Փայլուն խաղ

14/11/2005

Ավարտվեց Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Ինչպես արդեն գիտեք, մեր շախմատիստները վերջին տուրում ոչ-ոքի խաղացին Կուբայի թիմի հետ եւ գրավեցին երրորդ տեղը։ Վերջին տուրում իսկական մարզական սխրանք գործեցին ռուսները եւ 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով չինացիներին՝ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը։ Ընդ որում, եթե Բու Քսանջիից բացի եւս մեկին հաջողվեր ոչ-ոքի խաղալ, ապա ոսկե մեդալները բաժին կհասնեին չինացիներին։

Ի մի բերելով արդյունքները, կարող ենք ասել, որ մեր տղաները փայլուն հանդես եկան։ Նրանք պարտության մատնեցին օլիմպիական չեմպիոն Ուկրաինային, երկրորդ մրցանակակիր Չինաստանին եւ միակ պարտությունը նվազագույն հաշվով կրեցին աշխարհի չեմպիոն Ռուսաստանից։ Բրոնզե մեդալը նույնպես լավ արդյունք է այսպիսի բարձր կարգի առաջնությունում, ինչը մեկ անգամ եւս հաստատում է հայկական շախմատի բարձր կարգը։ «168 Ժամը» շնորհավորում է հայ շախմատիստներին՝ Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Կարեն Ասրյանին, Ռաֆայել Վահանյանին, Սմբատ Լպուտյանին, Աշոտ Անաստասյանին, մարզիչ Տիգրան Նալբանդյանին եւ մաղթում նրանց նորանոր հաջողություններ։ Նշենք, որ այսօր արդեն շախմատիստները Երեւան հասած կլինեն: