Բոլորը միայն մտահոգ են

08/09/2011

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ աշխատանքային հանդիպում է կազմակերպել պատգամավորների, ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարների, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրեց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք առնչվում են ներքին կանոնագրքին, զորակոչի մասին եւ զինվորական ծառայության մասին օրենքներին: Բանակում հանդիպող անօրինական ու քրեածին երեւույթների կանխարգելման առումով նա կարեւորեց տեղեկացվածությունը գործող օրենքներին եւ դրանց հստակ կիրառումը»: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկաներին հայտնել են, որ նախորդ տարվա համեմատ, բանակում նվազել են մահացության ու սպանության դեպքերը, սակայն նշել են, որ այդ երեւույթը դեռ մտահոգում է իրենց: Ուստի հետեւողականորեն իրականացվում են բանակում տեղի ունեցող «հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ»: ՊՆ ծառայողները խոստովանել են, որ հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկաների ուշադրությունը հրավիրել են զինվորների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրման խնդիրներին եւ նշել, որ բանակում տեղի ունեցող հանցագործությունները հարուցում են հասարակության վրդովմունքը, արտակարգ դեպքերի ու պատահարների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով: ՊՆ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀԿ-ների հետ համագործակցությունը եւ նման քննարկումները դարձնել շարունակական: Քննարկումը եղել է փակ` առանց լրագրողների մասնակցության։