Ի՞նչ արժե շաքարավազը

10/09/2011

Այս տարվա օգոստոսի 31-ին ԱՎԾ-ն հրապարակեց սպառողական գների ինդեքսի (գնաճի) նախնական զեկույցը՝ 2011թ. հունվար-օգոստոս ամիսների համար։ Պարզվեց, որ օգոստոսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) ահագին նվազել է եւ կազմում է 4.8%։ Սակայն լրագրողները նկատեցին, որ զեկույցում կա մի սխալ. վիճակագիրները նշել էին, որ շաքարավազի գինը թանկացել է ընդամենը 0.2%-ով։ Այն դեպքում, երբ շաքարավազի գինը մեկ օրվա ընթացքում թանկացել էր շուրջ 25%-ով՝ 370 դրամից հասնելով 450-460 դրամի։ Հրապարակման հաջորդ օրը ԱՎԾ ներկայացուցիչը մամուլի ասուլիսում անդրադառնալով գնաճի ցուցանիշներին` ընդհանրապես, շաքարավազի գնին՝ մասնավորապես, պարզաբանել էր, որ հրապարակման հեղինակները պարզապես չեն հասցրել շաքարավազի գնի թանկացումը ներառել հաշվարկների մեջ։ Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 7-ին, ԱՎԾ-ն հրապարակեց գնաճի ամբողջական տվյալները՝ ըստ տարբեր ապրանքատեսակների։ Ճիշտն ասած, սպասում էինք, որ մեր վիճակագիրները հասցրած կլինեին շտկել իրենց սխալը եւ շաքարավազի գնի թանկացումը մտցրած կլինեին իրենց հաշվարկների մեջ։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Փաստաթղթում կրկին նշված էր, որ շաքարավազի գնի հավելաճն օգոստոսին նախորդ ամսվա համեմատ 0.2% է։ Ուշագրավն այն է, սակայն, որ գնաճի ցուցանիշը համառորեն չուղղելու հետ մեկտեղ, շաքարավազի համար վիճակագիրները ներկայացրել են անհասկանալի մի գին (փաստաթղթի վերջին բաժնում ներկայացվում են բոլոր 470 անուն ապրանքների գները` ըստ դիտարկման արդյունքների)։ Այսպես, շաքարավազի գինը Երեւանի համար նշված է 396 դրամ, մարզերի համար՝ 385-405 դրամ։ Սա անհասկանալի է այնքանով, որ զգալիորեն գերազանցում է տեւական ժամանակ շուկայում առկա գինը՝ 370 դրամը, եւ մյուս կողմից` շատ ավելի էժան է ներկայիս գնից։ Մի խոսքով՝ ինչ-որ միջինացված թիվ է, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ հայրենի վիճակագրությունից գլուխ հանելը «թթու թան չէ…»։