(ԱՆ)մրցունակության կենտրոն

08/09/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բոլորովին վերջերս ինչ-որ առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր՝ թե մեր երկրի բիզնես միջավայրը բարելավվում է։ Որպես ասվածի ապացույց՝ Տ. Սարգսյանը հիշեցրել էր e-register կայքի մասին, որի միջոցով հնարավոր է 15 րոպեում ընկերություն գրանցել։

Պարզվում է, սակայն, որ մեր երկրի գործարարները առանձնապես ոգեւորված չեն ոչ այդ նորարարությամբ, ոչ էլ հայրենի կառավարության մյուս բարեփոխումներով։ Այդ մասին վկայում է համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված 2011-2012թթ. մրցունակության զեկույցը։ Ցուցանիշներն այստեղ կառուցվում են գործարարների գնահատականների հիման վրա։

Պարզվում է, որ տեղական մրցակցության ուժգնության չափանիշով 142 երկրների շարքում զբաղեցնում ենք 139-րդ տեղը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ՝ 138-րդ տեղը, շուկայում գերիշխող խմբերի առկայությամբ՝ 133-րդ տեղը։ Կրկին հիշեցնենք, այս գնահատականները տվել են Հայաստանի գործարարները։ Եվ դա` այն դեպքում, երբ մեր կառավարությունը (մանավանդ ճգնաժամից հետո) ամեն առիթով խոսում է մենաշնորհների դեմ պայքարի, ազատ մրցակցության ձեւավորման մասին։

Կամ, օրինակ, մաքսային գործընթացների բեռի առումով մեր գործարարները սեփական տնտեսությունը դասել են 132-րդ տեղում, երբ կառավարությունը օրնիբուն հայտարարում է, որ զգալիորեն բարելավվել է հարկային, մաքսային վարչարարությունը։ Իհարկե, սրանք, այսպես ասած, ամենախոցելի ցուցանիշներն են։ Կան որոշ չափանիշներ, որոնցով մենք առաջատար դիրքեր ենք գրավում։ Օրինակ՝ գործարարության վրա մալարիայի ազդեցության չափով եւ մալարիայի դեպքերի քանակով առաջին հորիզոնականում ենք։ Այսինքն՝ Հայաստանում գործող բիզնեսմենները աշխարհում ամենապաշտպանվածն են մալարիայից։

Վատ ցուցանիշներ չենք գրանցել նաեւ ահաբեկչության հետեւանքով բիզնեսի կրած ծախսերի տեսանկյունից՝ 17-րդ հորիզոնական։

Մի խոսքով, բոլոր ցուցանիշները հաշվի առնելով, Հայաստանը 142 երկրների շարքում իր մրցունակությամբ զբաղեցնում է 92-րդ տեղը։ Տարբեր ասպարեզներում կենտրոնական դերի հավակնող (ֆինանսական կենտրոն, զբոսաշրջության կենտրոն) երկրի համար սա չի կարելի գոհացուցիչ ցուցանիշ համարել։ Սակայն զեկույցում լուսավոր կետ կա. նախորդ տարվա համեմատ մենք առաջադիմել ենք 6 հորիզոնականով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, դա պայմանավորված է մրցունակության ցուցիչի հենասյուների մեծ մասի բարելավումներով. մասնավորապես, էական առաջընթաց է գրանցվել հաստատությունների, ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, աշխատուժի եւ ֆինանսական շուկայի, ինչպես նաեւ` տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտներում:

Թե ինչ վիճակում ենք մենք, ըստ, այսպես ասած, մրցունակության հենասյուների, կարող եք տեսնել աղյուսակ 1-ում։

Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու գործելակերպը, գործունեություն սկսելու գործընթացների պարզությունը, ինչպես նաեւ մալարիայի, հանցագործությունների եւ ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը, մաքսադրույքների չափը: Զեկույցում նշվում է, օրինակ, որ այս տարի բջջային կապի բաժանորդների քանակը ներառվել է 10 լավագույն ցուցանիշների կազմում։

Ինչ վերաբերում է թերություններին, ապա ամենից զգալի չափով մեր դիրքերը զիջել ենք մակրոտնտեսական միջավայրի եւ կայունության տեսանկյունից։ Ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները, մաքսային գործընթացների բեռը, ինչպես նաեւ բուհ-արդյունաբերություն կապը, պետության կողմից տեխնոլոգիական ապրանքների գնումները, շուկայի չափը, բիզնես կրթության որակը:

Չնայած բոցաշունչ ելույթներին, ամենամեծ խնդիրը գործարարների համար շարունակում է մնալ կոռուպցիան, որին հաջորդում են հարկային վարչարարությունը, բյուրոկրատիան, գնաճը, փոխարժեքի քաղաքականությունը եւ այլն։

Սակայն զեկույցի գնահատականները առավել տխուր են դիտվում, երբ նայում ենք այլ երկրների, եւ մասնավորապես՝ ԱՊՀ երկրների հետ համեմատության մեջ (աղյ. 2

Շատ հաճախ, երբ մեր իշխանությունները սոցիալ-տնտեսական իրողությունների մասին գնահատական են հնչեցնում եւ շեշտը դնում են համեմատությունների վրա, մենք քննադատաբար ենք մոտենում։ Այն առումով, որ նրանց համար կարեւորվում է ոչ թե իրական վիճակը, այլ մարզական հետաքրքրությունը։ Այսինքն՝ կարեւորը` վարկանիշների մեջ հարեւաններից առաջ անցնենք։

Սակայն, երբ խոսքը վերաբերում է մրցունակությանը, ապա համեմատությունն այստեղ անհրաժեշտ է։ Այլապես մրցունակ լինելը կկորցնի իմաստը։ Մրցունակ պետք է լինել ինչ-որ մեկի (գոնե մեկի) համեմատ։ Եվ այս պարագայում, երբ խոսվում է երկրի մրցունակության մասին, առաջին հերթին համեմատության մեջ են դրվում տարածաշրջանի երկրները եւ անմիջական հարեւանները։

Ադրբեջանը մեզանից շատ ավելի մրցունակ է գնահատվել։ Այն, ըստ ֆորումի, ԱՊՀ ամենամրցունակ երկիրն է։ Մեզանից մրցունակ է նաեւ Վրաստանը։ Թուրքիան զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։ Անգամ Իրանը, իր նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների պարագայում, ավելի մրցունակ է (62-րդ հորիզոնական)։ Այս պարագայում խոսել համաշխարհային կենտրոն դառնալու մասին, մեղմ ասած, լուրջ չէ։