Նախօրեին շաքարավազի գների թանկացման վերաբերյալ «Ալեքս Գրիգ» ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին պարզաբանումներ է ներկայացրել: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ից շաքարավազի գինը բարձրացել էր մոտ 27 %-ով. 360 դրամի փոխարեն այսօր այն վաճառվում է 460-470 դրամով: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը պետք է պարզաբանի. թե ի՞նչ գնով է ձեռք բերել շաքարավազը, ո՞ր երկրից, ի՞նչ գնով է մաքսազերծել եւ ի՞նչ գնով է շաքարավազն իրացրել խանութներում: Թե որքանով է հիմնավոր շաքարավազի գնի բարձրացումը, կպարզվի արդեն հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո: «Երբ պարզվի, որ շաքարավազի թանկացումը հիմնավոր չէ, կհարուցվի վարչական վարույթ եւ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասել է Գայանե Սահակյանը: