Երեկ Իտալիայի Կավերտա քաղաքում կայացել է ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: News.am-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբյանն ասել է, թե քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով, ըստ նրա` նախապես թատերականացված սցենար էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ: «Այդ սցենարի բովանդակությունն այն էր, որ մի շարք պատգամավորներ, ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամներ, իբր շատ մտահոգ են մեր տարածաշրջանի սառեցված հակամարտությունների խնդրով եւ պահանջում են ԵԽ ԽՎ նախագահից` ակտիվացնել Վեհաժողովի գործունեությունը սառեցված հակամարտությունների հանգուցալուծման գործում»,- ասել է Ն. Զոհրաբյանը: «Ինձ համար հասկանալի էր, որ այդ բուռն մտահոգվողները նրանք են, ովքեր ուղղակիորեն գտնվում են Չավուշօղլուի ազդեցության տակ, Չավուշօղլուն շատ համբերատար լսում էր այդ բողոքները, թե ինչու հայկական պատվիրակությունը չի մասնակցում ենթահանձնաժողովի աշխատանքներին: Իսկ վերջում էլ, մատնանշելով ինձ, ասաց, թե այստեղ նստած է հայկական պատվիրակության անդամը, ով իր բոլոր հարցազրույցներում ուղղակիորեն մեղադրում է ինձ, թե ես եմ վերաբացել այդ ենթահանձնաժողովը, տիկին Զոհրաբյանը մեղադրում է ինձ անհիմն, մինչդեռ եվրոպացի խորհրդարանականներն են նշում, որ հայկական պատվիրակությունը սխալ է անում»,- հավելել է նա: Այս հայտարարությունից հետո Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել եւ հայտարարել է. «Թե ձեզ համար, թե այստեղ շոու սարքածների համար կրկին ներկայացնում եմ հայկական կողմի դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը գտնվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, եւ այդ ենթահանձնաժողովի միջամտությունը ուղղակիորեն խոչընդոտում է բանակցային գործընթացին: Դուք շարունակում եք ձեր իսկ ծրագրած շոուն: Հայկական պատվիրակությունը ինչպես չի մասնակցել, այնպես էլ չի մասնակցելու ենթահանձնաժողովի աշխատանքներին: Դուք կարող եք ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպել եւ քննարկել ենթահանձնաժողովի խնդիրները»: