Ձմերուկ

08/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Սովորական ձմերուկի (Citrullus vulgaris) հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ավելի ճիշտ` Կալահարի կիսաանապատը, որտեղ այն հանդիպում է բնության մեջ։

Ձմերուկի բազմաթիվ տեսակներից մարդը հայտնաբերել եւ մշակել է քաղցր տեսակը։ Ձմերուկը հայտնի է եղել Փյունիկիայում Ք.ա. 1500 թվականին, այն մշակել են Հին Եգիպտոսում։ Հնագույն ժամանակներից այս բոստանային բույսը մշակվել է հայկական լեռնաշխարհում, Կովկասում, Փոքր Ասիայում։ Արեւմտյան Եվրոպայում բույսը հայտնի է դարձել խաչակրած արշավանքների (9-12-րդ դարեր) շնորհիվ։ Ռուսաստանում է հայտնվել թաթարական արշավանքների շրջանում (13-14-րդ դարեր)։ Սկսած Ք.հ. 10-րդ դարից բույսը մշակվում է Չինաստանում։ Այսօր այդ երկիրը առաջատար դիրք է գրավում ձմերուկի արտադրման եւ արտահանման ծավալներով։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Թուրքիան եւ Իրանը մոտ 20 անգամ զիջում են Չինաստանին։

Ձմերուկը պատկանում է դդմազգիների (Cucurbitaceae) ընտանիքին։ Այն դդմի, սեխի, վարունգի մոտիկ ազգականն է։ Բույսի պարսկերեն անվանումն է` «խարբուզա», որը մի փոքր ձեւափոխություններով փոխառնված է տարբեր ազգերի կողմից։ Ձմերուկը գետնատարած մինչեւ յոթ մետր շառավիղով տարածվող միամյա կամ բազմամյա բույս է։ Տերեւները կարող են ունենալ մինչեւ 22 սմ երկարություն եւ 18 սմ լայնություն։

Ծաղիկները բաց դեղին են, միասեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին, ծաղկման շրջանը կազմում է մեկ ամիս եւ ավելի։ Ձմերուկը մեղրատու բույս է, մեկ ծաղկից մեկ տարում արտադրվում է 0,5-0,7 մգ շաքար։ Բացի շաքարից եւ ծաղկահյութից` մեղուները վերցնում են վնասված պտուղների հյութը։ 1 հա-ից մեղուները հավաքում են մինչեւ 20 կգ մեղր, որը դեղնավուն, արագ բյուրեղացող է, պիտանի չէ որպես ձմեռային կեր մեղուների համար։ Ձմերուկը պարունակում է 5,5-13 տոկոս հեշտ յուրացվող շաքարներ, թարմ ձմերուկի մեջ գերակշռում է խաղողաշաքարը եւ մրգաշաքարը։ Պահպանման ժամանակ ավելանում է բուսաշաքարի քանակը։ Ձմերուկը պարունակում է բավականին քանակությամբ` 0,7 տոկոս պեկտին եւ սպիտակուց, 14 մգ կալցիում 100 գ հումքի մեջ, 224 մգ մագնիում, 16 մգ նատրիում, 64 մգ կալիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ։ Միկրոտարրերի զգալի քանակության եւ դրանց բարենպաստ փոխհարաբերակցության շնորհիվ ձմերուկն օգտակար է անեմիայի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ դեպքերում։

Ձմերուկը հարուստ է նաեւ վիտամիններով, այն պարունակում է մինչեւ 0,7 մգ կարոտին, մինչեւ 20 մգ ասկորբինաթթու, ֆոլիաթթու, նիկոտինաթթու, B1, B2 վիտամիններ։ Ձմերուկի պտղամիսը եւ հյութը տարրալուծում է քարերը (ուրատ, օքսալատ)։ Իսկ միզամուղ ազդեցության շնորհիվ հեռացնում լուծված աղերը օրգանիզմից, սակայն ալկալիական միջավայրում կարող են առաջանալ ֆոսֆատային քարեր։ Այդ դեպքում ձմերուկի օգտագործումը վտանգավոր է, այն նույնպես հակացուցված է, եթե երիկամներում կան սուր ծայրերով մարջանանման քարեր։ Նաեւ այն անձանց, ովքեր ունեն խնդիրներ կապված միզարձակման հետ։ Ձմերուկն օգտագործելիս պետք է զգուշանան շաքարային դիաբետով հիվանդները։ Որպես միզամուղ միջոց` ձմերուկն ունի այն առավելությունը, որ պարունակում է կալիում։ Սակայն դրա պարունակությունը այնքան էլ մեծ չէ եւ կարելի է լրացնել` օրինակ, կակաոյի օգտագործումով։

Ձմերուկը լավացնում է մարսողությունը, արագացնում ավելորդ խոլեստերինի եւ թունավոր նյութերի դուրսբերումն օրգանիզմից։ Կարեւոր է նաեւ, որ չի առաջացնում մետեորիզմ։

Ձմերուկը խորհուրդ է տրվում ընդգրկել սննդակարգի մեջ երիկամների, միզուղիների, լյարդի, լեղապարկի հիվանդությունների, հոդատապի, արթրիտի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, փորկապության, տարաբնույթ թունավորումների դեպքում։ Ձմերուկի կալորիականությունը ցածր է (մոտ 100 կկալ), մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում այն կշտացնում է, բացի այդ, ձմերուկի պտղամսում բարձր է պեկտինային նյութերի բաղադրությունը, ինչի շնորհիվ այն նպաստում է աղիքային միկրոֆլորայի լավացմանը։ Այդ է պատճառը, որ ձմերուկը հարմար է ընդգրկել գեր մարդկանց սննդակարգում։ Ժողովրդական բժշկությունում ձմերուկի պտղամիսը եւ հյութը օգտագործում են տենդային վիճակում։ Թարմ կամ չոր կեղեւից պատրաստում են (1։10) ջրային եփուկ, որը խմում են 100-ական մլ, օրը 3-4 անգամ, որպես միզամուղ միջոց, այն օգտակար է աղիքային բորբոքումների դեպքում` հատկապես երեխաներին։

Անգինայի դեպքում (բկաբորբ). Ձմերուկի պտղամիսը մանր կտրատեք, լցրեք թանզիֆե կտորից պատրաստված պարկի մեջ եւ քամեք։ Հյութով ողողեք կոկորդը օրը 5-6 անգամ։

Որդաթափ միջոցներ

– Ձերուկի եւ դդումի մաքրած, փոշիացրած սերմերին (1։6) ավելացրեք 20 մլ բռնչենու հյութ եւ 10 գրամ մեղր։ Կերեք 150-ական գրամ, օրը 3 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։

– Մանրացրած ձմերուկի 100 գ սերմին ավելացրեք 1 լ սառը ջուր եւ 45 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Հովանալուց հետո քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Հեպատիտի, խոլեցիստիտի դեպքում. Լավ լվացած ձմերուկի կեղեւի կանաչ մասը չորացրեք եւ մանրացրեք։ հումքի 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ, քամեք, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Այտուցների դեպքում. Օրվա ընթացքում կերեք 2-3 կգ ձմերուկ։ Շարունակեք մեկ շաբաթ։ Ընթացքում չօգտագործեք կաղամբ, վարունգ, դդմիկ, որպեսզի չառաջանա ստամոքսի խանգարում։

Գրիպի, մրսածության դեպքում. Փոշիացրած ձմերուկի սերմը խառնեք սառը ջրի հետ (1։25)։ Խմեք օրը 3-4 ճ/գ, 2 ժամը մեկ։

Մաստոպատիայի դեպքում. Ձմերուկի կեղեւը մանրացրեք, չորացրեք, փոշիացրեք։ Անհրաժեշտ քանակությամբ փոշին խառնեք նախօրոք եռացրած-հովացրած ջրի հետ։ Ստացված թանձր շիլան քնելուց առաջ ամրացրեք կրծքին, կատարեք օրը մեջ, մինչեւ վիճակի բարելավում։

Լեղաքարային հիվանդության դեպքում. 150 գրամ ձմերուկի կեղեւին ավելացրեք 1 լ եռջուր, եփեք 30 րոպե, հովանալուց հետո քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Տենդի դեպքում. Հավանգով մանրացրեք ձմերուկի սերմը։ 20 գրամ հումքին ավելացրեք 200 մլ ջուր։ Հագեցնում է ծարավը։

Արթրիտի, հոդատապի, օստեոխոնդրոզի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ չորացրած ձմերուկի սերմը, մասուրի պտուղը, գիհինի հատապտուղը։ Փոշիացրեք։ Հումքի 6 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Խմեք 100-ական մլ, առավոտյան եւ երեկոյան սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք բուժումը 1 շաբաթ, անհրաժեշտության դեպքում կրկնեք 10 օր անց։

Թույների հեռացում, նյութափոխանակության կարգավորում. Խառնեք դդումի եւ ձմերուկի հյութերը (2։1)։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 1,5 ժամ առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։

Միզամուղ միջոց. Ձմերուկի չորացրած կանաչ կեղեւը (թարմի դեպքում` 2 թ/գ) եփեք 50 մլ եռջրով ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Ավելացրեք 1 թ/գ մեղր։

Գլխացավի դեպքում. Ձմերուկի թարմ տերեւը դրեք ճակատին եւ կապեք։

Ցիստիտի, նեֆրիտի, երիկամների եւ միզապարկի քարերի դեպքում. Ձմերուկի չորացրած սերմերը խառնեք կաթի հետ (1։10)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, սնվելուց 1 ժամ առաջ եւ հետո։ Միջոցն ունի նաեւ արյունարգել հատկություն։

Դժվար ապաքինվող վերքեր. Վերքի վրա դրեք ձմերուկի պտղամիսը եւ ամրացրեք։

Ձմերուկի սերմերից յուղի պատրաստման ձեւը

Սերմերը փռեք կալկա թղթի վրա, չորացրեք արեւի տակ, աղացեք, լցրեք տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղ (հումքից 1 սմ բարձր)։ Հաճախակի խառնեք, 15-20 օրից կարող եք օգտագործել։ Յուղը արդյունավետ ներգործություն է ունենում միզաքարային հիվանդության եւ շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Գեղարարություն

Ձմերուկային սառույց։ Ձմերուկի փափուկ մասից հանած հյութը քամեք, լցրեք կաղապարի մեջ։ Այդ սառցեկտորներով մերսեք դեմքի մաշկը։ 20 րոպե անց լվացեք սառը ջրով, դեմքին քսեք սնուցող քսուք։

Լոսյոն

Խառնեք հավասար քանակությամբ ձմերուկի եւ վարունգի հյութերը։ Օգնում է այրվածքին, վերացնում է դեմքի կարմրությունը, մաքրում մաշկը։

Դիմակ

Տրորեք ձմերուկի պտղամիսը, քսեք դեմքին, պարանոցին, լվացեք 15 րոպեից սառը ջրով։ Փափկացնում է մաշկը, երիտասարդացնող ազդեցություն է թողնում, հատկապես օգտակար է չոր մաշկին։