Ինֆարկտահար Սպիտակ, ու արատներով ծնվող երեխաներ

08/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մի կիսավեր տուն կա: Տան մեջ անհաշիվ մեծեր ու փոքրեր կան: Մեծերը հոգնած, չարացած են, փոքրերն` անհանգիստ, լարված: Մեծերն իրենց տեղում չեն, փոքրերը` նույնպես:

Կիսավեր տան շուրջը մողեսներ, սողուններ կան: Ժամանակ առ ժամանակ ներս են սողոսկում, որտեղ փոքրերն են` նույնքան անպաշտպան, որքան մեծերն են: Մեծերից ամենամեծը 85-ամյա Քնարիկ Ադամյանն է, հետո` նրա 65-ամյա աղջիկը, հետո` նրա միջին տարիքի տղան, հետո` նրա մանկահասակ երեխաները: Քնարիկ տատը երեք անգամ բացատրում է` ով ում աղջիկն է ու ով քանի երեխա ունի: Բայց կարիք կա, որ չորրորդ, հինգերորդ անգամ էլ ասի: Նեղսրտած ասում է` «Կներես, էլի, բալես, խելք չի մնացել, հաշիվս էլ եմ կորցրել: Դու մեզ լավություն արա, մի բանով օգնի, մենք քո լավության տակից դուրս կգանք»: Թոռները սովից մղկտում են: Կեղտոտ հատակին սողացող երեխաները պատերի անկյուններից եսիմ որ օրվա հացի փշրանքներ են որսում: Քնարիկ տատն ուզում է իրենց լավություն անեմ ու իմ արած լավության համար խոստանում է փոխհատուցել: «Ես իմ խոսքի տեր կնիկ եմ, լավությունը մոռացող չեմ: Բալամ, դու ջահել ես, հնարավորություն ունեցող մարդ ես, օգնի էս խեղճերին: Խոսք եմ տալիս, ես քո լավության տակից դուրս կգամ»,- կրկնում է ծեր կինն ու ծանրաքարշ մարմինը նետելով թախտին` ինձ ջերմ գրկում է: Ժպտում ենք իրար: Հարցնում եմ` «Ո՞նց ես լավությանս տակից դուրս գալու»:

Քնարիկ տատը նայում է շուրջը, մի պահ քարանում է, լաց չլինելու բարդույթից բարձրաձայն ծիծաղում է: «Եսիմ»,- ասում է ու նայում է հարսի աչքերին: «Մեր ունեցածը երեխեքն են»,- խոստովանում է Քնարիկ տատը, ով պետության համապատասխան դռները թակելիս էնքան է լավության տակից դուրս գալու խոստումներ տվել, որ կարծում է` մարդկությունն առանց ակնկալիքի «լավություն» չի անում: Թոռներից Արման եւ Արգամ Արղամանյանները որբ են, ծնողները երկրաշարժի ժամանակ փլատակների տակ են մնացել: Հիմա այս եղբայրները 85 տարեկան տատի խնամքի տակ են. «Աղջիկս մահացավ ժաժքից, երեխեքն անտեր, անտուն են, երկկողմանի ծնողազուրկ, իմ հույսին են: Հիմա երեք երեխաներիցս մնացել են մի տղաս ու աղջիկս»: Քնարիկ տատը մի փոքրիկ տան մեջ ապրում է աղջկա` 65-ամյա Ալլայի, նրա տղայի, կնոջ ու չորս երեխաների հետ: Միեւնույն տանն են բնակվում նաեւ Քնարիկ տատի տղան, կնոջ ու երեխաների հետ, ինչպես նաեւ ծնողազուրկ երկու երեխաները:

«Այ բալամ, մենք հազիվ ենք գլուխ հանում թե ով ում բարեկամն ա, դու ուզում ես մի քանի րոպեում հասկանա՞ս»,- կատակելով ասում է Ալլան` վստահեցնելով, որ մեկ տան մեջ ապրող առանձին չորս ընտանիքներն անտուն են, դրա համար էլ հանգրվանել են հայրական «դոմիկ»: Հայրական տունը փլվել է, ու տարածքում վագոն-տնակ տեղադրելով` սպասում են ինչ-որ մի հրաշքի: «Ամուսինս Հայրենական պատերազմի վետերան, հարգված մարդ ա եղել, կոլխոզում 50 տարի աշխատած: Պատվով-նամուսով մարդիկ ենք եղել, բայց էսօր այ սենց թշվառությունից մեռնում ենք: Էս հասակիս գնացել եմ քաղաքապետարան, ասում եմ` ինձ մի տուն տվեք, էս որբ երեխեքս առանձնանան, գնան ապրեն: Ասում են` երեխեքդ թող գնան շինարարության վրա աշխատեն, կամաց-կամաց տուն սարքեն: Ասում եմ` գործը տուր, թող գնան աշխատեն: Ամբողջ Սպիտակ քաղաքը պարապությունից ինֆարկտահար ա լինում: Տղամարդիկ գժվել-ընկել են փողոցները: Երկրաշարժն եղավ, ասին` տուն էլ կտանք, մեքենա էլ կտանք: Մեքենան թող պահեն իրանց, բայց մարդկանց թող գործ տան, որ հացի փող առնեն, ոչ թե անզորությունից գժվեն»,- բարկացած ասում է Քնարիկ տատը` վստահեցնելով, որ այս բազմանդամ տանն ընդհանրապես աշխատող չկա: Ապրում են տնամերձ հողամասից ստացված բերքով` կարտոֆիլ, կաղամբ, կանաչի: 43.000 դրամ աղքատության նպաստով կարողանում են միայն ցամաք հաց գնել: Իսկ կոմունալ ծախսերը հոգում են Քնարիկ տատի 27.000 դրամ թոշակով: Գոռը 8 տարեկան է, բայց միայն այս տարի գնաց առաջին դասարան: Անցյալ տարի հիվանդացել էր, գլխին ամբողջությամբ վերքեր էին հայտնվել: Բացի այդ, դպրոցական հագուստ չուներ, դրա համար էլ ծնողները որոշել են սպասել մինչեւ հաջորդ սեպտեմբեր` հույս ունենալով, որ իրենց կյանքում ինչ-որ բան կփոխվի:

Այս տարվա սեպտեմբերը նույնն էր` առանց դպրոցական հագուստի հնարավորության: Գոռը գնաց դպրոց` հասկանալով, որ լինելու են դպրոց չհաճախելու բազում պատճառներ: Երազում է շինարար դառնալ ու տուն կառուցել: Բայց ամենաշատը ցանկանում է շուտ ավարտել դպրոցը, աշխատել, փող ունենալ եւ քրոջը տանել բժշկի: «Ի՞նչ ա եղել քրոջդ»,- հարցնում եմ Գոռին, ում մանկական պայծառ աչքերը քրոջ բուժման հարցից մթագնում են: 2 տարեկան Ալինայի հիվանդությունը բնորոշել չեն կարողանում նույնիսկ ծնողները: Մայրն ասում է` «Դե, գիտե՞ք ոնց, ինքը տարօրինակ ձեւով երեխա ա: Կոկորդ, գլաններ չունի: Ինչ ուտում ա, պրյամոյ գնում ա ստամոքս: Ինչքան ուտում ա, չի կշտանում: Ինչքան ուտացնես` էլի սոված ա: Չի կարում լավ ուտի, խեղդվում ա: Սպասի բերանը բացեմ` տես»: Ալինայի բերանից այն կողմ դատարկ տարածություն է: Ուշադիր նայելիս անգամ կարելի է ստամոքսը կամ այլ ներքին օրգանները տեսնել: Խորհրդավոր այս հիվանդությունը կոչվում է գայլի երախ:

Մայրը` Գոհարն ասում է` մարսողություն չկատարվելու պատճառով երեխան մշտապես փսխում է: Գոհարը, դժվարանում է Ալինայի հիվանդության մասին մանրամասներ հաղորդել, քանի որ բժշկի չեն տանում: Որքան մեծանում է երեխան` այնքան բարդանում է հիվանդությունը: «Իսկ Ձեր այտին ի՞նչ վերք է» հարցնում եմ Գոհարին, ում դեմքին լայն, բաց վերք կա: «Իմը հեչ, ատամս փչացել էր, չէի կարում գնայի, բժշկի փող չկար: Տվեց, սաղ թուշս թարախակալեց, փտեց: Վիրահատեցին, մաքրեցին, բայց հլը սենց բաց վիճակ ա»,- անտարբերությամբ ասում է հիվանդ երեխայի մայրը, ում միակ նպատակը երեխային վիրահատության տանելն է:

Մասնագետներն ասում են, որ գայլի երախ կոչվող հիվանդությունը հիմնականում երեխային փոխանցվում է գենետիկ ճանապարհով: Բացի դա, այն կարող է առաջանալ մոր հղիության 2-3 ամիսներին` որեւէ հիվանդության (օրինակ` գրիպի) կամ վիտամինների պակասի պատճառով: Բժիշկների հավաստմամբ` գայլի երախ հիվանդությամբ երեխաներին անհրաժեշտ է վիրահատել 3-4 ամսականից սկսած: Մինչդեռ, ավելի ուշ տարիքում վիրահատությունը կրում է պլաստիկ բնույթ: Ի դեպ, Հայաստանում յուրաքանչյուր տարի գայլի երախ եւ նապաստակի շրթունք կոչվող արատով երեխաների անվճար վիրահատություններ են կատարվում: «Ժպիտ» նախագծի ջանքերով ԱՄՆ-ից ժամանած կամավոր բժիշկների խումբը Հայաստանում տարեկան 50-55 երեխայի անվճար հիմունքներով վիրահատում են: Մենք կփորձենք ճշտել, թե արդյո՞ք այս տարի նույնպես նման վիրահատություններ կատարվելու է, որպեսզի նրանց փոխանցենք Ալինայի տվյալները: