Ցայտնոտի մեջ են

13/09/2011

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ասել է, թե Կոնգրեսը ցայտնոտի մեջ է: «Ես կարծում եմ` ոչ թե հնարք էր, այլ պարզապես չունենալով որոշակի արգումենտներ` ցայտնոտի մեջ են եւ փորձում են պահել իրենց ընտրազանգվածը, որը ես բնական եմ համարում, որովհետեւ փորձելու են նաեւ խորհրդարանում տեղեր զբաղեցնել»: Նաեւ հավելել է. «Իսկ եթե ՀԱԿ-ը մտածում է` իմիտացիան էն տեղում պիտի հասցնի, որ երկիշխանություն է երկրում, եւ իշխանությունները հակված են անպայման, գիշերը քունը չի տանում իշխանությունների, որ պիտի երկխոսեն` դա այդպես չէ: Մենք երկխոսում ենք ամբողջ ճակատով` բոլոր կուսակցությունների հետ: Իսկ Ազգային ժողովն իրական երկխոսության ճամբարն է»: Գ. Սահակյանի համոզմամբ` երկխոսությունն առկախելու համար Տիգրան Առաքելյանի դեպքը հենց Հայ ազգային կոնգրեսի համար էր պատրվակ եւ, ըստ նրա` ընդդիմություն-իշխանություն երկխոսության ընդհատման համար մեղավոր է հենց ընդդիմությունը. «Խոսքը վերաբերում է արտահերթ ընտրություններին, դա իրենց ստեղծած փուչիկն է, եւ կանխազգալով, որ այն արգումենտները, որ իրենք են բերում, եւ լսելով նաեւ իշխանության տեսակետը, որը մինչեւ այսօր ըստ պայմանավորվածությունների չենք հրապարակել, իրենց փաստաթուղթը դառնալու է ծիծաղելի: Դրա համար առիթն օգտագործեցին ինչ-որ պայմաններ դնելու առումով»: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հնչեցված ելույթները հակասական էին. «Արդեն որոշակի իսկապես հակասությունների տեղիք տալիս է: Առաջին իսկ պահից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ է հակասություն: Իր (ՀԱԿ-ի առաջնորդի) իսկ ելույթի մեջ է կարծես թե հակասություն` մե՛կ պետություն է հզորացնում, մե՛կ պետություն է թուլացնում, մե՛կ հեղափոխությունը ասում է` «չենք անելու», բայց դե մարդկանց է հավաքում` ինչի՞ համար` մարդ չի հասկանում»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, թե` «Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից», Ա. Մարտիրոսյանը նշել է. «Այդ դեպքում` ինչո՞ւ սկսեցին երկխոսությունը, ինչո՞ւ էր գնում երկխոսության»: Ավելին` Ա. Մարտիրոսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե նույնիսկ հանրահավաքների ակտիվացման պարագայում ՀԱԿ-ին չի հաջողվի այլեւս երկրում իրավիճակ փոխել: