«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով միշտ գոյություն են ունենալու բանակում»: 2010 թ.-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այս միտքն այսօր էլ շարունակում է հիթային մնալ: Այն կրկնում են տարբեր կալիբրի չինովնիկներ` վստահ` ավելի լավ չես հիմնավորի բանակում տիրող իրավիճակը, քան հղում անելով հասարակական փոխհարաբերություններին: Գրեթե ամեն օր բանակից եկող «սեւ թուղթն» էլ, ըստ շատերի, ունի իր տրամաբանությունը` բանակում այդպես եղել է միշտ, խուճապի մատնվելու հիմքեր չկան, այն, ինչ տեղի է ունենում այսօր, եղել է միշտ: Այսինքն` լրիվ նորմալ է, որ միայն 2010 թ.-ին, ըստ հասարակական եւ իրավապաշտպան կառույցների տվյալների, բանակում զոհվել է 54 զինվոր: Այս տարվա մռայլ վիճակագրությունը, ցավոք, դեռեւս ամբողջական չէ: Այսօր արդեն սահմանային վիճակ է. նա, ով չի ցանկանում ծառայել բանակում եւ ի վիճակի է իր այդ ցանկությունը հիմնավորել կաշառքով, չի ծառայում: Ծառայում են նրանք, ովքեր ցանկանում են, եւ նրանք, ովքեր ի վիճակի չեն ազատվել: Եվ դա էլ, թերեւս, պատճառն է, որ բանակ են ուղեւորվում նաեւ հիվանդ երիտասարդները` զորակոչի համար անհրաժեշտ թիվն ապահովելու համար:
Ազգային բանակում վերջին երկու սպանությունները («Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյան եւ ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանված 19-ամյա Հայկ Մկրտչյան), Ասկերանի զորամասերից մեկում խելագարության հասցված Հովհաննես Վարդանյանի դեպքը, դրանց նախորդած բազմաթիվ սպանությունները, խոշտանգումներն ու ինքնասպանությունները երկրի ղեկավարությանը պետք է ստիպեին բանակի վերաբերյալ հեղափոխական որոշումներ ընդունել: Այսինքն` եթե լիներ իշխանությունների քաղաքական կամքը, չէին լինի ամուլ այդ հիմնավորումները` ինչպիսին հասարակությունն է, այնպիսին բանակն է:
Օրերս «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր Նորքի հոգեբուժարանում հայտնված արարատցի 20-ամյա զինծառայող Հովհաննես Վարդանյանի վիճակի մասին պատմող կադրեր: Տղային, ըստ նրա հոր պատմածի, ԼՂՀ Ասկերանի զորամասում խելագարության են հասցրել, ապա գաղտնի տեղափոխել Նորքի հոգեբուժարան: Երիտասարդը` հարցին ի պատասխան, ի՞նչ է պատահել բանակում նրա հետ, ասում է` իրեն փորձել են բռնաբարել: Նրա մարմինը խոշտանգված էր:
Հետաքրքիր է, թե զորամասում ինչպես են տղայի հորը հայտնել որդու հիվանդության մասին: Ասել են. «Աչքդ լույս, տղադ ազատված է բանակից»: Այսինքն` ավելի նախընտրելի է լինել հոգեբուժարանում, քան ծառայել բանակում:
Սակայն ինչ վիճակում էր Հովհաննես Վարդանյանի հայրը: Ինչ խոսք` անասելի ծանր: Ծնողական բնազդն իռացիոնալ է: Ծնողի առաջին ռեակցիան, երբ լսում է, որ իր զավակին փորձել են բռնաբարել, խոշտանգել են, պիտի լինի գնալ ու այդ սպային կամ մեղավորին ուղղակի սպանել: Սոցիալական ճնշվածությունը, անզորությունը, նվաստացումը մարդուն ստիպել է գնալ զորամաս, հետո` Պաշտպանության նախարարություն, հետո` Զինկոմիսարիատ, հետո` հիվանդանոց: Եվ ամեն տեղ հանդիպել է անտարբերության: Ավելին, ոչ մի տեղից, ինչպես վշտացած հայրն էր պատմում, իրեն օգնություն չեն առաջարկել: Ֆինանսական օգնություն. մեր երկրում սա վիշտն ու նվաստացումը փոքր-ինչ տանելի դարձնելու միակ փորձված միջոցն է:
Եվ ինչ-որ մարդիկ, ովքեր զուգահեռներ են տանում հասարակության եւ բանակի բարոյական անկման միջեւ, վստահ են, որ երկրի պաշտպանությունն ապահո՞վ ձեռքերում է, երբ ունեն հիվանդ հասարակություն եւ հետեւաբար` հիվանդ բանակ:
Աղմկահարույց սպանություններին հաջորդող հավաստիացումները, թե Զինդատախազությունն ամեն ինչ կանի` մեղավորներին հայտնաբերելու եւ խստագույնս պատժելու համար, արդեն չեն լսվում: Նախադեպը ցույց է տալիս, որ եթե անգամ բոլոր մեղավորները խստագույնս դատապարտվեն (եթե), բանակում տիրող մթնոլորտը, սպայական կազմի որակը, գեներալիտետի անասելի ցածր մակարդակը թույլ չեն տալիս բանակին կայանալ:
Բանակին անհրաժեշտ են հեղափոխական ռեֆորմներ: Պետք է փոխվի կառավարման փիլիսոփայությունը: Թող պաշտպանության համակարգի մասնագետներից մեկը հիմնավորի, թե ինչո՞ւ հենց երկու տարի զինվորը պետք է անցկացնի բանակում եւ ոչ թե, դիցուք, մեկ տարի: Թող ներկայացնի, թե այդ երկու տարվա մեջ ամեն օր այդ ի՞նչ են սովորում մեր տղաները: Ինչո՞վ են զբաղված յուրաքանչյուր օր: Զրուցեք զորացրված երիտասարդների հետ. նրանք հիմնականում պարապ են մնում եւ բանակից դուրս են գալիս շատ քիչ բան սովորած: Ավելի ստույգ` սովորում են միմյանց միջավայրում գոյատեւել, ինքնապաշտպանվել: Սա վատ հատկանիշ չէ, սակայն պատերազմի ժամանակ: Թշնամակա՛ն միջավայրում: Իսկ բանակում, կարծես, միայն հայեր են:
Կրճատելով պարտադիր զինծառայության ժամկետը` ժամանակն ավելի նպատակային օգտագործելու հաշվին, բանակում նման միջադեպերն անհամեմատ քիչ կլինեն: Հաշվի առնելով բարձրաստիճան զինվորականների անհասկանալի հակումները, թուլությունը կաշառքի, զինվորին ստորացնելու հանդեպ, պետք է ոտքից գլուխ վերանայել այդ կազմը: Սակայն սա նշանակում է` զգալի կրճատել նաեւ կոռուպցիան բանակում, այսինքն` այն փողերը, որոնք, ինչպես Առատության եղջյուրից, հոսում են բարձրաստիճան զինվորականների ու ոչ միայն նրանց գրպանները: Սրան արդեն երկրի ղեկավարները պատրաստ չեն: Հետեւաբար` շարունակելու են կրկնել` ոչինչ անել ի վիճակի չենք. ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակն է: Ո՛չ: Որքան ոչ պրոֆեսիոնալ ու անազնիվ են երկրի կառավարիչները, այնքան վատ է վիճակը բանակում եւ մնացած բոլոր ոլորտներում` անխտի՛ր: Իսկ հասարակությունը նույն վիճակում է, ինչ բանակում խելագարված երիտասարդի հայրը` կտրուկ քայլերի փոխարեն` ակնկալում է գոնե ինչ-որ օգնություն: Համաձայն է, թեկուզ ընտրությունների ժամանակ: