Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 9-ի հանրահավաքից հետո հաճախակիացնելու է զանգվածային միջոցառումների անցկացումը: Երեկ այսպիսի որոշում է ընդունվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ:
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, սեպտեմբերի 9-ի միտինգի հետ կապված հարցերը, մեր հետագա գործողությունների ծրագիրը, երկխոսության վերաբերյալ մեր դիրքորոշումները: Որոշել ենք, որ գնում ենք մեծ զանգվածային միջոցառումների հաճախակիացմանը: Քննարկել ենք, թե որքանով իմաստ ունի երկխոսությունը շարունակելը եւ որ դեպքում: Եզրահանգումները կհայտնենք սեպտեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հատկապես զանգվածային միջոցառումները հաճախակի անցկացնելու խնդիրը բավականին ցավոտ է թե՛ հասարակության, եւ թե՛ Կոնգրեսի համար: 2008թ. նախագահական ընտրություններից հետո ու հատկապես այս տարի քաղաքական շրջանակներում Կոնգրեսին անընդհատ մեղադրում են, որ ուշ-ուշ է հանրահավաքներ հրավիրում: Ճիշտ է, ՀԱԿ առաջնորդները յուրաքանչյուր հանրահավաքից հետո բացատրություններ են ներկայացրել, թե ինչու են հաջորդն այդքան ուշ անցկացնում կամ այդ ընթացքում իշխանություններից ինչ քայլեր են սպասում, միեւնույն է, այդ զանգվածային միջոցառումների միջեւ ընկած ժամանակահատվածի երկարությունը երբեմն դժգոհություն է առաջացրել հասարակության մեջ եւ քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել: Վերջին հանրահավաքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, այսինքն` ավելի քան մեկ ամիս առաջ: Այս անգամ էլ պատճառը երկխոսությունն էր, կամ երկխոսության գործընթացից ունեցած ակնկալիքները: Կոնգրեսի առաջնորդները հայտարարել են, թե եթե իշխանությունները սեպտեմբերին չհանգեն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը, ապա իրենք սպառված կհամարեն երկխոսության անհրաժեշտությունը եւ նորից կսկսեն զանգվածային միջոցառումների շարքը: Եվ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Տիգրան Առաքելյանին կալանավորելու պատճառով Կոնգրեսն առկախել է երկխոսությունը: Ու մեծ հույսեր չկան, որ այն կշարունակվի: Եվ եթե նույնիսկ իշխանությունները որոշեն այսօր կամ վաղը Տ.Առաքելյանին ազատ արձակել, ապա դժվար թե երկխոսությունը միանգամից վերսկսվի: Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Փարիզում է եւ մասնակցում է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Նրա օգնականը տեղեկացրեց, որ Դ.Հարությունյանը Երեւանում կլինի սեպտեմբերի 13-ին: Իսկ հենց այդ օրն էլ սկսվելու է աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, ու պարոն Հարությունյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ քննարկմանը ներկայացնելու բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունի: Իսկ առանց Դ.Հարությունյանի դժվար թե իշխանության պատվիրակները բանակցելու գնան, հատկապես որ, նրանք էլ պատգամավոր են եւ կարոտած կլինեն ԱԺ նիստերին: Այնպես որ, երկխոսության շարունակությունը բավականին կասկածելի է: Եվ եթե նույնիսկ այն շարունակվի, միեւնույն է, քիչ հավանական է, որ իշխանությունը կամավոր ընդունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի պահանջը: Այնպես որ, Կոնգրեսին այլ բան չի մնում, քան սկսել բողոքի զանգվածային միջոցառումներ: Հատկապես, որ քաղաքական շրջանակներից բացի, վերջերս «Wikileaks» կայքի հրապարակումներում էլ բացասական նյութեր կային արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների մասին: Այնպես որ, Կոնգրեսն, ուզի թե չուզի, պետք է զանգվածային եւ նախընտրական պայքար ծավալի ամենաուշը հոկտեմբերից սկսած: Ժամանակը ցույց է տվել, որ հապաղելու դեպքում կկորցնի ժողովրդի աջակցությունը:
Այս անգամ ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունները, որպեսզի զսպեն ընդդիմության կողմից ծավալվող զանգվածային միջոցառումները: Կոալիցիայի պատվիրակության անդամ հանրապետական Գագիկ Մինասյանն, օրինակ, համարում է, որ երկխոսությունն ավարտված չէ եւ այսօր էլ շարունակվում է, իսկ մնացած երեւույթների մասին խոսելը դեռ վաղ է: Իսկ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը թեեւ կարծում է, որ այն կարելի է ավարտված համարել, բայց համոզված է, որ «հայկական մենթալիտետի համար առճակատումներն ու ընդհարումները ցանկալի երեւույթներ չեն»: «Բայց եթե սեպտեմբերին կամ հոկտեմբերին տեղի ունենա ոչ սովորական մի բան, որի անունը կդնեք իշխանափոխություն, ուրեմն նշանակում է, դա պիտի տեղի ունենար: Թող տեղի ունենա: Բայց, օրինակ, որտեղի՞ց է ՀԱԿ-ը որոշում, որ բողոքական զանգվածը հենց իր հետեւից պետք է գնա»,- հարցնում է պարոն Բոստանջյանը:
Այստեղ թերեւս կարելի է Կոնգրեսի հնարավորություններին հավատալ, որովհետեւ, եթե նրանք, իսկապես, ցանկացել են մեծ զանգվածներ հավաքել, հաջողել են: Դրա ապացույցն այս գարնանը տեղի ունեցած մի քանի բազմահազարանոց հանրահավաքներն էին: Երբ ՀԱԿ-ը ցուցադրում էր կոշտ ու մարտական կեցվածք, կարողանում էր մարդաշատ հանրահավաքներ անել: Բայց դրանից հետո անցած մի քանի ամիսներին երբ իշխանություններին կոչ արեց երկխոսության գնալ, եւ այդ պատճառաբանությամբ մեղմ մարտավարություն որդեգրեց, զգալիորեն քիչ մարդ էր գալիս հանրահավաքներին: Իհարկե, այստեղ նշանակություն ուներ նաեւ ամառային շրջանը, որը միշտ էլ պասիվ է եղել քաղաքական գործընթացների համար: Ամեն դեպքում, եթե Կոնգրեսը որոշի կտրուկ սրել իրավիճակը, կարող է եւ հաջողության հասնել: «Բոլոր դեպքերում այն, ինչ որ պետք է տեղի ունենա, չի կարող տեղի չունենալ: Ես չեմ կարող ինձ վրա պատասխանատվություն վերցնել եւ ասել, թե իշխանությունը շատ է մտահոգված, կամ քիչ է մտահոգված: Մտահոգության ամպլիտուդը կորոշվի այն ժամանակ, երբ պարզվի, թե ինչ որոշում կկայացվի այս առկախված երկխոսության համար: Աշնանը սրացում կլինի, թեժություն կլինի, դա կուղեկցվի ցնցումներով թե ոչ, այնուամենայնիվ, առնվազն ծիծաղելի է այդ երկխոսությունը կապել մի երիտասարդ, միգուցե էմոցիոնալ տղայի վարքագծի հետ»,- ասաց Վ.Բոստանջյանը:
«Եթե այսօր կամ վաղը Տ.Առաքելյանին բաց թողնեն, հնարավոր է, որ երկխոսությունը շարունակվի: Մեր հայտարարությունը շատ հստակ է անդրադառնում այդ հարցին»,- ավելացրեց Լ.Զուրաբյանը: