Հոկտեմբերի 8-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը: Պարզվում է` այդ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու ԼՂՀ հիմնախնդրի քննարկմանը, որի ժամանակ ելույթ են ունենալու ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էվթիմիուն, ԵԱՀԿ ԽՎ ԼՂՀ հարցով նոր զեկուցող Ժոաո Սուարեշը, Ադրբեջանի Մեջլիսի ԵԱՀԿ հարցերով հանձնաժողովի նախագահ Բահար Մուրատովան եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Այս նիստին հրավիրված են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համանախագահները: Ուշագրավն այն է, որ ՀՀ պատվիրակությունն այս մասին իմացել է ընդամենը երեկ` պաշտոնական նամակ ստանալով Պ. Էվթիմիուից: Իսկ թե ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն կամ Վիեննայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այս մասին չեն տեղեկացրել նախապես` հայտնի չէ: Մանավանդ, երբ ադրբեջանական մամուլը դեռեւս ամիսներ առաջ էր գրում, որ ԵԱՀԿ ԽՎ-ի առաջիկա նիստում ԼՂՀ հարցով քննարկում է տեղի ունենալու: Նշենք, որ այս քննարկման արդյունքում բանաձեւ չի ընդունվելու, ինչպես նաեւ քվեարկություն չի լինելու: