Երեկ բանակում տեղի է ունեցել մահվան ելքով հերթական միջադեպը. ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Վասիլի Մկրտչյանը: Ըստ ՊՆ տրամադրած տեղեկատվության, զինվորը մահացել է «համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից»: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխան տալու խաղաղ պայմաններում` գրեթե ամեն օր արձանագրվող հայ երիտասարդների սպանությունների համար: Ո՞վ կարող է երաշխավորել բանակում ծառայող երիտասարդների եւ առաջիկայում բանակ մեկնել պատրաստվող նորակոչիկների արդեն ոչ թե անվտանգության, այլ կյանքի համար: Այս հարցերը, որոնք իրականում կոնկրետ հասցեատերեր ունեն, դարձել են հռետորական: Բնականաբար, բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի եւ զինվորների սպանությունների համար պատասխանատու է պետության ողջ ղեկավարությունն` ընդհանրապես, եւ զինված ուժերի ղեկավարությունը` մասնավորապես: Մեղադրանքների առաջին սլաքն ուղղվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչը զուտ մարդկային առումով հասկանալի է: Սակայն բանակի վերաբերյալ քննարկումներում շրջանցվում է խնդրի իրավական-օրենսդրական կողմը: Բանն այն է, որ «ՀՀ Պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն` փոխվել է զինված ուժերի կառավարման համակարգը: 2008թ. ընդունված այդ օրենքով հստակ տարանջատվում են ՀՀ նախագահի, կառավարության, պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի լիազորությունները բանակի կառավարման հարցում: Մասնավորապես` տարանջատվում են պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Վերջինս էլ` գլխավոր շտաբի պետը, հանդիսանում է երկրի զինվորական բարձրագույն պաշտոնյան: Այսինքն` զուտ պաշտոնեական առումով զինված ուժերում կատարվող նման միջադեպերի, ընդհանրապես բանակում տիրող մթնոլորտի, անձնակազմի, կարգապահության համար պատասխանատու է առաջին հերթին ԶՈՒ գլավոր շտաբի պետը` Յուրի Խաչատուրովը: Իսկ որեւէ մեկը երբեւէ լսե՞լ է, որ նա բանակում կատարվող սպանությունների մասին որեւէ տեսակետ արտահայտի: Ո՛չ, որովհետեւ նման բան չի եղել: Դա, իհարկե, չի նշանակում, թե Պաշտպանության նախարարը կամ այլ բարձրաստիճան զինվորականներ պատասխանատվություն չեն կրում բանակում տիրող իրավիճակի, այդ ծանր դեպքերի համար: Բայց եթե խոսում ենք նրանց մասին, ապա այդ շարքում ի պաշտոնե առաջինը պետք է լինի Յու. Խաչատուրովը, ով, ինչպես հայտնի է, բարձրագույն իշխանության կողմից «ինդուլգենցիա» ունի: Նշենք, որ Գլխավոր շտաբի պետը երեկ խոստացել է, այնուամենայնիվ, պատասխանել բանակում կատարված վերջին միջադեպերի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին: Եթե այդ խոստումը մնա ուժի մեջ, նրա հետ հարցազրույցը կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում: