարանի կարիք կունենան: Ինչպե՞ս մեղադրես, ասես՝ մի՞ արա: Առաջ քաղաքային զուգարաններ կային: Ամբողջ աշխարհում, ամեն քայլափոխի զուգարան կա, բայց մեր մոտ այգիներում ու պատի տակ են դա անում»,- ասում են վարորդները: Խ. Աբովյանի անվան պուրակ գալիս են նաեւ զբոսաշրջիկներ, սակայն գարշահոտության պատճառով անմիջապես հեռանում են:

Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը «այգում միզելը» հասարակական խախտում համարեց եւ հավելեց, որ նորմալ մարդն իրեն այդպիսի բան չպետք է թույլ տա: Դա բոլորին էլ պարզ է, բայց երկար ճանապարհ ուղեւորվող մարդիկ ինչպե՞ս կամ որտե՞ղ հոգան իրենց բնական կարիքները, եթե զուգարան չկա. «Դե դուք երեւի պիտի դիմեք Կենտրոնի թաղապետարան, կամ էլ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության բաժին»,- ասաց Կոսեմյանը: Կենտրոն թաղապետարանի Կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Գալուստ Սարգսյանն էլ իր հերթին դատապարտեց քաղաքացիներին, ասելով, թե այդ գործողությունն անում են նույնիսկ շենքերի մուտքերում: Թաղապետարանը ստիպված մուտքերի նկուղներում կողպեքներ է տեղադրել, որպեսզի այդ տարածքները զուգարանի տեղ չօգտագործվեն: «Եվրախորհուրդ ենք մտել, մարդիկ ուր պատահի այդ գործողությունն անամոթաբար անում են»,- ասաց նա: Այդ դեպքում ինչո՞ւ են զուգարանը վերածել սրճարանի՝ մեր հարցին պետի տեղակալը պատասխանեց. «Ես ի՞նչ գիտեմ` ինչի՞, քաղաքապետարանից իմացեք, թե ինչի են սրճարան սարքել, հողահատկացումներն իրենք են անում, դա մեր իրավասության մեջ չի մտնում»: Կենտրոն թաղապետարանի Առեւտրի եւ սպասարկման բաժնից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ո՞ւմ է պատկանում այդ սրճարանը: Պարզվեց, որ սեփականատիրոջ անունն արձանագրված չէ, իսկ տարածքը պատկանում է «Էլ» ՍՊԸ-ին: Այնինչ, պուրակի մոտ տեղադրված ցուցանակում գրված է, որ Երեւանի քաղաքապետի 2002թ. որոշումով պատվիրատու «Սամարտ» ՍՊԸ-ն պետք է 970քմ տարածքում սրճարան կառուցեր: Մինչ օրս չի կառուցվել: Ինչո՞ւ քաղաքապետարանը չի վերահսկում կառուցապատումն ավարտելու իր իսկ սահմանած ժամկետները: Այդուհանդերձ, քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության բաժնից էլ մեզ խորհուրդ տվեցին դիմել Կենտրոն թաղապետարան: «Դե, մենք դրա հետ էդքան կապ չունենք, դիմեք թաղապետարան,- ասաց բաժնի աշխատակիցը: Իսկ երբ ասացի, որ դիմել եմ, եւ թաղապետարանը համարում է, որ դա քաղաքապետարանի խնդիրն է, վերջինս ամենատարբեր բաժինների անուններ թվարկելով` մեզ ուղղորդեց ուր ասես, մինչեւ անգամ` ճարտարապետի մոտ: Մի խոսքով, բոլորը սկսեցին մեղավորությունը միմյանց վրա գցել: Հիշեցնենք, որ Աբովյանի պուրակը պատկերված է Հայաստանի զբոսաշրջությունը քարոզող տեղեկատվական բուկլետներում եւ գրքերում: Կարելի է պատկերացնել, թե այգի եկող զբոսաշրջիկներն ինչ տպավորություններով են հեռանում Հայաստանից: