Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչող Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը քննադատելի է եւ չի արտացոլում այդ հարցի առնչությամբ երկրի հասարակայնության տրամադրվածությունը: Մոսկվայում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով, հռետորությունը, թե ԼՂՀ-ն եւ Աբխազիան հանդիսանում են չճանաչված հանրապետություններ, հնանում է: Նա ընդգծել է, որ անկախության կարգավիճակ ձեռք բերելու այդ հանրապետությունների ցանկությունը շատ բաներում արդարացվում է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու նրանց ձգտմամբ, եւ այդ տեսանկյունից ԼՂՀ-ում ընտրությունները քննադատող Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումն անհասկանալի է: Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի համար բոլորովին պարտադիր չէ անտարբերություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունում՝ թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հաջողությամբ համագործակցում են ՀԱՊԿ կազմում, իսկ Ադրբեջանը ձգտում է ինտեգրվել այլ ռազմական դաշինքների: Կ. Զատուլինի խոսքով, Ռուսաստանն աջակցում է Հայաստանին շատ հարցերում, ինչը չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Պատգամավորի հավաստմամբ, ներկայումս Ռուսաստանը պաշտպանում է բանակցային գործընթացի շարունակումն այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր դառնա գտնել ղարաբաղյան խնդրի լուծումը, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ` Լեռնային Ղարաբաղի շահերից: Կ. Զատուլինն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը «մակերեսի վրա է գտնվում». դա «Տարածքներ` անկախության կարգավիճակի փոխարեն» բանաձեւն է: Սակայն, նշել է նա, այդ բանաձեւի իրականացումը դժվարանում է այն պատճառով, որ Ադրբեջանն ակնկալում է հարստանալ նավթադոլարներով եւ լուծել ղարաբաղյան հակամարտությունն` առանց ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի տվյալ ծրագիրը հազիվ թե հաջողվի իրագործել՝ ո՛չ այսօր, ո՛չ ապագայում: Նա նաեւ ընդգծել է, որ Կոսովոյի հակամարտության կարգավորման նախադեպը կարող է ներգործություն ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման վրա, սակայն ամենից առաջ այն երկրի համար, որը կկարողանա օգտվել դրանից: «Իմանալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, գտնում եմ, որ հայկական կողմը կփորձի օրինականացնել ԼՂՀ կարգավիճակը՝ օգտվելով Կոսովոյում հակամարտության կարգավորման նախադեպից»,- հայտարարել է Կ. Զատուլինը: Նա նաեւ ընդգծել է, որ ելնելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձից, հանրապետության ներկայիս ղեկավարությունը չի ընդունի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ որոշում, որը չի արտացոլում այդ հարցում հայ ժողովրդի դիրքորոշումը: