Սեպտեմբերի 9-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով առկախված երկխոսությանը` հայտարարեց, որ եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն ՀԱԿ ակտիվիստ, կալանավորված Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա իրենք «ստիպված են լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել Ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը) երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից»: «Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին»,- հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը:
Արդեն մեկ ամիս է, ինչ, ըստ էության, առկախված է Կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ սկսված երկխոսությունը, որը տեւել էր ընդամենը 20 օր, եւ դրա շրջանակներում կայացել էր 6 հանդիպում: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստների եւ ոստիկանների բախման արդյունքում Տ.Առաքելյանի կալանավորման պատճառով Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, թե առկախում է երկխոսությունը եւ պատրաստ է այն վերսկսել միայն երիտասարդին բաց թողնելուց հետո: Իսկ երկխոսության գործընթացը նախապես երկու կողմերն էլ միաժամանակ կարեւորում էին: Հիմա ՀԱԿ-ը իշխանությանն է մեղադրում, թե երկխոսությունը դադարեցնելու համար ոստիկանների միջոցով կազմակերպեց այդ միջադեպն ու կալանավորեց Տ.Առաքելյանին: Իշխանություններն էլ պնդում են, թե Կոնգրեսը տեսավ, որ արտահերթ ընտրությունները չընդունելու համար իրենց ներկայացրած փաստարկները խիստ հիմնավոր են, երիտասարդներին հրահրեց նման միջադեպ կազմակերպել: Այնուամենայնիվ, երկուստեք այդ երկխոսությունը հիմա էլ են կարեւորում, սակայն գործընթացն այդպես էլ չի վերսկսվում: Ի դեպ, ՀԱԿ-ը չի պահանջում Տ.Առաքելյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, ընդամենն առաջարկում են կալանքը փոխել եւ ազատ արձակել: Իսկ հանրահավաքում արդեն ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունից հետո արդյո՞ք իշխանությունները կորոշեն ընդունել ընդդիմության այդ պահանջը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դա միայն «օրենքի խնդիր» է: «Եթե դուրս ենք եկել երկրի համար կարեւոր խնդիրների ուղեցույցում, բնականաբար, դրանք չեն կարող երկխոսությունը կամ փոխհարաբերությունները դադարեցնելու միջոց լինել: Դա ընդամենը կարող է պատճառ լինել: Ըստ էության, ցայտնոտային իրավիճակ էր, որովհետեւ նրանց դրած խնդիրների պատասխաններն իշխանություններն ունեն: Նրանք ըստ էության ժամանակ շահելու խնդիր ունեն, բայց շատ լավ կլինի, որ գործընթացը շարունակվի, մանավանդ որ, նախընտրական տարի է: Դա կնպաստի, որ ժողովրդի կողմնորոշումն ավելի հստակ լինի»,- ասաց Գ.Սահակյանը:
Այդ բանակցություններում իշխանության պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, թե ինքը նախագահ Սերժ Սարգսյանի հետ երբեմն հանդիպում եւ ինչ-որ խնդիրներ, այդ թվում եւ` ընդդիմության հետ սկսած այդ գործընթացին վերաբերող հարցեր է քննարկում: Արդյո՞ք պարոն Հարությունյանը Տ.Առաքելյանի հետ կապված զրույց ունեցել է Ս.Սարգսյանի հետ: Կամ` չի՞ պատրաստվում ՀԱԿ ակտիվիստի կալանքը փոխելու մասին առաջարկ ներկայացնել, հատկապես որ, իշխանություններն իրենք էլ են կարեւորում երկխոսությունը, իսկ Ս.Սարգսյանն անձամբ մի քանի անգամ դրական է գնահատել եւ կարեւորել ընդդիմության վերջին շրջանի գործունեությունը: «Ես Տ.Առաքելյանին կալանքից ազատելու վերաբերյալ հանրապետության նախագահին որեւէ առաջարկություն չեմ ներկայացրել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Դ.Հարությունյանը:
Միգուցե երկխոսության համար թե իշխանությունը, թե Դ.Հարությունյանն այդքան էլ շահագրգռված չեն, դրա համար էլ ՀԱԿ ակտիվիստի խափանման միջոցը փոխելու հարց չեն փորձում քննարկել: «Ես անձնական շահագրգռվածություն, բնականաբար, չունեմ, բայց երկրի համար այդ գործընթացը համարում եմ կարեւոր եւ ցավում, որ այն այս պահին կասեցված է: Ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը այդ հարցի հետ կապված շատ պարզորոշ արտահայտել ենք մեր հայտարարության մեջ, եւ քաղաքական գործընթացը իրավականի հետ չենք խառնելու: Նաեւ համարում ենք, որ դա չի կարող լինել պայման երկխոսությունը շարունակելու համար: Երկխոսությունը կարեւոր գործընթաց է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է արվի, որ երկխոսությունը շարունակվի: Ես դա համարում եմ սկզբունքային հարց` իրավունքը եւ քաղաքականությունը չպետք է շփոթել, այս փուլում դրանք խառնել»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
Նշենք, որ ընդդիմության պահանջն ընդամենը խափանման միջոցը փոխելու մասին է: Հիշեցնենք, որ մարտի 1-2-ի գործերով կալանավորված քաղբանտարկյալների դեպքում էլ թե ԵԽ-ն, եւ թե միջազգային այլ կառույցներ ու պաշտոնյաներն իրենց զեկույցներում եւ հայտարարություններում բազմիցս են ասել, որ Հայաստանի իրավապահները չպետք է որպես խափանման միջոց միշտ կալանքն ընտրեն: Պետք է կալանավորեն այն դեպքում, եթե մեղադրվողը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին: Իսկ Կոնգրեսի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ են երաշխավորել, որ թե Տ.Առաքելյանի, թե որեւէ այլ մեկի կողմից նման խոչընդոտ չի կարող լինել: Մի՞թե Տ.Առաքելյանն այնպիսի հանցանք էր գործել, որ նրան անպայման պետք է կալանավորեին: «Ինձ դժվար է գնահատական տալ, որովհետեւ ես դատավոր չեմ այդ գործով: Կողքից գնահատականներ տալը ծայրահեղ ոչ արհեստավարժ մոտեցում է»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
Լ.Տեր-Պետրոսյանը հանրահավաքում նաեւ հայտարարեց` «հակառակ պարագայում երկխոսությունն առկախված թողնելով, իրենք հարկադրված կլինեն իշխանությունների հետ խոսել այլ լեզվով` հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»: Իշխանություններին չի՞ մտահոգում ընտրությունների նախաշեմին եւ արաբական երկրների օրինակների պարագայում Կոնգրեսի այդ սպառնալիքը: Ամեն դեպքում աշունը նախընտրական է, եւ եթե ՀԱԿ-ը կոշտացնի դիրքորոշումը, կարող է մեծ զանգվածներ հավաքել: «Եթե ժողովուրդը ոտքի է կանգնում` ժողովուրդը ոտքի է կանգնում: Իսկ քաղաքական ուժը ուղղորդում է ժողովրդին: Ես չեմ կարծում, որ ժողովուրդն այնպիսի վիճակում է, որ ոտքի է կանգնելու, եւ իշխանություններն էլ պետք է պահանջները կատարեն: Նման խնդիր գոյություն չունի: Ես կարծում եմ, որ շատ կայուն վիճակ է Հայաստանում,- ասում է Գ.Սահակյանը եւ շարունակում,- Ես ասում եմ, որ Հայաստանում դժգոհ սոցիալապես անապահով մասսան կարող է 50-60-70 հազար լինել, բայց դա չի նշանակում, որ մարդը եթե սոցիալապես անապահով է, ինչ-որ տխրահռչակ մեկնաբանությունների հետեւից պետք է գնա: Մտածի, թե` այս ինչ աստվածային թիմ է եկել, որ հես ա ամեն ինչ շտկվելու է: Ես կարծում եմ, որ պրոցեսները նորմալ են, ընդդիմությունն իր դիրքերում է, իշխանությունն էլ` իր: Ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն էլ` իր խոստումները կատարի»:
Իսկ Կոնգրեսը ե՞րբ է պատրաստվում արտահերթ ընտրությունների պահանջով հաճախակիացնել հանրահավաքներն ու համախմբել ժողովրդական զանգվածներին: Հաջորդ հանրահավաքի օրը` սեպտեմբերի 23-ը, կարո՞ղ է լինել այդ վերջնաժամկետը: «Կոնգրեսի հայտարարությունը, որ ժամկետը սպառված է համարվելու սեպտեմբերին, մնում է ուժի մեջ: Իսկ մնացյալը ՀԱԿ-ը տեղյակ կպահի հանրությանը»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: