Պետք է խրախուսել

13/09/2011

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու հարցում պետք է խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին: «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտահոգություն է ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու հարցում մենք պետք է խրախուսենք Հայաստանին եւ Ադրբեջանին»,- ասել է նա` ընդգծելով, թե Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: «Սակայն խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների ճանապարհով: Կողմերը պետք է հրաժարվեն ագրեսիվ հռետորաբանությունից եւ դրա փոխարեն իրենց հասարակություններում հիմք ստեղծեն խաղաղության համար»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը: Նրա խոսքով` Եվրամիությունը պետք է աջակցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանի բնակչությանը ցույց տա, որ խաղաղ ճանապարհով կարելի է հասնել շատ բաների: