– Որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ` Դուք պատասխանատու եք բանակի անձնակազմի կարգապահության, բարոյահոգեբանական մթնոլորտի եւ մի շարք այլ հարցերի համար: Մեր բանակում կատարվող միջադեպերի, սպանությունների առնչությամբ, սակայն, Դուք որեւէ պարզաբանում չեք ներկայացրել հանրությանը: Ինչո՞ւ է Ձեր պատասխանատվության տակ գտնվող համակարգում այս իրավիճակը: Խոսքը վերջերս զորամասերում կատարված սպանությունների մասին է:
– Անշուշտ, ես պատասխանատու եմ: Մեր կառույցը շատ մեծ է, այնտեղ ծառայում է Հայաստանի երիտասարդությունը: Բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր հասարակության մեջ, գոյություն ունեն նաեւ բանակում: Այնպես չէ, որ եթե բանակ է, ուրեմն ոչ մի կանոնի խախտում չպետք է լինի, եւ այնպես չէ, որ բանակում մեկ խոսքով, հրամանով ամեն ինչ հնարավոր է կարգավորել: Ծանր է բանակում ծառայելը: Այստեղ ամեն օր պետք է զինվորին, սպային ասել՝ այ սա՛ պետք է անես, այնտե՛ղ պետք է գնաս, այսքան ժամ այսի՛նչ տեղում պետք է կանգնես, եւ այլն: Շատ դժվար գործ է: Այդ պատճառով էլ կոնֆլիկտներ են լինում. չէ՞ որ ջահել տղաներ են, սկսում են իրար հետ վիճել: Խոսքը մասնավորապես վերջին դեպքի մասին է: Չեմ համարձակվի ասել, թե դա դիտավորյալ սպանություն է եղել: Դա պահի հարց է: Բուժկետում պառկած այդ զինվորը դուրս է եկել եւ ոչ նախատեսված տեղում արել մի բան, որը չէր կարելի անել: Մեկ այլ զինվոր նրան ասել է` այդ բանը այդտեղ անել չի կարելի: Նա վատ բան չի ասել, բայց շատ վատ բան է արել՝ մարդ է սպանել: Նրա ասելով` այդ դիտողությունից հետո Ա.Աբրահամյանը իրեն շատ կոպիտ է պատասխանել, եւ ինքը չհամբերելով` 2-3 անգամ խփել է նրան եւ, քանի որ կարատեիստ է, հարվածը շատ ուժեղ է ստացվել: Ա.Աբրահամյանը վատացել է, եւ նրան բերել են բուժկետ, որտեղ ավագ լեյտենանտը միանգամից օգնություն ցուցաբերելու փոխարեն, ինքն էլ է նրան հարվածել` կարծելով, թե ձեւանում է: Եթե մարդուն վատ վիճակում տարել են բուժկետ, ապա պարտավոր են բուժօգնություն ցուցաբերել: Այժմ նրանք երկուսն էլ կալանավորված են, երկուսն էլ սրիկա են, երկուսն էլ վատ հայեր են ու անպայման պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Բացի նրանցից, կալանավորված են նաեւ այն երկու բժիշկները, ովքեր այդ ժամանակ բուժկետում են եղել ու պետք է մի բան անեին նման միջադեպը կանխելու համար, բայց չեն արել: Այսինքն, կալանավորված են երեք սպա եւ մեկ զինվոր: Հիմա այդ գործով ՊՆ քննչական ծառայությունն է զբաղվում, նոր տվյալներ չունենք: Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ծանր ենք տանում բանակում տեղի ունեցած նման դեպքերը: Ամեն զոհը մեզ համար ողբերգություն է: Անկեղծ եմ ասում, այլ կերպ մտածել չեմ կարող, չէ՞ որ ես էլ երեխաներ ունեմ: Հայրը կորցրել է իր որդուն, ի՞նչ մխիթարանքի խոսք ասեմ նրան, ինչ ասում ենք` չի ընդունվում, նա որդի է կորցրել…
– Բայց այդ դեպքերը չեն կրկնվի, եթե անպատժելիության մթնոլորտ չլինի բանակում:
– Ի՞նչ անպատժելիություն, ո՞վ է ասում, թե անպատժելիության մթնոլորտ է տիրում բանակում: Միայն գլխավոր շտաբում մենք 53 անգամ ծառայողական քննություն ենք անցկացրել այս տարի: Եթե փոքր միջադեպեր են լինում, եւ վնասը մեծ չէ (աչքի կապտուկներ եւ այլն) տվյալ զորամասի հրամանատարը մեզ գրավոր զեկուցում է, եւ մենք վերլուծում, քննարկում ենք այն: Եթե դանակահարություն կամ հրազենային վիրավորվածություն է լինում, եթե մահացության դեպք է լինում, անպայման գլխավոր շտաբից մեկնում են զորամաս եւ զբաղվում տվյալ գործի քննությամբ: 53 քննության արդյունքում 50 հրաման է արձակվել նախարարի եւ իմ կողմից: 149 զինվոր, սպա տույժ են ստացել այս տարի, 10 հոգի աշխատանքից հեռացվել ու զորացրվել են, 27-ը պաշտոնանկ է արվել:
– Իսկ ինչո՞ւ է նորից այս վիճակը, ինչո՞վ եք բացատրում: Օրինակ, «Եղնիկներ» զորամասը համարվում է ամենավտանգավոր զորամասը:
– Այդպես չէ: «Եղնիկները» մեր լավագույն զորամասերից է եղել: Պաշտպանության բանակում այդ գունդը եղել է ամենալավը: Այս տարվա մեջ այդտեղ երկու դեպք է եղել: Բայց այդ զորամասը մարտունակ է: Եթե ասեմ, որ այդ գնդում ամեն ինչ լավ է, ճիշտ չի լինի, բայց այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է:
– Իսկ ինչո՞ւ չեք փոխում վատ անձնակազմին:
– Հենց վատ անձնակազմից են հեռացվել այն 10 հոգին, որոնց մասին ասացի: ԼՂՀ-ում հրամանատարներից կեսին փոխել ենք:
– Ամեն առիթով հայտարարվում է, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում: Բայց փաստն այն է, որ այսօր շատերը վախենում են իրենց երեխաներին բանակ ուղարկել: Դուք` որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, կարո՞ղ եք երաշխավորել, որ բանակում նման միջադեպեր չեն լինի: Կամ, որ Դուք անձամբ կզբաղվեք զորամասերում, մարդիկ կունենաք այնտեղ, որոնք կկարողանան կանխել նման միջադեպերը:
– Ես ամսվա մեջ մեկ օր հանդիպում եմ ծնողների հետ. 70-80 մարդ եմ ընդունում, ովքեր իրենց երեխաների հետ կապված խնդիրներ են ունենում զորամասերում: Ես չէի ասի, թե մարդիկ նման վախ ունեն: Երեւի ամենաշատը ձեր թերթն է վախենում, ես այդպես եմ մտածում: Ծնողներ են գալիս, նորմալ ձեւով խնդրում, որ իրենց երեխաները գնան ու ծառայեն ամենավտանգավոր դիրքերում: Այո՛, նման ծնողներ էլ կան: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, բանակում սպանությունները կրճատվել են` 40, մահվան դեպքերը՝ 37%-ով:
– Բայց չեք կարող թաքցնել ՀՀ կառավարության, ՀՀ նախագահական շենքերի դիմաց որդեկորույս ծնողների բողոքի ցույցերը, որոնք այսօր արդեն պահանջում են ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականը, պահանջում են, որպեսզի բանակում կարգուկանոն լինի, քանի որ իրենք իրենց երեխաներին չեն մեծացնում բանակում սպանվելու համար:
– Հասկանում եմ, իրենց երեխան է մահացել, իրենք պետք է ըմբոստանան, պետք է բողոքեն, իսկ մենք պետք է իրենց հետ հանդիպենք, բացատրենք, որ զբաղվում ենք այդ ցավոտ խնդիրներով:
– Շատ ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաների դիակների վրա բռնության հետքեր կան, սակայն մահվան եզրակացության մեջ նշված է լինում` որպես ինքնասպանություն:
– Եկեք կոնկրետ փաստերով խոսենք, որպեսզի ես ձեզ կոնկրետ պատասխանեմ: Ես դատաբժշկական փորձագետ չեմ, ոչ էլ փորձագիտության ղեկավարը: Նա՛ պետք է պատասխանի, թե ինչ է գրել եւ ինչու է գրել: Ես նույնիսկ նրա հեռախոսահամարը չունեմ, ես չգիտեմ, թե նա ով է, որ ասեմ՝ այսպես կամ այնպես գրի: Ինքն է իր գործի պատասխանատուն, եթե տվյալներ ունեք, գնացեք իրեն հարցրեք, թե ինչու է այդպես գրել: Իմ դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ լինի պարզ ու ճիշտ, որ յուրաքանչյուր մեղավոր իր պատիժը ստանա:
Մեզ մետ կադրային լուրջ պրոբլեմներ կան: Օբյեկտիվ պատճառներով այս տարի զորակոչիկները քիչ են, մենք պայմանագրային զինծառայողներին փոխելու համար զինվորներ չունենք: Կարո՞ղ ենք այդ գործը այնպես անել, որ դրանից վնաս չկրի բանակը, չէ՞ որ ուզես թե չուզես` նրանց փոխարեն նոր մարդկանց պետք է նշանակես: Մենք ստիպված ենք ընտրություն կատարել եղածների մեջ, անկախ նրանց պատրաստվածության աստիճանից: Դուք միայն վատ բաներ եք գրում բանակի մասին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բանակի սպաների 99%-ը լավ սպաներ են, որոնք Հայաստանը շատ են սիրում եւ պատրաստ են զոհվել իրենց հայրենիքի համար: Սա 100% ճշմարտություն է: Մեր սպայական կազմը՝ բանակի ողնաշարը, լավ է ձեւավորված, շատ լավ տղաներ կան: Այնպես չէ, որ բանակում այդքան վատ է վիճակը, ու մենք կարողանում ենք այդ վատ վիճակով մեր դիրքերը ամուր պահել, եւ թուրքը չի կարողանում ոչինչ անել, որ մեզանից ավելի ուժեղ լինի: Ամեն օր փորձում է, բայց չի կարողանում: Եթե մենք կազմակերպված բանակ չունենայինք, մեր թշնամին իր նպատակը կիրագործեր, բայց չի կարողանում: Մենք ադրբեջանական դիրքերի մեջտեղում գտնվող շատ դժվար դիրքեր ունենք. աջից, ձախից ադրբեջանցիներն են, բայց միեւնույն է` չեն կարողանում վերցնել: Ես սպասում եմ, որ գոնե թերթերից մեկում մի լավ բան գրեն բանակի մասին, բայց չեն գրում: Կարծես ուրախանում են, որ մի դեպք է գրանցվում: Երբ մի վատ դեպք է արձանագրվում, չեք պատկերացնում, թե այդ ժամանակ մեզ մոտ ինչ է կատարվում: Գիտե՞ք, թե ես քանի անգամ եմ թուրքի կողմից սպանված զինվոր հանձնել ծնողներին, ներողություն եմ խնդրել, իրենց հետ լացել եմ: Եվ այսքանից հետո, երբ բանակի մասին միայն վատն են խոսում, շատ դժվար է, որ դու քեզ լավ զգաս եւ կարողանաս լավ բանի մասին մտածել ու լավ բան անել: Ղեկավարների մասին վատ բաներ գրելը մամուլի սիրած զբաղմունքն է. նախարարի դեմ գրում եք, շտաբի պետի դեմ գրում եք: Գոնե իմացեք, թե ովքեր են նրանք, ինչեր են արել: Դուք միայն գիտեք, որ ես Հայաստանի հետ ընդամենը կապ եմ ունեցել, որ ես հայ եմ: Չգիտեք, որ ես ծառայել եմ Բելառուսիայում, բրիգադի հրամանատար եմ եղել, որ երեք անգամ՝ 1991թ., 1992թ. եկել եմ այստեղ եւ ասել, որ պատրաստ եմ Հայկական բանակի զինվոր դառնալ, չնայած, որ երեք երեխա ունեմ: Ոչ մի ծանոթ չունենալով` եկել եմ ու 1992-98թթ. դիրքերից չեմ իջել: Թող որեւէ մեկն ասի, որ կռվի դաշտում ինձանից առաջ է գնացել: Թող մեկն ասի, որ ես ինչ-որ մեկի հետեւից եմ գնացել: Դուք չեք ուզում դրանք իմանալ: Դուք միայն գրում եք, թե իմ տղան փողեր է հավաքել զորամասում: Գիտե՞ք, որ դրանք սուտ են:
– Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում, որտեղ նշվում էր Ձեր որդու հրամանատարության տակ գտնվող զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի մասին, ում մականունը «Ռոժ» է:
– Վ.Մարտիրոսյանը ակադեմիա ընդունվելու համար քննություններ հանձնելիս է եղել, երբ այդ դեպքը տեղի է ունեցել: Սպայական կազմից գումար են հավաքել՝ 130.000 դրամ, եւ համակարգիչ գնել զորամասի համար, որն, ի դեպ, գրանցված է զորամասի հաշվեկշռում: Հաջորդ անգամ հավաքել են 150.000 դրամ դիրքերի հրշեջ վահանակների համալրման համար: Յուրաքանչյուրի համար վճարել են 15.000 դրամ, սա նույնպես փաստաթղթերով ձեւակերպված է: Այս ամենն արել է գումարտակի շտաբի պետը` Վ.Մարտիրոսյանի բացակայության ժամանակ: Նա չի իմացել, որ նման բան է արվում: Ակադեմիա ընդունվելուց հետո ծառայակիցները նրան կանչել են զորամաս՝ շնորհավորելու: Բանակում դա ընդունված է, նման դեպքերում բոլորս հավաքվում ենք մեր գործընկերների հետ, սեղան նստում: Նման դեպքերում ընդունված է նաեւ ծառայակից ընկերների կողմից նվեր տալը: Վ.Մարտիրոսյանն իր միջոցներով է սեղան գցել, սպաները դեռ աշխատավարձ ստացած չեն եղել, ցանկացել են իրենց հրամանատարի համար մի լավ բան անել եւ, իմանալով, որ գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը վարկով «նոութբուք» է գնել, խնդրել են. «Պարո՛ն փոխգնդապետ, այդ համակարգիչը մեզ տվեք, որպեսզի նվիրենք գումարտակի հրամանատարին, իսկ դրա ամենամսյա վճարը` 30.000 դրամ, մենք կվճարենք»: Իսկ մամուլում գրում են, թե սպաներին ասել են, որ 1,5 մլն դրամ վարկ վերցնեն ու տան իրեն, եւ որ դրա հետեւում կանգնած է Խաչատուրովի տղան: Սո՛ւտ է: Դուք ընդհանրապես տեսե՞լ եք Խաչատուրովի որդուն, հետաքրքրվե՞լ եք, նա կարո՞ղ էր զինվորից, սպայից փող վերցնել: Գիտե՞ք ինչպիսի մարդ է նա:
– Իսկ ինչո՞ւ է իր անունը շոշափվում:
– Շատ բարդ հարցեր եք տալիս: Այդ պատմությունից հետո երկու սպայի կալանավորեցին: Հետո, երբ տղաս որպես հրամանատար` պահանջել է պարզել գործի էությունը, պնդելով, որ հնարավոր չէ նրանք նման բան արած լինեն, նրան պատասխանել են` դա քո գործը չէ: Դրանից հետո նա հրաժարական տվեց, որպեսզի կարողանա պաշտպանել իր սպաներին: Նրանց անմեղ ճանաչեցին ու ազատ արձակեցին: Ի՞նչ եք կարծում, եթե մեղավոր լինեին, կազատվեի՞ն: Նրանք երկուսն էլ ազատվել են ծառայությունից: Որդիս գտավ, որ այս պարագայում մարդկայնորեն ճիշտ չի լինի իր` համակարգում մնալը: Նա գտնում էր, որ իր պատճառով են նրանց զորացրել, քանի որ ցանկանում են իրեն «կպչել»: Դա իր որոշումն է, գնդապետ մարդ է, ես չեմ կարող նրա որոշումը փոխել:
– Իսկ ինչո՞ւ եք հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին մեղադրել բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», խիստ վերաբերմունք ցուցաբերելու մեջ` ասելով. «Որպեսզի դատես սպային, ինքդ պետք է սպա լինես»:
– ՀՀ զինդատախազն ասաց, թե սպաները պետք է պատիվ ունենան, ես էլ ասացի. «Այստեղ նստած են այնպիսի հրամանատարներ, ովքեր մեծ պատիվ ունեն, ու պետք է սպա լինել` սպայի պատվի մասին խոսելու համար»: Դա եմ ասել: Զինդատախազը հետո ասաց, թե վատ սպաների մասին էր խոսքը: Ես պատասխանեցի, որ իր խոսքից այն տպավորությունն էր ստեղծվում, թե ասվածը բոլորի մասին է: Հիմա իրար նորմալ բարեւում ենք ու միասին աշխատում: Կարո՞ղ է ես նրան վիրավորել եմ: Ի՞նչն է Ձեզ այդքան զարմացրել, մի՞թե իմ եւ զինդատախազի հարաբերությունները Ձեզ այդքան անհանգստացնում են:
– Ըստ օրենքի` զորակոչից առաջ նախապատրաստական աշխատանքներ պետք է տարվեն զորակոչիկի հետ: Զորակոչիկն ի՞նչ պատրաստվածությամբ է մտնում զորամաս: Ի՞նչ եք անում:
– Այդ աշխատանքները կատարում են բժիշկներն ու զինկոմիսարիատները: Հիմա ընթանում են հաշվառման աշխատանքները, մի քանի օրից ինձ կզեկուցեն, թե որքան է լինելու աշնան զորակոչիկների թիվը: Այնուհետեւ կորոշվի, թե յուրաքանչյուր զորամասին որքան զորակոչիկ է պետք, եւ այդ թվերը կներկայացվեն նախարարի հաստատմանը: Ծնողազուրկ զորակոչիկները ծառայում են բնակավայրից մինչեւ 100կմ հեռավորության վրա տեղակայված զորամասերում, դա պարտադիր պայման է, հնարավոր է` հետագայում հարց բարձրացվի եւ հեռավորությունը հասցվի մինչեւ 200կմ:
– Իսկ հնարավո՞ր է վերահսկել այդ գործընթացը, որպեսզի ծնողազուրկ երեխային չտանեն սահման ծառայության եւ նրա փոխարեն մեկ այլ երեխայի ուղարկեն մոտիկ զորամաս` «լավություն» անելու հայտնի սովորության համաձայն:
– Նման բան չի կարող լինել: Այդպիսի լուրերը շատ արագ են տարածվում: ՀՀ նախագահն իր հերթին խիստ հսկողություն է սահմանել զորակոչի ընթացքին: Բոլորին կդատեն: Բացառվում է: Գուցե նման խոսակցությունների պատճառն այն է, որ մարդիկ ծնողազուրկ եւ միայնակ ծնողի զավակ հասկացությունները շփոթում են: Միայնակ ծնողի զավակ հանդիսացող զորակոչիկի վրա այդ օրենքը չի տարածվում: Զորակոչիկի փաստաթղթերում պետք է լինի ծնողներից մեկի մահվան վկայականը կամ անհետ կորչելու մասին դատարանի որոշում:
– Նաեւ քիչ չեն դժգոհությունները բանակում տիրող կոռուպցիայի մասին:
– Կոռուպցիան ներքեւից վերեւ փոխանցվող երեւույթ է, իսկ մնացած բոլորը սովորական գողություններ ու խարդախություններ են: Գողություն եւ խարդախություն, իհարկե, բանակում կա, եւ մշտապես պայքարում ենք դրա դեմ: Բոլոր նրանք, ովքեր գողություն են կատարել, անպայման վերադարձնում են մինչեւ վերջին լուման: Եթե կատարվածը կանխամտածված գողություն է, ապա մեղավորը կալանավորվում է, իսկ եթե դա անփութության հետեւանք է, ապա տվյալ զինծառայողը հեռացվում է:
– Ես նկատի ունեմ նաեւ զորակոչի ժամանակ տեղի ունեցող կաշառակերության դեպքերը, երբ ծնողներից գումար է վերցվում իրենց երեխաներին հարմար զորամաս ծառայության ուղարկելու համար:
– Չեմ ուզում գլուխ գովել, բայց այդ իրավիճակները փոխվել են: Այն, ինչ դուք նկատի ունեք, այսօր ավելի շատ նման է վիճակախաղի: Այսպես. ծնողին ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոստանում, ստացվելու դեպքում ասում է` ես եմ արել, հակառակ դեպքում` ներողություն է խնդրում եւ վերադարձնում վերցրած գումարը: Սրա դեմ էլ են, իհարկե, պայքարում, բայց սա ԶՈՒ ԳՇ պետի գործը չէ: Դրանով զբաղվում են զինվորական իրավապահ մարմինները: Զորակոչի արդար կազմակերպումը իմ պատվի հարցն է, եւ եթե ես իմանամ, որ ինչ-որ մեկը այդ հարցում անազնիվ խաղեր է խաղում, հավատացեք…..:
Կարծում եմ, որ մամուլը պետք է գրի նաեւ սպայի պատվի մասին: Սպայի պատիվը բոլորս պետք է բարձրացնենք: Այնպես է ստացվել, որ շատ սպաներ են դատվել: Դատված, ազատազրկված սպաներ բանակում չպետք է լինեն, բայց մենք այլ կադրեր չունենք: Սպաները հաճախ դատվում են նաեւ փոքր պատճառներով` ապտակելու, շարքում ճիշտ չկանգնելու համար մեկի ոտքին խփելու, եւ այլն:
– Ի՞նչ է, ապտակելու պատճառով դատո՞ւմ են:
– Այո՛, 1,5- 2 տարի պայմանական ազատազրկման են ենթարկում: Դա էլ է դատվածություն: Դատված սպան լավ երեւույթ չէ: Պետք է այնպես անենք, որ սպայի ասածը զինվորը կատարի: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. վաշտի հրամանատարը 27 տարեկան է, եւ նա, իր երկու սպաները 70- 80 զինվորի հետ պետք է պահպանեն սահմանի` իրենց հատկացված 6-7 կմ հատվածը: Գիշերը ստուգում է եւ տեսնում, որ հենակետը դատարկ է, սահմանը ոչ ոք չի հսկում, բարկանում է, մի բան պետք է անի՞, թե՞ ոչ: Զինվորները քանակով շատ են, սկսում են վիճել, հակառակվել հրամանատարին, չկատարել նրա հրամանները: Կան զինվորներ, որոնք, տեսնելով, որ սպաները ցանկանում են կարգուկանոն պահպանել, այսպես ասած` «սարքում են» նրանց գլխին. կռիվներ են սարքում, նկարում են ու վարկաբեկում նրանց: Եթե լսեն սպաներին` հավատացե՛ք, բանակում վատ դեպքերը էապես կնվազեն: Այսօր մենք պաշտպանում ենք միայն զինվորներին, բայց մոռացել ենք սպաների մասին: Չեմ ասում, թե զինվորին պետք չէ պաշտպանել: Ծեծողը, հրմշտողը, հայհոյողը պետք է դատապարտվի, սպանություն կատարած սադիստը պետք է մինչեւ կյանքի վերջ նստի: Բայց սպայի մասին էլ պետք է մտածել: Այլապես հետո դժվար է լինելու: Ամեն օր գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի տակ: Պատերազմի դեպքում սպան է զինվորին առաջնորդում մարտի: Նա պետք է պատիվ եւ հարգանք ունենա, հարգված լինի հասարակության ու պետության կողմից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սպաներին չեք սիրում:
– Սեպտեմբերի 21-ի տոնակատարության զինվորական շքերթին պատրաստվո՞ւմ եք:
– Այո: Ես եմ պատասխանատու զորահանդեսի համար եւ վստահեցնում եմ, որ սեպտեմբերի 21-ին Ձեր կարծիքը մեր բանակի մասին էապես կփոխեք դեպի լավը: Լավ անակնկալներ են լինելու: Նման շքերթ չենք ունեցել: Մեր զորահանդեսը հակառակորդին էլ շատ կզարմացնի:
– Այսինքն` բանակի մարտունակությո՞ւնն եք ցույց տալու:
– Այո՛: Վաղը փորձեր ենք անելու, մյուս օրն էլ ենք անելու, փողոցներ ենք փակելու այդ նպատակով, որովհետեւ մեծ տեխնիկա է անցնելու:
– Իսկ սահմանի վրա ինչպե՞ս է վիճակը:
– Ադրբեջանական կողմից հինգշաբթի օրվա տվյալներով 55 կրակոց է եղել, մեր կողմից` 4 պատասխան: Գրեթե ամեն օր այդպես է: Նրանց դիպուկահարները ստիպված են կրակում մեր դիրքերի վրա, գիշերները երեւի վախենում են եւ անկանոն կրակում: Կամ վախենում են, կամ էլ իրենց մոտ կարգուկանոն չկա, ով ուզում է, երբ ուզում է` կրակում է, երեւի ամեն փամփուշտի համար պատասխան չեն տալիս: Մեր պարագայում յուրաքանչյուր կրակոցի, փամփուշտի համար պատասխան են տալիս:
– Իսկ Ձեր կարծիքով` ե՞րբ է սահմանի վրա դրությունն ավելի լարվում: Երկու երկրների նախագահների հանդիպումների ժամանակահատվածում կրակոցները շատանո՞ւմ են:
– Այո՛: Նման դեպքերում հանդիպումից առաջ կամ հետո սադրանքի են դիմում, դա նրանց սովորությունն է: Եթե հանդիպումն իրենց ուզածով չի անցնում, սկսում են կրակել: 1992թ. ես սահմանապահ զորքերի հրամանատար եմ եղել ու կարող եմ վստահեցնել, որ եթե ադրբեջանցիներին մի քիչ կրակելու հնարավորություն տաս, ապա իրենք փորձում են դառնալ արջ: Իսկ երբ մռութին խփում ես, նապաստակի նման նստում են իրենց տեղերում: Եթե իրենք դիպուկահարի կրակոցով մեր մեկ զինվորի սպանում են, մեր պատասխանը պետք է լինի քառակի: Այդպե՛ս է պետք: Եվ եթե հանկարծ պատերազմը վերսկսեն, մենք մեր տեղում չենք մնա, առաջ կգնանք:
– Իսկ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
– Այո՛, ինչպե՞ս չեմ տեսնում: Նրանք պատրաստվում են պատերազմի ու լավ են պատրաստվում: Մենք էլ ենք պատրաստվում: Թող սկսեն: Չեմ ուզում, որ պատերազմ լինի, բայց եթե լինի, արժանի հակահարված կտանք: