Հեռանում են ատելությամբ

13/09/2011

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով արտագաղթի ծավալներին` հայտարարել է, թե իր ծանոթներին օդակայանում ճանապարհելիս ականատես է եղել, որ նրանք Հայաստանը լքում էին ոչ թե լացելով, վերադառնալու ակնկալիքով, այլ ատելությունն աչքերին: «Հեռանում էին` իրենց ատելությունը թողնելով մեզ»,- ասել է նա:

Կ. Խոդիկյանի ասելով` իշխանությունների կողմից կարծես անտարբերություն կա արտագաղթի հանդեպ, քանի որ ոչ ոք քայլեր չի ձեռնարկում այդ մարդկանց կանգնեցնելու համար: «Տղամարդիկ չեն կարողանում պահել իրենց ընտանիքը: Ինքնասպանության մի տեսակ էլ է, չէ՞, որ մարդիկ թողնում-գնում են, լքում են իրենց երկիրը»,- ասել է Կ. Խոդիկյանը` նկատելով, թե դա նույնիսկ ինքնասպանությունից էլ ավելի վատ է: Խոսելով Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի սպանության մասին, երբ մայրը սպանել էր իր երկու երեխաներին, հոգեբան Սամվել Խուդոյանն ասել է. «Երեխաների սպանությունը հիվանդագին երեւույթի մասին է խոսում, որը կարող է կրոնական, ֆանատիկ աղանդի վկայություն լինի, բայց սա ակնհայտորեն հիվանդության մասին է վկայում: Ես առաջին անգամ եմ լսում մեր միջավայրում նման բանի մասին»: Իսկ Կ. Խոդիկյանն էլ նշել է, որ եթե պետությունն ունենար իր հասարակությանը պաշտպանելու մեխանիզմներ, ապա նման դեպքեր չէին լինի: Նրա համոզմամբ` բռնությունների ու ագրեսիայի հիմնական դրդապատճառները սոցիալական խնդիրներն են: «Մարդը, որը տեսնում է` ամբողջ օրն աշխատում է, բայց չի կարողանում ընտանիքը պահել, իսկ այսօրվա դուրսպրծուկները միլիարդներ են շաղ տալիս, դա էլ է ագրեսիա ծնում»,- ասել է Կ. Խոդիկյանը: