Երեկ ԶԼՄ-ները տարածել էին Ավստրիայում Հայաստանի հյուպատոսության հաղորդագրությունը, ըստ որի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն առնչություն չունի Զալցբուրգի շոկոլադի գործարանի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ըստ ԶԼՄ-ներում 23.08.2011թ. հայտնված ինֆորմացիայի, համաձայն որի ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 մլն եվրո արժողությամբ Մոցարտ շոկոլադներ արտադրող գործարանն է գնել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, ՀՀ-ում Ավստրիայի հյուպատոսարանը հարցում կատարեց Ավստրիայի Հանրապետություն` որոշակի հստակություն մտցնելով հարցի պարզաբանման առնչությամբ: Մոցարտը հիմնադրվել է Զալցբուրգ քաղաքի հրուշակագործ Պոլ Ֆյուրստի կողմից 1890 թ. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ անունով: Ավստրիայում Մոցարտի խոշորագույն արդյունաբերական արտադրողն է Միրաբել Զալցբուրգ Կոնֆիսերի եւ Բիսկվիթ-Գասելշաֆթ ընկերությունը, որը պատկանում է Քրաֆտ Ֆուդ Ավստրիա խմբին եւ տեղակայված է հետեւյալ հասցեով` Հաուպստրաշե 14, ԱԹ-5082 Գրյոդիկ, եւ հանդիսանում է Զալցբուրգի Տնտեսական Պալատի անդամ, ունի նաեւ Առեւտրային Գրանցում, որի համարն է 61744a: Միրաբել Զալցբուրգ Կոնֆիսերիե եւ Բիսկվիթ-Գասելշաֆթ ընկերությունը արտադրում է տարեկան ավելի քան 90 միլիոն Մոցարտ եւ արտահանում ավելի քան 30 երկրներում: Քրաֆտ Ֆուդը ամերիկյան հրուշակեղենի, սննդի եւ խմիչքի արտադրական խումբ է: Ավելի քան 155 երկրների շուկաներում ներկայացնում է շատ ապրանքանիշներ: Ապրանքանիշներից 12-ը (ինչպիսիք են` Կադբերին, Կրաֆտ, Մաքսվել Հաուս, Միլկա, Նաբիսկո, Ֆիլադելֆիա, Տրիտենդ, Տանգ), տարեկան վաստակում է ավելի քան $1 մլրդ: Քրաֆտ Ֆուդ խումբն ունի մեծ սննդի արդյունաբերություն եւ կառավարում: Ղեկավարն է Իրենե Ռոսենֆել (Նախագահ, Գլխավոր Գործադիր Տնօրեն) Հավաստի ինֆորմացիան մեզ է տրամադրել Քրիստիան Մոլլերը (Արտաքին Առեւտրի Վարչության պետ, Զալցբուրգի Առեւտրի Պալատ)»: