Թվաքանակ չեն ապահովելու

08/09/2011

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամլո քարտուղարությունը երեկ հերքել է մամուլում հայտնված այն լուրը, թե «սեպտեմբերի 9-ի հանրահավաքին թվաքանակ ապահովելու նպատակով Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է ընդունել նաեւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջարկը»: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ սա ոչ միայն կեղծ եւ շինծու տեղեկություն է, այլեւ տվյալ լրատվամիջոցի կողմից Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու դեմ սանձազերծված հակաքարոզչության հերթական դրսեւորումը: Ի գիտություն հայտնում ենք, որ «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին, որպես հոգեւոր քրիստոնեական հաստատություն, որեւէ կերպ չի մասնակցում քաղաքական գործերի, իր անդամների շրջանում չի իրականացնում որեւէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն եւ կոչեր չի անում մասնակցելու քաղաքական բնույթի միջոցառումներին, այդ թվում հանրահավաքներին: Եկեղեցու անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով եւ հայացքներով, ինքնուրույնաբար են որոշում քաղաքական կողմնորոշում ունենալ-չունենալու հարցը եւ ընտրություններին մասնակցում են` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին: Այս դրույթներն ամրագրված են եկեղեցու «Սոցիալական հայեցակարգի հիմունքներ»-ում` որպես մեր անառարկելի համոզմունք եւ գործելակերպի սկզբունք»,- ասված է հայտարարությունում: