Մեղադրել է ԱՄՆ-ին

06/09/2011

«Wikileaks»-ի` Հայաստանին վերաբերող հերթական բացահայտումն առնչվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ 2009թ. մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը: ԱՄՆ դեսպանը հանդիպել է Քոչարյանին, որպեսզի ճշտի նրա կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ընթացող զարգացումների եւ Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին: Երբ Յովանովիչը Քոչարյանին հարց է ուղղել Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին, Քոչարյանն ասել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը չպետք է քաղաքականացնի դրանք, եւ շեշտել է, որ նրանք (օտարերկրյա դիվանագետները) օգտագործում են ընտրությունները Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Քոչարյանը շեշտել է, որ իր նախագահության ժամանակ ամեն անգամ հենց այդպես է եղել: Յովանովիչը պատասխանել է, որ ԱՄՆ-ը երբեք չի խառնվել ՀՀ ներքին ընտրական գործընթացներին, բայց քաղաքապետի ընտրություններին իրենք ուշադիր հետեւելու են, քանի որ դրանց մասնակցելու է ՀՀ բնակչության գրեթե կեսը: Քոչարյանը նշել է, որ Հայաստանի նման փոքր երկրների խնդիրը նրանում է, որ դրանք միշտ արտաքին ճնշման են ենթարկվում, լինի դա Մոսկվայից, Բրյուսելից թե Վաշինգտոնից: «Դուք մեր ներքին քաղաքական զարգացումները ձեր շահերին եք հարմարեցնում: Խրախուսելով ընդդիմադիրներին` դուք նրանց գործիք եք դարձնում Հայաստանին ճնշելու համար»,- նշել է Ռ.Քոչարյանը: ԱՄՆ դեսպանը մերժել է այդ մեղադրանքները եւ նշել, որ ԱՄՆ-ը երբեք որեւէ մեկին չի պաշտպանել ընտրություններում, եւ ինքն այդ մասին հայտարարելու է Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Յովանովիչի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք երկրորդ նախագահը որեւէ կերպ ներգրավվել քաղաքապետի ընտրություններին, Քոչարյանը բացասական պատասխան է տվել եւ նշել, որ ինքը վստահ է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հաջողությանը եւ իր անհամաձայնությունն է արտահայտել իշխող կոալիցիայի այն որոշմանը, որ քաղաքապետի ընտրություններին նրանք առանձին թեկնածուներ են առաջադրել: