«Wikileaks»-ի` Հայաստանին վերաբերող վերջին հրապարակումները աննախադեպ են թե ծավալով, թե բովանդակությամբ, թե ընդգրկման հարցերի շրջանակով: Դրանք, միանշանակ, լուրջ ազդեցություն են թողնելու Հայաստանի ներքաղաքական կյանքի առաջիկա, հատկապես` ընտրական զարգացումների վրա, քանի որ «Wikileaks»-ի հրապարակումները վերաբերում են թե անցած ու գործող իշխանություններին, թե ընդդիմությանը: Այդ հրապարակումներում կա շատ հետաքրքիր ու, միեւնույն ժամանակ, ցավալի նրբերանգ: Իրականում, եւ գործող իշխանությունների` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ «Wikileaks»-ի հրապարակումներում հասարակության համար լայն իմաստով նորություն չկա. բոլորն էլ գիտեին եւ Ռ. Քոչարյանի, եւ Ս. Սարգսյանի իշխանության էությունը եւ այն, թե ինչի են նրանք ընդունակ եղել եւ են: Ավելին` իրականում հասարակության զգալի հատվածն այդ երկու իշխանությունների հետ էլ հատկապես վերջին տարիներին առանձնապես մեծ հույսեր չէր կապում` ապավինելով ընդդիմությանը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Եվ «Wikileaks»-ի հրապարակումների ամենամեծ բացահայտումը պետք է համարել հենց Լ. Տեր-Պետրոսյանին ու նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին վերաբերող տեղեկությունները: Նույնիսկ մարդկային առումով, մեղմ ասած, տհաճ է կարդալ, թե ինչպես են Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավորները հիմնավորել իրենց այս կամ այն գործողությունը, ասենք` հանրահավաքի մասնակիցներին «տուն ուղարկելու» կամ «փողոցում պահելու», Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրենց իսկ կողմից «դավաճանական» որակվող տարբերակով լուծման հասնելու հարցում իշխանություններին աջակցելու եւ բազմաթիվ այլ նպատակներով: Իհարկե, ՀԱԿ-ը կամ նրա կողմնակիցները կարող են հակադարձել, որ այդ ամենն արվել է միայն մեկ` իշխանափոխության նպատակով: Պարզապես դրանից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը պետք է ազնվություն ունենար հայտարարելու, որ առաջնորդվում է ոչ թե` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», այլ` «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով: