Հասարակական կարծիքը՝ «Wikileaks»-ից առաջ եւ հետո

08/09/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Wikileaks» կայքում հրապարակված Հայաստանին վերաբերող վերջին փաստաթղթերում բազմաթիվ դրվագներ կան, որոնք կարող են շատերին ստիպել` վերանայելու այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ մինչ այս ունեցած վերաբերմունքը:

Վերլուծաբանները դեռեւս չեն շտապում գնահատականներ տալ «Wikileaks»-ի հրապարակումներին` կանխատեսելով, որ առաջիկայում կարող են լինել նորանոր բացահայտումներ, որոնք էապես կփոխեն իրավիճակը երկրում: Նրանց կանխատեսումներով` շատերի համար անակնկալ այդ բացահայտումների հետեւանքով քաղաքական դաշտում նոր վերաձեւումներ են սպասվում: Եվ մինչ քաղաքական գործիչները սպասում են նոր հրապարակումների, հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում սոցիոլոգները «Wikileaks»-ի գաղտնազերծումների մասին, եւ կանդրադառնա՞ն արդյոք դրանք ներքաղաքական զարգացումների վրա: Որքանով են այդ հրապարակումները ազդում հասարակական կարծիքի ձեւավորման կամ փոփոխության վրա: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գեւորգ Պողոսյանի կարծիքով` ընտրությունների նախաշեմին «Wikileaks»-ի հրապարակումները նոր թափ կստանան: «Դրանք պատահական չեն ի հայտ գալիս: Ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում են դրանք հրապարակվում: Հասարակության վրա դրանց ազդեցությունն, իհարկե, զգացվում է: Ավելին` քանի որ մեր բնակչությունը դրսի տպագրություններին` լինի ՌԴ-ում, ԱՄՆ-ում թե արտասահմանյան ցանկացած այլ երկրի մամուլում, ավելի շատ է վստահում, քան տեղական տպագրություններին, ապա` դրանով պայմանավորված` ազդեցությունն ավելի բարձր է լինելու»,- ասում է Գ. Պողոսյանը: Նրա հավաստմամբ` հասարակության մեջ արդեն իսկ քննարկվում են այդ հրապարակումները, սակայն դա տեղի է ունենում ավելի շատ «կարդացող, լուրեր դիտող, այսինքն` քաղաքականապես ակտիվ բնակչության շրջանում»: «Եթե ասենք` ամբողջ հասարակությունն է հետեւում «Wikileaks»-ի հրապարակումներին, սխալ կլինի: Իհարկե` ոչ, այդպես չէ: Դա ես ասում եմ` որպես սոցիոլոգ, ով միանգամից է տեսնում հարցումների արդյունքները: Այդպիսի համատարած երեւույթ չկա, բայց հասարակության ակտիվ հատվածի շրջանում, իհարկե, ազդեցությունը կա, կլինի ու շարունակելու է լինել»,- ասում է Գ. Պողոսյանը` հավելելով, որ այդ հրապարակումներն ազդելու են թե ընդդիմության, թե, առավել եւս, իշխանական կուսակցությունների` կոալիցիայի վարկանիշի վրա: Հարցին, թե «Wikileaks»-ի հրապարակումներում առավել շատ որ քաղաքական ուժն է ներկայացվում բացասական նրբերանգներով, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրենը պատասխանեց. «Առայժմ դժվար է ասել: Ե՛վ ընդդիմությանը վերաբերող հրապարակումներ կան, եւ՛ իշխանության»: Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ «Wikileaks»-ը անհամեմատ դրական հատկանիշներով է ներկայացնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, քան ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գ. Պողոսյանը պատասխանեց. «Չէի ասի: Ինձ թվում է առայժմ հավասարաչափ է արվում, եւ եթե ինչ-որ կետի հարվածում են` մտածված, հատուկ ուղղվածությամբ չէ»:

Իսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Wikileaks»-ի հրապարակումները ներկայիս գործընթացների վրա ազդեցություն չեն ունենա, սակայն ընտրությունների ժամանակ այն կարող է որպես «սեւ PR կամ` կոնտր-պրոպագանդա» օգտագործվել երկու կողմերից: «Որովհետեւ այնտեղ շոշափվում է եւ՛ Լ. Տեր-Պետրոսյանի, եւ՛ ՀԱԿ-ի անունը, եւ՛ ներկա իշխանությունների անունը: Բացի այդ` «Wikileaks»-ը հո վերջին տարիների ինֆորմացիա՞ն չի տալիս: Ինքը տասնյակ տարիներ կուտակած ինֆորմացիան է բացահայտում: Նրանք կարող են անդրադառնալ եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանին, եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի: Այսինքն` երկու կողմերն էլ` ընդդիմությունն ու իշխանությունը, կարող են եւ՛ դրական, եւ՛ բացասական հետեւանքներ ունենալ այդ հրապարակումներից: Բայց ինձ թվում է` այդ ամենը կմտնի քաղաքական դիցաբանության մեջ, ժամանակ առ ժամանակ կարող է վերհիշվի, քանի որ այնտեղ միշտ մանրուքների մասին է խոսվում, ոչ թե լուրջ խնդիրների: Ամբողջ ինտրիգն այդ «նյուանսների» մեջ է, որը մեկ էլ ինչ-որ սենսացիոն բան է բացահայտում: Այսինքն` մենք գիտեինք, որ դա այդպես է եղել, բայց մանրուքներին տեղյակ չէինք ու «Wikileaks»-ի բացահայտումներով իմանում ենք նաեւ դրանք: «Wikileaks»-ում հրապարակվում է գլխավորի մասին` երկրորդական տեսակետից: Քանի որ բոլորի համար նույն դրական եւ բացասական ազդակները կան, ուրեմն` երկուսի համար էլ դա կարծես միեւնույն է` կլինի` կլինի, չէ` չէ»,- ասում է Ադիբեկյանը: Նրա խոսքով` նման դեպքերում արձագանքելը սխալ է, քանի որ, ըստ նրա` արձագանքելու դեպքում կարող են ասել` «այ, ուրեմն մի բան կա»: «Եթե անտեսում ես` երկու, երեք անգամ, տեսնում են` արձագանք չկա, դադարում են խոսել»,- ասում է նա: Ա. Ադիբեկյանի կարծիքով` սենսացիան երեք օրվա կամ` մեկ շաբաթվա կյանք է ունենում, եւ եթե «Wikileaks»-ը կարողանա ժամանակ առ ժամանակ նման սենսացիաներ «գցել» հասարակության գիտակցության մեջ, ապա այն կարող է ընտրությունների նախաշեմին լարվածությունը պահպանել: «Դա կարող է լինել մինչեւ Նոր տարի, իսկ հետո ձմեռվա սեզոնն է, այդ ժամանակ ոչինչ հնարավոր չի լինի անել, իսկ գարնանը կարող է նորից ինչ-որ բաներ լինեն: Այստեղ կարեւորը ոչ թե ինֆորմացիան է, այլ այն, որ մարդիկ դրա մասին խոսում են: Ձմեռը դրա մասին չեն խոսում, որովհետեւ շփման թվաքանակը կտրուկ նվազում է եղանակի հետ: Ամառը մի քիչ լավ է, մարդիկ դուրս են գալիս բակ, հյուր են գնում, խոսում են, կիսվում են, դրա համար ամենաազդեցիկ շրջանը կլինի մյուս գարնանը: Եթե իրենք կարողանան այդ ժամանակ ինչ-որ սենսացիոն հրապարակումներ հրամցնեն մեր հասարակությանը, կարող է իրավիճակ փոխեն»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Հարցին, թե «Wikileaks»-ի հրապարակումները ո՞ր կողմին են ավելի բացասական լույսի ներքո ներկայացնում, քանի որ կարծիք կա, թե ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանին «Wikileaks»-ն անհամեմատ դրական է ներկայացնում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ խոսքը գնում է դիվանագիտական նամակների, հաղորդագրությունների մասին: Չեմ կարծում, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հատուկ սեր ուներ դեպի Ս. Սարգսյանը եւ ատելություն դեպի Լ. Տեր-Պետրոսյանը: Երկուսն էլ նույն թիմից են, նույն մոտեցումներն ունեն կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Թեկուզ ԼՂՀ-ի հարցում: Ուղղակի իշխանության վերաբերյալ որոշ տակտիկական հարցերում նրանք զանազանվում են: Ընդամենը: Հիմա եթե Ս. Սարգսյանի կուսակցական ընկերների մասին վատ-վատ բաներ են գրում, ի՞նչ է` դա Ս. Սարգսյանին օգո՞ւտ է: Իհարկե` ոչ: Դրա համար ասում եմ` քանի որ ինֆորմատորը երրորդ դիրքում է, այսինքն` ոչ ընդդիմադիր է, ոչ իշխանական, ինչ տեսել է` այն էլ հաղորդել է: Ե՛վ լավի, եւ՛ վատի մասին հաղորդել են իրենց վերադասներին: Ու այսօր երկուսն էլ դա կարող են օգտագործել իրար դեմ, իսկ թե որքանո՞վ հմուտ կլինեն, դա արդեն կախված է իրենց թիմերի աշխատանքից»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Ըստ նրա` եթե «Wikileaks»-ը կարողանա որոշակի լուրջ դիրքորոշում ձեւավորել, կամ փոխել մեր հիմնարար պատկերացումները այս կամ այն ուժի նկատմամբ, դա, իհարկե, լրջագույն ազդեցություն կլինի` եւ՛ դրական, եւ՛ բացասական իմաստով: