«Wikileaks»-ը գաղտնազերծել է Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպումը, որը կայացել է 2007-ին: Հանդիպման ընթացքում, որը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, պատրիարքը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915թ. ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»: Այս մասին նամակը ԱՄՆ Պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվագրված է` փետրվարի 23, 2007թ.):
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը` ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ սորտի քաղաքացիներ կոչվելու պիտակը: