Դոլարն աճում է

13/09/2011

Անցած շաբաթ «ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջինկշռված փոխարժեքն աճել է 1,35%-ով եւ հասել 1 դոլարի դիմաց 375 դրամ մակարդակի։ Շաբաթվա առք ու վաճառքի ծավալը կազմել է 5,77 մլն դոլար, որը 39,93%-ով փոքր է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 1,5%-ով եւ շաբաթ` սեպտեմբերի 10-ին, կազմել 377,1 դրամ: Ըստ «Forex Club»-ի փորձագետների, Հայաստանի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է հետեւել համաշխարհային արժութային շուկայի միտումներին. այնտեղ նկատվում է զանգվածային «փախուստ» (պահանջարկի աճ) դեպի դոլար, ինչը պայմանավորված է գլոբալ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի վրա հասնելու հնարավորության աճող մտավախություններով: Այսպես, շաբաթվա վերջի դրությամբ, դոլարի ինդեքսը (ԱՄՆ դոլարի հարաբերակցությունն է հիմնական համաշխարհային վեց արժույթների զամբյուղին) աճել է 3,35%-ով եւ կազմել 77,23 կետ: Հայաստանում դոլարի պահանջարկը պայմանավորվում է համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների եւ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման հետ կապված մտավախություններով: Ընթացիկ շաբաթ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճին կխոչընդոտի արտահանողների եւ բնակչության կողմից արտարժույթի փոքր-ինչ նվազած պահանջարկը։ Անցած շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում առեւտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 6,4 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ժամանակահատվածի ցուցանիշից փոքր է 45,1%-ով: Այնուամենայնիվ, ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճն այս շաբաթվա ընթացքում կարող է շարունակվել` պայմանավորված համաշխարհային ֆինանսական շուկաների անկայուն իրավիճակով: «ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Արմենիայում» դոլարի փոխարժեքը կարող է մոտենալ 380 դրամ մակարդակի, իսկ կանխիկ դոլարինը կտատանվի 376-381 դրամի սահմաններում:

Իսկ Հայաստանում եվրոյի փոխարժեքն անցյալ շաբաթ նախկինի նման պայմանավորվել է արտարժույթի համաշխարհային «Forex» շուկայում տեղի ունեցող իրադարձություններով. այնտեղ EUR/USD փոխարժեքը նվազել է 3,9%-ով` մինչեւ 1,3653 մակարդակը: Եվրոն շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման ու եվրոգոտու եզրամասային երկրների տնտեսությունների պարտքային խնդիրների ազդեցության տակ: Եվրոգոտու երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կանխատեսվող 1,7%-ի փոխարեն` 1,6% աճի, տնտեսական ռիսկերի աճի, 2011-12թթ.-ին եվրոգոտու տնտեսության կանխատեսվածից ցածր աճի տեմպերի ու Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսադրույքն անփոփոխ` 1,5% թողնելու մասին լուրերով պայմանավորված` Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 1,73%-ով` մինչեւ 521,3 դրամ: Օգոստոսին ԱՄՆ-ում սպառողական գների եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ եվրոգոտում սպառողական գների հրապարակվելիք տվյալները կարող են ազդել եվրոյի փոխարժեքի վրա, որի EUR/USD «աջակցման» արժեքը ընթացիկ շաբաթ կարող է կազմել 1,345, իսկ «դիմադրության» արժեքը` 1,4։ Այդ դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 515-535 դրամի սահմաններում: Ռուսաստանյան ռուբլու կանխիկի վաճառքի միջին փոխարժեքն անցյալ շաբաթ Հայաստանում նվազել է 1,3%-ով` մինչեւ 12,76 դրամ: Դա պայմանավորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսաստանյան ռուբլու փոխարժեքի նվազումով` ներդրողների ռիսկի հակվելու նվազման ֆոնի վրա: ԱՄՆ դոլարի, եւ, հետեւաբար, հայկական դրամի նկատմամբ ռուսաստանյան ռուբլու փոխարժեքի շարժընթացն այս շաբաթ առավելապես կախված կլինի ԱՄՆ-ի ու եվրոգոտու մակրոտնտեսական վիճակագրությունից: Ռուբլու փոխարժեքն ԱՄՆ դոլարի եւ դրամի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կնվազի եւ այս շաբաթ կկազմի 12,6-13 դրամ: