Ո՞ւր է 50 միլիոնը

14/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ռադիոհայ» ռադիոկայանը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» դեմ բողոքով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: 1998թ. ստեղծվել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» (ՀՀԿ) ՓԲԸ-ն, որին տրամադրվել են անսահմանափակ լիազորություններ հեռահաղորդակցության ոլորտի վերահսկման եւ կարգավորման ասպարեզում, սկսած հեռուստառադիոեթերների հետ կապված բոլոր վճարումների գանձումից` մինչեւ պետության անունից այդ ոլորտում աշխատող ձեռնարկությունների վերահսկողության իրականացում: Մեջբերելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, համաձայն որի` հեռուստառադիոընկերությունների արտոնագրման եւ վերահսկողության գործառույթներն իրականացվում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից՝ «Ռադիոհայի» տնօրեն Արամ Մկրտչյանը վկայակոչում է, որ օրենքի ընդունումից հետո Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարտավոր էր վերանայել ՀՀԿ ՓԲԸ-ին տրամադրած լիազորությունները՝ ԶԼՄ-ներին վերաբերող մասով: Հակառակ դեպքում, 2000-ից առ այսօր հաճախականություններ ստացած բոլոր հեռուստառադիոընկերություններից ՀՀԿ ՓԲԸ-ն պարտադիր կերպով գանձել է վարձավճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք սահմանված չեն օրենսդրությամբ եւ ոչ էլ տրամադրվել են լրատվամիջոցներին: «Ցանկացած հեռարձակվող լրատվամիջոց, ազգային հանձնաժողովից ստանալով հաճախության արտոնագիր, պարտավոր է դիմել ՀՀԿ ՓԲԸ-ին` գրանցելու համար իր հաղորդակը, որպեսզի ստանա հաղորդակի շահագործման թույլտվություն,- բացատրում է Ա. Մկրտչյանը: -ՀՀԿ-ն պարտադրում է օգտվել իր ծառայությունների ցանկի հավելյալ ծառայություններից»: Օրինակ՝ վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային գրանցում եւ կոորդինացում` 300.000 դրամ, ռադիոհեռուստահաղորդիչ կայանների հաճախությունների ընտրություն եւ էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն` 1 մլն դրամ: Սակայն, ինչպես նշում է Ա. Մկրտչյանը՝ այս ծառայությունների դիմաց վճարում պահանջելով՝ ՀՀԿ-ն գումարներ է կորզում, որովհետեւ օրենքով այս գործողությունները կատարելը կենտրոնի պարտականությունն է ազգային հանձնաժողովի առջեւ: «Ռադիոհայի» տնօրենը հայտարարում է. «Յուրաքանչյուր հաղորդակի գրանցման եւ շահագործման իրավունք տալու համար ՀՀԿ-ն 20 ռադիոկայանից պահանջել է շուրջ 26 մլն դրամ: Խստորեն ոտնահարվում են ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ պետության շահերը նշված ոլորտում: Ո՞ւր են գնում կեղծ ծառայությունների դիմաց ՀՀԿ-ի կողմից հավաքագրվող գումարները»: Ա. Մկրտչյանը փաստում է, որ ՀՀԿ-ի գործողություններն ապօրինի են, իսկ ամենաուշագրավն այն է, որ 2000 թվից առ այսօր ՀՀԿ-ն ավելի քան 50 մլն դրամի չհիմնավորված եկամուտ է ունեցել: Հայաստանի 20 բնակավայրերում ռադիոհեռարձակում իրականացնելու արտոնագիր ստացած «Ռադիոհայ» ՍՊԸ-ն այս տարի դիմել է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ տեղեկացնելով ՀՀԿ-ի անօրինական վճարներ պահանջելու գործողությունների մասին: Դրանից հետո ՀՀԿ-ից Ա. Մկրտչյանին հրավիրել եւ տեղեկացրել են, թե բարեհոգաբար զիջում են 300.000 դրամը: «1 օրվա ընթացքում որոշվեց զիջել այն գումարը, որն ամրագրված է օրենքո՞վ, կառավարության որոշումներո՞ւմ: Մեզնից մի քանի օր առաջ դիմած մեկ այլ ռադիոկայանից այդ գումարը գանձվել է: Պետական լիազորություններ ունեցող մարմինը կարո՞ղ է այդպիսի զիջման գնալ»,- հարցնում է տնօրենը: