Առարկությունները պրոֆեսիոնալ չեն,- ասում է Երեւանի գլխավոր ճարտարապետը

10/09/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքերով, մեծ նվիրում ունեմ Երեւան քաղաքի կառուցման մեջ»,- երեկ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Իր նախագծերին ընդդիմախոսության մեջ Ն. Սարգսյանն անձնական հաշիվների, չարության, նախանձի բաղադրիչ է տեսնում: Նա թվարկեց իր առաջարկած նախագծերը, որոնց Ճարտարապետների միությունը տարիներ շարունակ դեմ է եղել. «Ստացվում է այնպես, որ երբ ես ինչ-որ բան եմ ասում, Միության դիրքորոշումը հակառակն է: Շատ հետաքրքիր կլինի մի օր լսել, թե իրենք ինչ են ասում, ինչպիսին են տեսնում Երեւանը: Իսկ իրենք ասում են` Երեւանում քարը քարի վրա չդնել: Ինչպե՞ս կարելի է ապրել այս քաղաքում ու չկառուցել: Ես դա համարում եմ անձնավորված, պատճառները` խորքային»,- ասաց նա: Նրա համոզմամբ` վերջին 10 տարիներին Երեւանում վերաբացվել եւ վերականգնվել են բազմաթիվ փողոցներ, շենքեր, եւ որ ինքը շատ ուրախ է այդ գործում լումա ունենալու համար:

Ժամանակացույց է պատրաստվում, որով կսկսվեն Աբովյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կապամոնտաժվեն մայթերի կապիտալ կառույցները: Երեք մետր հետ կտարվի «Մարկո Պոլո» սրճարանը: Կիրականացվեն Հյուսիսային պողոտայի, Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագրերը: Կբարեկարգվի մայրաքաղաքի գլխավոր պողոտան: Ն. Սարգսյանը նշեց, որ իրականացվող բարեփոխումներում իրենք հաշվի են առել մայրաքաղաքի բոլոր հատվածների համաչափ ընդգրկվածությունը: Ծրագրված է Դավիթաշեն-Աշտարակ-Եղվարդի խճուղի միացնող ճանապարհի, Նորագավիթն Արտաշատի մայրուղուն միացնող հատվածի կառուցում, կիրականացվեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մեծ այգու բարեկարգման աշխատանքները: Բարեկարգվելու է Գարեգին Նժդեհի փողոցը:

Ըստ գլխավոր ճարտարապետի` նախատեսված է նաեւ Խ. Աբովյանի արձանին հարող հրապարակի եւ Բրազիլական հրապարակի ձեւավորում-կառուցապատումը, «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, Մելիք-Ադամյան փողոցի կառուցապատումը: Անդրադառնալով Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի բակում, թմբուկի կառուցմանը, Ն. Սարգսյանը նշեց, որ դա բացառապես մասնագիտական խնդիր է եւ հանրային քննարկման խնդիր չէ: Ըստ նրա` հանրային քննարկումով չէր կառուցվի օպերան, կառավարության շենքը, Էյֆելյան աշտարակը. «Բոլոր այդ կառույցներին հանրությունն ու հայտնի մարդիկ դեմ են եղել: Այստեղ խոսքը որեւէ մեկի կապրիզի մասին չէ: Կա Ալեքսանդր Թամանյանի լիարժեք նախագիծը, եւ երբ Հանրային խորհրդում մասնագիտությամբ գինեկոլոգ մի տիկին ասում է, որ դրանք Թամանյանի խզբզոցներն են եւ ոչ թե նախագիծ, առնվազն ամոթալի է մասնակցել նման քննարկումների: Կառավարության գմբեթի կառուցման նախագիծը չի իրականացվել Մոսկովյան իշխանությունների ցանկությամբ, քանի որ Երեւանի հրապարակը կդառնար շատ տպավորիչ, շատ հզոր եւ շատ կարեւոր: Այդ հարցում մեծ փորձեր էր արել Կարեն Դեմիրճյանը, եւ պաշտպանում էին, որպեսզի այդ թմբուկը կառուցվի: Թմբուկի դեմ լինելու պրոֆեսիոնալ արգումենտներ մենք չունենք: Մենք քննարկել ենք դա քաղաքաշինական խորհրդում, եւ բոլորը միաձայն պաշտպանում էին թմբուկի կառուցման մեր գաղափարը»,- ասաց Ն. Սարգսյանը: Գլխավոր ճարտարապետի խոսքով` գմբեթի կառուցմանը դեմ են ընդամենը մի քանի մարդիկ: «Իմ տարբերությունը նրանում է, որ ես ազատ չեմ խոսում: Ես ձեզ կարող եմ ասել հետեւյալը՝ բազմաթիվ մտավորականներ իմ ընկերներն են՝ սկսած հանգուցյալ Աղասի Այվազյանից: Ես ձեզ կարող եմ ասել, որ այդ ամեն ինչի մեջ կա, չէի ուզի էդ բառն օգտագործել, բայց կա չարություն, նախանձ»,- ասաց նա:

Երեւանը տարբեր եւ իրար հետ կապ չունեցող բնակավայրերի միավորում է: Այն մետրո կառուցելու համար արհեստական մեծացրել են, ներառել են բազմաթիվ գյուղեր: «Ժամանակին առաջարկեցի Երեւանի` իրար հետ կապ չունեցող բնակավայրերից բաղկացած միավորում ստեղծել: Ոչ ոք ինձ չի կարող բացատրել, թե ինչո՞ւ է Նուբարաշենը համարվում Երեւան, իսկ Արգավանդը չի համարվում: Այդ առումով առաջարկում էի մի քանի քաղաքների բաժանել, նորից այն ժամանակ հայտարարեցին, թե դա իշխանությունների պատվերն է՝ իշխանությունները ճիշտ հակառակ կարծիքին էին»,- ասաց Ն. Սարգսյանը: Լրագրողներից մեկի հարցին` «Արդյոք նա հաճա՞խ է լինում Հյուսիսային պողոտայում եւ կապ ունի՞ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ», ճարտարապետը պատասխանեց. «Հյուսիսային պողոտայում հաճախ եմ լինում, Գագիկ Բեգլարյանի հետ ունեմ հին եւ ընկերական հարաբերություններ, եւ իրեն հանդիպում եմ շատ հաճախ»: