Մաղաքապետն «ուստեքին» ուղարկում է հանգստի

13/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքում գործող կոշկակարների եւ դերձակների արհեստանոց-կրպակները մեր համաքաղաքացիներն անվանում են փոքրիկ «կառավարություններ»:

Մասնավորապես կոշկակարների կրպակներում նախկինում կարելի էր ականատես լինել, թե ինչպես են մի խումբ ծերունիներ քաղաքական վերլուծություններ անում, խելոք առաջարկություններով հանդես գալով` կառավարության որոշումները քննադատում, հայհոյում իշխանություններին եւ խոստանում այսուհետ ընտրությունների ժամանակ սեփական քվեի հարցում ժլատ լինելգ Այսօր, սակայն, պատկերը տխուր է: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` կրպակներն ապամոնտաժելու որոշումից հետո ոչնչացան նաեւ մեր քաղաքին յուրահատուկ կոլորիտ հաղորդող այդ փոքրիկ «կառավարությունները»: Շրջելով քաղաքի վարչական շրջաններում` համոզվեցինք, որ քաղաքապետն «ուստեքին» ուղարկել է հանգստի: Փողոցների աննկատ հատվածներում դեռեւս գործող կրպակների արհեստավորներն էլ, պարզվում է, այլեւս ոչ միայն չեն քննադատում իշխանություններին, այլեւ արդեն սարսափում են նրանց որոշումներից: «Բալիկ ջան, չեմ կարա խոսամ: Քանի կարում` աշխատում եմ, բայց անունս, բուդկիս տեղն իմացան թե չէ` կվերացնեն: Պետք չի, մի գրի, անունս մի տուր, թե չէ` վաղը արհեստանոցս կփոշիացնեն»,- տագնապած ասաց կոշկակար ծերունին:

Կենտրոն վարչական շրջանում դեռեւս գործող արհեստանոց-կրպակի մի կոշկակար, ում շուրջը խմբվել էին «թաղի» պարապությունից նարդի խաղացող թոշակառուները, մեզ հետ զրույցում նշեց, որ կրպակն ապամոնտաժելու ծանուցագիր արդեն ստացել է: «Ի՞նչ ասեմ, իսկ դուք ի՞նչ կարաք անեք, պիտի փրկե՞ք բուդկես: Եթե իմանամ, որ պիտի փրկեք` էս իշխանությունների հասցեին կասեմ էն, ինչ մտածում եմ, բայց ի՞նչ կարաք անեք: Մի քաղաք, մի քաղաքապետ, որի դեմ ոչ ոք չի կարա: Ինքը չի կարա հասկանա, թե ինչ բան ա ամբողջ օրը ուրիշի կեղտոտ կոշիկի վրա աչք քոռացնելը: Ինքը կհասկանա՞, թե ինչ բան ա, երբ երեխեդ անհամբեր սպասում ա, որ խալխի կոշիկը կարես ու իրան մի կտոր հաց հասցնես: Քաղաքապետի երեխեն սոված սպասո՞ւմ ա` մինչեւ ինքը իրա ձեռքով հաց առնի, տանի: Թող գա մի օր իմ տանն ապրի, սիրտը չի դիմանա` կպայթի»,- մեզ հետ զրույցում վրդովված ու չափազանց վիրավորված ասաց միջին տարիքի կոշկակարը, ում խնդրանքով անունն ու արհեստանոցի հասցեն չենք նշում: Կոշկակարի շուրջ խմբված ծերունիներն ընդհատելով նարդու առաջնությունը` իրենց ընկերոջ «թասիբին» կանգնելով` սկսեցին քաղաքապետին «նախշել»: Նրանք պատմեցին, որ հարակից փողոցի կոշկակարի «բուդկեն» համայնքային իշխանություններն այնպես են ջարդուխուրդ արել, որ վերջինս չի հասցրել անգամ իրեն անհրաժեշտ երկաթե սալիկներն ի պահ տալ. «Խեղճ մարդը հիմա դարձել ա ալկաշ: Անգործ, պարապ, նեղվածգ Թոշակի օրն եկավ` տարավ խմեց ու ընկավ քուչեքը, բայց առաջ ուստեքով խմում էինք` զոռով լցնում էինք բերանը, չէր խմում, հրաժարվում էր: Էդ մարդու կնիկը շաքարով հիվանդ էր, իրա մասնագիտությունն էդ տարիքում օգտագործելով` օրական 500-1000 դրամ վաստակում` կնկան դեղ էր առնում: Խեղճ մարդն անճանաչելի ա դարձել»:

Ինչեւէ, Երեւանում գործող 3827 կրպակներից 1138-ն արդեն ապամոնտաժվել են: Օրերս Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ ներկայումս Կենտրոն վարչական շրջանում գործում են 180 կրպակներ, որոնք չունեն պետական գրանցում: Տ. Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ սոցիալապես անապահով կրպակատերերի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի կրպակները տեղադրվեն այլ վայրերում: Բացի այդ, ըստ Երեւանի քաղաքապետի հանձնարարականի` այսուհետ նոր կրպակների համար տարածքներ չեն հատկացվելու, չեն երկարացվելու գործող կրպակների գործունեության թույլտվության ժամկետները, չեն ապամոնտաժվելու քաղաքի մյուս համայնքների երկրորդական, երրորդական փողոցներում կամ բակային տարածքներում գտնվող կրպակներն ու տաղավարները` անկախ դրանց իրավական կարգավիճակից: Չնայած այս խոստումներին, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում կոշկակարները նշեցին, որ իրենց աշխատանքի որեւէ առաջարկ չի արվել, առավել եւս` այլընտրանքային տարածք չի առաջարկվել:

«Թող քանդեն` մենք էլ թքենք հեռանանք երկրից»

Կորյունի փողոցում գործող արհեստանոց-կրպակը պատկանում է 36-ամյա Արմեն Միրզոյանին, ով արդեն երեք տարի է, ինչ տարածքում կոշիկի վերանորոգման գործունեություն է ծավալում: Կրպակը գնել է, իսկ հողի վարձակալության ժամկետը լրանում է 2012թ.: Այլ կերպ ասած` մի քանի ամսից Երեւանի քաղաքապետարանը կհրաժարվի այս կրպակատիրոջ հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել, իսկ կրպակը կապամոնտաժի: «Ես չգիտեմ` ի՞նչ ա լինելու, անորոշություն ա: Պարզ ա, որ իմ փաստաթղթերը լրիվ օրինական են, ու հիմա ինձ ձեռք չեն տալիս, բայց ժամկետը լրանալուն պես արդեն գործողություններ կկիրառեն: Մարդ, որը մասնագիտությամբ կոշկակար ա` ի՞նչ պիտի անի, ասեք խնդրեմ, որտե՞ղ պիտի աշխատի»,- քաղաքային իշխանություններին նման հարցադրում է անում Ա. Միրզոյանը, ով այս արհեստով կարողանում է երեք երեխա խնամել: Վերջինս նշում է, որ կոշկակարությունն իրենց գերդաստանում պապենական մասնագիտություն է, ազգի մեծերն իմացությունը փոխանցելով ժառանգներին` արհեստավոր են դարձնում: «Իմ ուստեն քեռիս ա եղել: Ես ռեժիսորի կրթություն ունեմ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ դրանով տուն չես պահի: Ինստիտուտ ավարտած, կրթված մարդ եմ: Ընտանիք պահելու համար ահագին ժամանակ հացի փռերում աշխատեցի, բայց տեսա, որ չեմ ձգում: Քեռիս ասեց` արի իմ մոտ սովորի, ու տենցգ Երկար ժամանակ իրա աշակերտը լինելով` հիմա էլ ես եմ կոշկակարություն անում»,- ասաց Արմենը` նշելով, որ քեռին էլ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գործող կրպակում է կոշկակարություն անում: Ըստ նրա` կոշկակարությամբ գումար վաստակելն էլ ստաբիլ չէ, որովհետեւ ամեն օր չէ, որ հաճախորդ է ունենում: Օրական 1000-2000 դրամ աշխատում է, բայց լինում են օրեր, երբ ընդհանրապես կոշիկ վերանորոգելու պահանջարկ չկա: «Լավ, ասենք թե, կոշկակարների բուդկեքը քանդեցին, նրանք էլ չաշխատեցին, բայց կոշկակարների կարիք կա, չէ՞, որտե՞ղ աշխատեն էդ մարդիկ: Հայաստանում միջին ու ցածր խավի մարդիկ ամեն սեզոնի կոշիկ չեն գնում, վերանորոգելով յոլա են գնում: Ընդ որում` հիմիկվա կոշիկներն ահավոր անորակ են, որովհետեւ հիմնականում չինական ապրանքներ են: Երկու օր հագնելուց հետո բերում են ինձ մոտ»,- ասում է Ա. Միրզոյանը, ում հաճախորդներն, ի դեպ, հիմնականում Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողներն են, քանի որ կրպակը գտնվում է համալսարանի հարեւանությամբ: Բացի մասնագիտությամբ գումար վաստակելը` Արմենի համար նաեւ հետաքրքիր է տարբեր մարդկանց հետ շփումը: Մասնավորապես ձմռան սեզոնին Արմենի հաճախորդները շատանում են. «Քաղաքում հատուկ կոշկակարների արհեստանոցներ չկան, էս բուդկեքն են: Ես ջահել եմ, եթե քանդեն` կգնամ Ռուսաստան, բայց ուստեքն ի՞նչ պիտի անեն: Դեռ անցյալ տարի ինձ Ռուսաստանից հրավիրում էին կոշիկի արտադրությունում աշխատելու: Էս գործը դրսերում պահանջարկ վայելող ա, որովհետեւ էնտեղ արտադրում են կոշիկներ, իսկ Հայաստանում ոչ կոշիկի, ոչ էլ շորի արտադրություն չկա: Անցյալ տարի հրաժարվեցի` համարելով, որ պիտի ընտանիքիս կողքին լինեմ, բայց հիմա եթե քանդեն` պարզ ա, որ անմիջապես պիտի գնամ, որովհետեւ արդեն ուրիշ տարբերակ չունեմ: Ասենք ջահելները գնացին, բա մեծահասակնե՞րը: Օրինակ` քեռիս, որը վարպետ ա, ի՞նչ անի: Մնա երկու կոպեկ թոշակի հույսի՞ն: Թող թոշակը բարձրացնեն, իրենք էլ էդ տարիքում իրենց ծերությունը վայելեն»: Ի դեպ, Ա. Միրզոյանը վստահեցնում է, որ կոշկակարությամբ զբաղվելու համար մեծ ծախս է կատարել` գնելով կարի մեքենա, հատուկ գործիքներ, նյութեր, որոնք շատ թանկ են, բայց պարզ է, որ շուտով դրանք այլեւս պետք չեն գալու:

Ինչ վերաբերում է դերձակներին, ապա Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող կրպակատեր Սիրան Վարդանյանը նշում է, որ քաղաքային կամ համայնքային իշխանություններից դեռեւս որեւէ փաստաթուղթ չի ստացել. «Անկեղծ ասած` իմ կրպակը գտնվում ա բնակելի շենքի ներքեւում: Ճիշտ ա, մտավախություն ունեմ, բայց քանի դեռ լռում են` մտածում եմ` կարող ա չքանդեն: Տարածքի վարձակալական պայմանագիրս օրինական ա, ժամկետը չի լրացել, բայց դե պարզ ա, որ հիմա քանդման համար ամեն ինչ էլ կարան բստրեն: Ամբողջ օրը աչք քոռացնելով սանտիմետրերի վրա երկու կոպեկ ենք առնում, թող գան քանդեն, մենք էլ` թքենք հեռանանք»: Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի փողոցում գործող դերձակի արհեստանոցի տիրուհին էլ խնդրեց իր անունը չնշել։ «Իմ արհեստանոցը նախկինում Տերյան փողոցում էր, քարե շենքում: Քանի որ էնտեղ բնակելի շենք էին կառուցում` ինձ առաջարկեցին փոխհատուցել: Էս կրպակն ինձ որպես փոխհատուցում են տվել, իսկ ժամկետը լրանալու համար դեռ ահագին ժամանակ կա: Մեզ չեն անհանգստացրել եւ որեւէ բան չեն ասել: Ոնց աշխատում էինք` էնպես էլ շարունակում ենք աշխատել»,- ասաց նա:

Հայերը դեռեւս հին ժամանակներից զբաղվել են արհեստագործությամբ, առեւտրով: Արհեստների մեջ առանձնապես կարեւոր էին կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, փականագործությունը, պայտարությունը, ներկարարությունը, կավագործությունը եւ այլն: Ժամանակին մեծ տեղ է տրվել ոչ միայն այդ արհեստներին, այլեւ արհեստավորներին: Իսկ այսօր Հայաստանում այդ արհեստներից շատերը պարզապես վերանում են: Եվրոպական ցանկացած քաղաքում կարող եք հանդիպել կոշկակար-արհեստավորների կրպակների: Ընդ որում, այդ կրպակ-սրահները գտնվում են նաեւ կենտրոնական փողոցներում: Ավելին, եվրոպական եւ ամերիկյան մի շարք քաղաքներում լավագույն կոշկակարները դարձյալ ազգությամբ հայեր են, որոնք մեծ համբավ ունեն: Երբեւէ այդ երկրների քաղաքային իշխանությունների մտքով չի անցնում փակել կոշկակարների կրպակները կամ դրանք տեղափոխել ծայրամասեր, քանի որ ոչ միայն տվյալ քաղաքի բնակիչն է օգտվում այդ ծառայություններից, այլեւ զբոսաշրջիկը: Շատ հաճախ հարց է առաջանում. ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական գործիչներ տարվա մեջ բազմաթիվ անգամներ արտերկրներ այցելելով` առհասարակ որեւէ բան տեսնո՞ւմ են, բացի հյուրանոցների նախասրահներից եւ խանութներից: Այնպիսի տպավորություն է, կարծես նայում են, բայց ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն ընկալում, չեն հղկվում: Երեւանի քաղաքային իշխանությունները, հայտնի չէ, «եվրոպական քաղաքի տեսք» ասելով` ի՞նչը նկատի ունեն, որին ցանկանում են այդպես նմանակել` զրկելով մարդկանց աշխատանքից, եկամուտի աղբյուրից: Ի վերջո, այդպիսով վերջնականապես նրանք կարող են վերացնել նաեւ այդ արհեստները: ՀՀ-ում գործում են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ. Ընդ որում` գոյություն ունեն 80 միջին եւ 27 նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում է համապատասխանաբար մոտ 28.000 եւ 6500 ուսանող: Օրինակ` Արհեստագործական ուսումնարաններում եւ մասնավորապես Թեթեւ արդյունաբերության տեխնիկումում կան ապագա կոշկակարների եւ դերձակների համար նախատեսված բաժիններ: Մենք կփորձենք առաջիկայում հրապարակում պատրաստել նշյալ հաստատությունների այս մասնագիտություններն ընտրած շրջանավարտների մասին: Կփորձենք փաստարկներ ներկայացնել, թե մասնագիտական հաստատություններն ավարտած, եւ արհեստավորի որակավորում ստացած քանի՞ շրջանավարտ է մեր երկրում աշխատանքի տեղավորվել եւ առհասարակ արդյոք գոյություն ունե՞ն կոշկակարի եւ դերձակների աշխատատեղեր: