Կարեն Կարապետյանի հրաժարականը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ուրբաթ օրվանից իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտում` ընդհանրապես, Հանրապետական կուսակցության շարքերում` մասնավորապես:
Նման նախադեպ` այս պաշտոնը զբաղեցնողների հրաժարականի դեպք, նորանկախ Հայաստանի իշխանական համակարգում երբեւէ չէր արձանագրվել:
Ուրբաթ կեսօրից հետո, երբ գրեթե բոլորի համար անսպասելիորեն հրապարակվեց Կ. Կարապետյանի հրաժարականի մասին պաշտոնական տեղեկատվությունը, հատկապես իշխող կուսակցության շարքերում իսկական խուճապ է առաջացել, որն ավելի է խորացել անցած հանգստյան օրերին: Ավելին` մեր աղբյուրների համաձայն, այն հանգամանքը, որ հենց ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է հրավիրել, պայմանավորված է եղել այդ խուճապով: Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել է ՀՀԿ-ականներին համոզել, որ Կարապետյանի հրաժարականն իր համար նույնպես անակնկալ է եղել, եւ որ ինքն ամեն ինչ փորձել է անել նրան այդ քայլից ետ պահելու համար, անգամ ցանկացել է պարգեւատրել շքանշանով, սակայն վերջինս անդրդվելի է մնացել, հրաժարվել է նույնիսկ շքանշանից: Եվ չնայած Ս. Սարգսյանի այդ հավաստիացումներին, ՀՀԿ-ականների անհանգստությունը չի փարատվել: Դրա պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանի օրինակն աչքի առաջ ունենալով, յուրաքանչյուրը մտածում է, որ ցանկացած պահի նրա դերում կարող է հայտնվել ինքը: Ընդ որում, Կ. Կարապետյանի պարագայում կան մի շարք գործոններ, որոնք ավելի են սրում իրավիճակի նրբությունը եւ խորացնում ՀՀԿ-ականների շրջանում առաջացած խուճապը:
Կարեն Կարապետյանի հրաժարականը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից պետք է դիտարկել երկու հարթություններում` անձնական եւ քաղաքական: Ինքը` Կարեն Կարապետյանը, իշխանական այն սակավաթիվ գործիչներից է, որն իշխանությունը կամ պաշտոնը չի օգտագործում տնտեսական, բիզնես նպատակներով, կամ, ինչպես ընդունված է ասել` «թալանելու» համար: Դա, համաձայնեք, ինքնին եզակի երեւույթ է Հայաստանի իշխանական բուրգի համար, քանի որ դրանում գործում է ճիշտ հակառակ սկզբունքը: Պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը (Կարեն եւ Սամվել Կարապետյանները) հսկայական կարողություններ ունի, խոշորագույն բիզնեսների է տիրապետում Ռուսաստանում (եւ ոչ միայն): Այսինքն` պաշտոնը բիզնեսին ծառայեցնելու մոտիվացիա Կ. Կարապետյանի դեպքում ուղղակի չկա: Այդ իմաստով` Կ. Կարապետյանը չափազանց անհրաժեշտ էր նույն իշխանության համար: Եվ գործնական, եւ քարոզչական նպատակներով: Այսինքն` կոռուպցիայի, պետական համակարգի գրեթե մասսայական ապօրինությունների ֆոնին Կարապետյանը կարող է ներկայացվել (եւ ներկայացվում էր) որպես ոչ կոռումպացված բարձրաստիճան պետական պաշտոնյայի օրինակ: Իշխանական շատ գործիչներ իրենց ելույթներում ու ասուլիսներում հաճախ նշում էին, որ նրա եւ նրա ընտանիքի շնորհիվ Հայաստանում հսկայական ներդրումներ են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ այլ ծրագրերի շրջանակներում: Այդ պայմաններում իշխանությունը պետք է որ Կ. Կարապետյանից ազատվելու խնդիր չունենար: Եվ եթե իրականությանը համապատասխանում են տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Կ. Կարապետյանը հրաժարական է ներկայացրել աշխատանքային անառողջ մթնոլորտի պատճառով, նշանակում է` իշխանության վերնախավն առնվազն նպաստել է դրան: Ի դեպ, Կ. Կարապետյանը նաեւ այն քիչ թվով գործիչներից է, որը սեփական նախաձեռնությամբ հրաժարական տալու իրավունք ունի: Հայաստանի իշխանական համակարգում դա եւս քչերին է տրված: Այսինքն` նույնիսկ աշխատանքից հոգնելու սահմանադրական իրավունքը կարելի է իրացնել միայն իշխանության դաբրոյով: Ինչ վերաբերում է Կ. Կարապետյանի ֆինանսական կարողություններին, ապա տարածված կարծիքի համաձայն, դա պայմանավորված է նրա եղբոր` ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հնարավորություններով: Սակայն իրականում Կարապետյանների բիզնեսն ընտանեկան է եւ, նրանց ընտանիքի մերձավորների հավաստմամբ, դրանում հավասարապես ներգրավված են եւ Կարեն, եւ Սամվել Կարապետյանները: Իսկ քաղաքականությամբ Կ. Կարապետյանը զբաղվում է 1990-ականների սկզբից, երբ նրանց ընտանիքը Ռուսաստանում դեռեւս նշանակալի բիզնես չուներ: Եվ տպավորություն է ստեղծվում, կարծես որոշ ուժեր իրենց հիմնական մրցակից տեսնելով Կարապետյանին` նմանատիպ հրապարակումներով փորձում են նվազեցնել նրա քաշը` քաղաքական եւ տնտեսական առումներով: Ի դեպ, Սամվել Կարապետյանի գործոնը հաշվի առնելով` շատերը կանխատեսում են, որ Կ. Կարապետյանի հրաժարականը կարող է բացասաբար անդրադառնալ ռուսական քաղաքական եւ բիզնես շրջանակների հետ Հայաստանի իշխանությունների հարաբերությունների վրա: Ս. Կարապետյանը այն եզակի գործարարներից մեկն է, ով ՌԴ վարչապետ Վ. Պուտինի հետ մտերիմ հարաբերություններ ունի: Երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարվելով` Կ. Կարապետյանը հեռանալու է նաեւ քաղաքականությունից: Սակայն նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման զարգացումն ուղղակի բացառված է:
Կ. Կարապետյանի հրաժարականը եւ Ս. Սարգսյանի` նրան այդ քայլից հետ պահել չկարողանալու փաստը (կամ հակառակը) ՀՀԿ-ականների շրջանում անհանգստության ալիք են բարձրացրել: Նրանց մեծ մասը համարում է, որ եթե Կ. Կարապետյանի նման ապահովագրված անձը` լինելով ՀՀ նախագահի ամենամտերիմ անձանցից մեկը, չկարողացավ կամ չցանկացավ այլեւս շարունակել իր գործունեությունը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ապա իրենցից յուրաքանչյուրը կարող է վաղն այլեւս պետքական չհամարվել: Այսինքն` այս հրաժարականը լակմուսի դեր է կատարել իշխանական համակարգում եւ, ինչպես ասում են, առաջիկայում «շատ ջուր կարող է տանել»: Հանրապետական կուսակցությունը վաղուց դադարել է կուսակցություն լինելուց. որոշ կուսակցականներ ՀՀԿ-ում այսօր տիրող մթնոլորտը բնորոշում են` որպես «մազից կախված» վիճակ, ուր բոլորը սպասում են, թե երբ է գալու իրենցից ազատվելու հերթը: Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչպես ՀՀԿ-ի ներսում (հատկապես հնաբնակ ՀՀԿ-ականների շրջանում), այնպես էլ ներքաղաքական դաշտում ընկալվել է` որպես Սերժ Սարգսյանի կողմից նոր գործելակերպի ընտրություն, այն իմաստով, որ չկանխելով այդ հրաժարականը, նախագահը կամա թե ակամա կանաչ լույս է վառում յուրայիններին, իրեն նվիրված անձանց կորցնելու ավանդույթի առջեւ: ՀՀԿ շարքերում առաջացած խուճապը լայն իմաստով պայմանավորված է հենց այս հանգամանքով:
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ