Սեպտեմբերի 2-ին ձեւավորված Ճապոնիայի նոր կառավարության անդամներից մեկը` Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Իոշիյո Խաչիրոն մեկ շաբաթ անց ազատվել է զբաղեցրած պաշտոնից անհաջող «կատակի» համար: «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանը շրջապատող գոտին, որն ուժեղ ռադիացիայի է ենթարկվել պայթյունի հետեւանքով, նախարարն անվանել է «ուրվականների քաղաք», ինչի արդյունքում նշանակումից 7 օր անց հրաժեշտ է տվել պաշտոնին: Զուգահեռը գուցե վիրավորական թվա ճապոնացիների համար, սակայն շատ տեղին է մեր իրականության պայմաններում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում Հայաստանից արտագաղթողների ծավալների ավելացման մասին հարցին ի պատասխան` ասել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»: Այդ` մեղմ ասած ոչ կոռեկտ արտահայտության նկատմամբ հասարակական ընդվզումներին եւ իր հրաժարականի մասին պահանջներին էլ հետեւեց Տ. Սարգսյանի ոչ պակաս անբռնազբոս պատասխանը` «կատակ էի անում»: Տ. Սարգսյանը, ինչպես հայտնի է, ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնպիսի կատակասիրությամբ շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, գյուղացիներին սովորեցնում է կով կթել, կուսակցականներին անդամատոմսեր է հանձնում եւ այլն: Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին պաշտոնանկ արեցին այն պատճառով, որ նա վարչապետ Տիգրան Սարգսյանին խաբել էր` մեկնելով Վրաստան` ասել էր, թե ինչ-որ գործերով մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Տեղեկանալով, որ իրեն խաբել են, Տ. Սարգսյանը սլացել էր նախագահի մոտ եւ պահանջել` կամ ես, կամ Ա. Քոչարյանը: Այսինքն` Տ. Սարգսյանն առանձնակի տհաճություն է զգում ստի ու կեղծիքի հանդեպգ երբ այն իր հանդեպ են կիրառում: Սակայն հասարակության ու պետության հետ ինքը նույն կերպ վարվում է, նրա ողջ տնտեսական քաղաքականության (եթե կարելի է այդպես անվանել) հիմքում ընկած է կեղծիքն ու դատարկաբանությունը: Ի դեպ, «Wikileaks»-ի կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերում էր 2008թ. ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությանը: «Առավոտ» թերթը ժամանակին գրել էր, թե ինչպես է մարզպետը ծեծի ենթարկել գորիսեցի 12-ամյա մի տղայի: Այդ ժամանակ վարչապետը ջղայնացել էր: Նա հեռուստաընկերությունների թղթակիցներին հրավիրեց եւ տեսախցիկների առջեւ կարգադրեց հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով իսկույն ճշտել տեղեկատվության հավաստիությունը: Հանձնաժողովը, ինչպես հայտնի է, անհապաղ ճշտեց, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Այդ «շոուից» որոշ ժամանակ անց, արդեն այս տարվա օգոստոսի 1-ին, վարչապետ Տ. Սարգսյանը Գորիսում մասնակցեց նույն մարզպետի` Լիսկայի ծննդյան 55-ամյակի արարողությանը: Իոշիյո Խաչիրոն, ինչպես ասում են, ղալաթ է արել: