«Հաջորդ հանրահավաքին կտրվի հաղթական մեկնարկը»

10/09/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեկ ամիս եւ մեկ շաբաթ ընդմիջումից հետո երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որից այս անգամ հանրության սպասումները շատ էին:

Շատ էին, որովհետեւ ՀԱԿ-ը երկխոսություն էր սկսել իշխանությունների հետ` օրակարգում արտահերթ ընտրությունների պահանջ դնելով, եւ որին չհանգելու դեպքում` աշնանային բուռն պայքար էր խոստացել: Երկխոսությունը ՀԱԿ-ի կողմից առկախվեց Տիգրան Առաքելյանին կալանավորելու պատճառով, իշխանություններն էլ չեն ընդունում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը: Նման զարգացումների պարագայում Կոնգրեսին այլ բան չէր մնում, քան կտրուկ սրել երեկվա հանրահավաքի հռետորաբանությունն ու ավելի ակտիվ, բուռն պայքարի կոչեր անել: Եվ երեկ ելույթ ունեցողները հայտարարեցին, որ իրենց պայքարը մտնում է նոր եւ ավելի ակտիվ փուլ: Իսկ երեկվա հանրահավաքը, թեեւ ոչ գարնանային հանրահավաքների չափ, այնուամենայնիվ, մարդաշատ էր: Հավաքվածները սպասում էին, որ Կոնգրեսը կտրուկ պայքարի, հաճախակի, նույնիսկ շուրջօրյա պայքարի կոչ կանի: ՀԱԿ ղեկավարներն էլ հայտարարեցին, որ իրենց հետագա պայքարն ավելի ակտիվ ու կտրուկ է լինելու, եւ հաջորդ հանրահավաքը նշանակվեց 2 շաբաթ հետո` սեպտեմբերի 23-ին: Հանրահավաքը վարող ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պատրաստվել հեղափոխության: Նրա խոսքերով, հեղափոխությունն ունի հստակ ալգորիթմ` իշխանությանը հեռանալու համար անհրաժեշտ է 500 հազար մարդ եւ 24 ժամ: Նա հայտարարեց, որ այս անգամ հեռանալու են հրապարակից, բայց նպատակ ունեն հաջորդ հանրահավաքներին հրապարակում ապահովել այդքան մարդ եւ սկսել թավշյա հեղափոխությունը: «Իսկ հաջորդ հանրահավաքին կտրվի հաղթական հանրահավաքի մեկնարկը»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

«Ընդամենը 74 օր գոյատեւեց քաղբանտարկյալ չունենալու հանգամանքը: Օգոստոսի 9-ին 7 քաղաքացիներ կրկին խոշտանգվում էին Ոստիկանության բաժանմունքում: Իշխանությունը այլ լեզու չունի: Ոստիկանության բաժանմունքում ամեն օր ծեծվում եւ խոշտանգվում են ՀՀ քաղաքացիներ: Միայն ՀՀ քաղաքապետարանի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիներ զրկվում են հանապազօրյա հացից` կրպակների ապամոնտաժման արդյունքում: Հայաստանը իր հույսը կարող է դնել իր վրա: Հայաստանի բանակը վերածվում է սեփական զինվորին խժռող մեքենայի»,- ավելացրեց Ն.Փաշինյանը: Նա նաեւ ասաց, որ «հարկային մարմինները ճնշում են հարկատուներին, հրամանատարները` զինվորներին, պատգամավորը` ընտրողին, ուսուցիչը` աշակերտին, բոլորը խոշտանգում են բոլորին, որովհետեւ հայրենիքը քաղաքացու ատելությանը արժանացնելու պիղծ խնդիր են դրել իրենց առաջ»: Անդրադարձավ նաեւ նախօրեին ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծին: Հիշեցնենք, որ այդ նախագծում վեհաժողովը համարում է, որ համաներումը, երկխոսությունը, 2008թ. դեպքերի քննությանը նոր թափ հաղորդելը հիմք է, որ կարելի է Մարտի 1-ի էջը փակել: «Սա Դավիթ Հարությունյանի եւ Պրեսկոտի գրած նախագիծն է: Էջը կհամարվի փակված, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կկանգնեն արդարադատության առաջ եւ իրենց պատիժը կկրեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում տեղեկացրեց, որ սոցիալական կայքում հազարավոր երիտասարդներ ունեցող «Հայաստան` Հայոց հայրենիք» շարժման մասնակիցները միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Նաեւ ասաց, թե բանակում զոհված զինծառայողների ծնողներից երեքը ցանկություն են հայտնել ելույթ ունենալ իրենց հանրահավաքում, սակայն երեկ ամբողջ օրը նրանց հրավիրել են տարբեր գերատեսչություններ եւ նրանց հետ «մեղմ զրույցներ վարել»: Ելույթ ունեցողներն անդրադարձան նաեւ «Wikileaks» կայքի հրապարակած ամերիկյան դիվանագիտական հաղորդագրություններին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց հատկապես այն հրապարակումը, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանը իրականում հավաքել է ոչ թե 350 հազար, այլ` 490-570 հազար ձայն: «Ամերիկացիների գնահատականով. 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններում նույնպես կատարվել են համատարած կեղծիքներ, քանի որ անգամ ՀՀԿ-ի համար ամենաօպտիմիստական սցենարում նրանք կարող էին հավաքել ընդամենը 25-35 տոկոս, մինչդեռ գրանցվել է մոտ 50 տոկոս արդյունք: Դժվար չէ կատարել շատ պարզ հաշվարկներ: Եթե Տեր-Պետրոսյանից հօգուտ Ս.Սարգսյանի խլվել է 220 հազար ձայն, ինչպես ստացվում է ըստ ամերիկացիների պնդումների, ապա Ս.Սարգսյանը հավաքել էր մոտավորապես նույնքան ձայն, ինչ Տեր-Պետրոսյանը, եւ չէր կարող առաջին փուլով հաղթող հռչակվել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընտրողների թիվը նույնպես կեղծվել է, դա էլ են ամերիկացիները նշել անգամ բաց պաշտոնական զեկույցներում` մեր տվյալներով` մոտ 500,000-ով, ապա ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի ձայների տոկոսը պետք է հաշվել ոչ թե պաշտոնական 1,600,000-ից, այլ 1,100,000-ից: Այդ դեպքում կստանանք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է հենց առաջին փուլում: Ամերիկացիների գնահատականներով, ավագանու ընտրություններում կեղծումները եղել են մոտ 15-25 տոկոս միայն հօգուտ ՀՀԿ-ի, բայց նաեւ եղել են հավելյալ կեղծումներ` հօգուտ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի: Այսինքն, նորից պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը իրականում անցել էր հաղթանակի համար անհրաժեշտ 40 տոկոսի շեմը, հասնելով մոտ 50-60 տոկոսանոց արդյունքի: Այսինքն, մենք հաղթել ենք եւ նախագահական, եւ Երեւանի ավագանու ընտրություններում: Ուրեմն մենք մեր այս երկրում ունենք վերից վար ապօրինի իշխանություն, որի ոչ լեգիտիմությանը աշխարհում եւ Հայաստանում այլեւս ոչ ոք չի կասկածում… Եվ հասկանալի է, որ մեր հիմնական գործը պետք է դառնա այդ մեքենայի կազմաքանդումը: Այս նպատակով մենք սկսել ենք քաղաքական գործընթաց, որի նպատակն է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պարտադրումը իշխող ռեժիմին»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը: Հիշեցնենք, որ նույն «Wikileaks» կայքը հրապարակել էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա մերձավորների վերաբերյալ արված գնահատականներ:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ անդրադարձավ «Հայաստանը դու ես» կարգախոսին` նշելով, «թե Հայաստանը դու չի, Հայաստանը մենք ենք»: «Այո, Հայաստանը մենք ենք, Հայաստանը նաեւ նա է, ով այսօր երեկոյան ճամպրուկն է հավաքում, որ առավոտյան բանակում զոհված որդու շիրիմին խունկ ծխի ու հեռանա Հայաստանից: Հայաստանը մենք ենք, եւ այդ Հայաստանը թույլ է ու տկար, դրա համար են ուզում երկխոսել իշխանության հետ, որ ուժեղանա»,- հայտարարեց նա:

Իսկ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե այն դատողությունը, որ արտահերթ ընտրություններն առաջնահերթ չեն, եւ կան առավել կարեւոր հարցեր` հիմնավորված չէ: «Փաստ է, որ երկրում գոյություն ունեն հիմնախնդիրներ, երկիրը դատարկվում է, խորանում է սոցիալական բեւեռվածությունը, խայտառակ վիճակ է բանակում, բայց փաստ է նաեւ, որ գործող վարչախումբը ունակ չէ լուծել այս խնդիրները եւ դիմակայել մարտահրավերներին: Գործող վարչախմբի ապաշնորհ քաղաքականության հետեւանքով է ժողովուրդը հայտնվել ծանր վիճակում: Ելքը մեկն է` պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ»,- ասաց Ս.Դեմիրճյանը:

Ելույթներից վերջինը, ինչպես միշտ, Լ.Տեր-Պետրոսյանինն էր, ով իր ծավալուն խոսքում անդրադարձավ երկխոսության ժամանակ իշխանությանը Կոնգրեսի պատվիրակության ներկայացրած արտահերթ ընտրությունների հիմնավորումներին: Նա հիմնականում խոսեց ՀՀ նախագահի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու մասին: Հանրահավաքից հետո ՀԱԿ-ը Երեւանի կենտրոնական փողոցներով երթ անցկացրեց: