«Կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհ գտնել ու շարունակել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

06/09/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Նիկոյան, ընդդիմության եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը կասեցվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանավորելու պատճառով: Ինչո՞ւ իշխանությունները թույլ տվեցին, որ այդ միջադեպը դառնա քաղաքական նման գործընթացի խափանման պատճառը: Հատկապես որ, Կոնգրեսն ընդամենը պահանջում է փոխել կալանքն ու նորից շարունակել քննչական եւ դատական գործընթացները:

– Ինձ թվում է, որ այդ միջադեպն անհարկի քաղաքականացվեց եւ մտավ քաղաքական նախապայմանների դաշտ: Եվ, ցավոք սրտի, դա խանգարեց իրավական հարթության մեջ լուծումներ գտնելուն: Իմ կարծիքով` ոչ բոլորն են ուզում, որ երկխոսությունը շարունակվի եւ ունենա իր տրամաբանական ավարտը:

– Ո՞ւմ նկատի ունեք, իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:

– Երկու դաշտից էլ: Դա կախված է քաղաքական գործիչների տրամադրվածությունից, նախասիրությունից, թե ինչպես են տեսնում քաղաքական պայքարը, եւ իրենք պայքարի որ ձեւի կրողն են: Մարդը եթե չի սիրում հանգիստ պայմաններում քաղաքակիրթ բանավեճը, սիրում է միայն հրապարակում միտինգով եւ ջարդել-փշրելով խնդիրներ լուծել, այս պարագայում անելիք չունի: Եվ ինքը միշտ պետք է ձգտի քաղաքական գործընթացները տեղափոխել այնպիսի միջավայր, որն իրեն հարազատ է: Անցած ձմեռվանից մեր երկրում աննախադեպ անհրաժեշտ եւ օգտակար քաղաքական պրոցես էր գնում, եւ դա արդեն տվել էր դրական պտուղներ: Ես ցավում եմ, որ նման միջադեպը, իսկ դա այդ պրոցեսների համար համարում եմ շատ մանր միջադեպ, խաթարում է այդ գործընթացը: Վերջիվերջո, կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհ գտնել ու շարունակել: Իրավական հարթության մեջ էլ հնարավոր է տարբեր լուծումներ գտնել, եւ մանր խոչընդոտները պետք է վերացնել:

– Ո՞ւմ է ուղղված Ձեր կոչը:

– Բոլորին, ովքեր ներգրավված են գործընթացի մեջ, ովքեր այդ պրոցեսի վրա անմիջական ազդելու իրավունք ունեն: Հավատում եմ, որ այն անձինք, այն լիդերները, ովքեր մտել են այդ պրոցեսի մեջ, երկուսի ցանկություններն էլ ազնիվ են: Եվ յուրաքանչյուր մարդ, ով կարող է որեւէ կերպ ազդեցություն ունենալ գործընթացի վրա, պետք է փորձի միայն դրական լիցքեր հաղորդել, այլ ոչ թե ինչ-որ կոչերով, գործողություններով բերել այս իրավիճակին:

– ԱՄՆ դիվանագիտական նամակներից մեկում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանին ազատելու քաղաքական լուծում գտնելու հարցը: Ս.Սարգսյանը մերժել է այդ հնարավորությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այսօր էլ ընդդիմության ներկայացուցիչների կալանավորման հարցերը գտնվում են անմիջապես Ս.Սարգսյանի վերահսկողության ներքո:

– Համաներումն, իրոք, գտնվում է նախագահի եւ ԱԺ իրավասության տակ: Իսկ սա այնքան փոքր պրոցես է, որ ամենեւին էլ չի գտնվում նախագահի անմիջական կարգավորման դաշտում: Դուք կարծում եք, որ ամեն ինչ զեկուցվո՞ւմ է նախագահին, եւ նա՞ է որոշում ընդունում:

– Արդեն պարզ է, որ երկխոսությունը չի կայացել, եւ ընդդիմության հանրահավաքին էլ մի քանի օր է մնացել: ՀԱԿ-ը զգուշացրել էր, որ այդ գործընթացից իր ակնկալիքը չստանալու դեպքում աշնանը զանգվածային հանրահավաքների շարք կսկսի: Իշխանությանը չի՞ մտահոգում այդ հանգամանքը` հատկապես, երբ վերջին շրջանում իր գործողություններով ավելացրել է դժգոհ զանգվածների քանակը` փողոցում առեւտուր անողները, ապամոնտաժվող կրպակատերերը եւ այլն:

– Որքան գիտեմ, փողոցային առեւտրականներին շատ ցիվիլ պայմաններում փոքր շուկաներ են առաջարկվել:

– Որոնք համեմատաբար բարձր վարձավճարներ են պահանջում:

– Ոչ, չեմ կարծում: Դուք ուզում եք ասել, որ իշխանությունները կարգուկանոն հաստատելու, մայրաքաղաքը տեսքի բերելու համար քայլեր չանեն, որովհետեւ դրանք բերելու են համընդհանուր դժգոհությա՞ն:

– Ոչ միայն դժգոհության: Դա նպաստում է նաեւ արտագաղթին: Զրկվելով ապրուստի միջոցից` մարդիկ արտագաղթում են:

– Մարդիկ արտագաղթում են ոչ միայն այն պատճառով, որ անգործ են եւ հացի փող չունեն, արտագաղթում են նաեւ նրանք, ովքեր դա ունեն, բայց ապրում են կեղտոտ միջավայրում, երբ հացը գետնի վրա է վաճառվում:

– Բայց այդ մարդիկ ընտրություն ունեն, նրանք կարող են իրենց գնումները շքեղ խանութներում կատարել:

– Բայց միեւնույն է, նա տեսնում է, որ իր ոտքերի տակ հաց է վաճառվում: Եվ այնպես չէ, որ մեզ մոտից արտագաղթում են միայն աղքատները: Այդ կենսական միջավայրն էլ պետք է բավարարի որոշակի չափանիշների:

– Ձեր կարծիքով` առաջիկա ընտրություններին ընտրողն իր ձայնը ինչո՞ւ պիտի տա այսօր իշխող Հանրապետական կուսակցությանը:

– Ընտրողը ճանաչում է քաղաքական ուժերին, գիտի, թե որն ինչ մարդկային ռեսուրս, կադրային հնարավորություն ունի, ինչեր կարող է անել: Եվ վերջին պահին, կարծում եմ, որ նրանք համեմատության մեջ կգնահատեն, որ ամեն դեպքում ՀՀԿ-ն ունի այն մարդկային պոտենցիալը, որը կարող է երկիրը կառավարել: Եվ այդ համեմատությունը միանշանակ ՀՀԿ-ի օգտին է, թեեւ օբյեկտիվ պատճառներով լինելու են դժգոհություններ, բողոքներ:

– Բայց ՀՀԿ-ի պոտենցիալի կառավարման ընթացքում Հայաստանի տնտեսությունն ունեցավ մեծ անկում, եւ գների սրընթաց աճ:

– Գնաճը սրընթաց չէ, հակառակը` նահանջի դրսեւորումներ կան: Երկրորդը` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նույնիսկ չշրջանցեց Մերձբալթյան երկրներին, որոնք շրջափակման մեջ չէին, Եվրամիության անդամ են, ենթակառուցվածքների խնդիրներ չունեն: Ճգնաժամի արդյունքում առաջինը եւ մեծ չափով տուժեցին փոքր երկրները:

– Տարեսկզբից սկսած Ս.Սարգսյանը վարչապետի, կառավարության տարբեր` տնտեսական, հարկային, իրավապահ ոլորտների, բանակի ղեկավարների հետ խորհրդակցություններ է անցկացնում եւ բարելավումների ցուցումներ տալիս: Սակայն ապրանքների գները շարունակում են աճել, իրավապահ համակարգում կոռուպցիան չի պակասում, իսկ բանակում սպաների քմահաճության պատճառով նորից զինվորներ են սպանվում կամ ինքնասպան լինում: Եվ կարծես թե նախագահն այդ ցուցումները հայտարարում է ոչ թե անելու, այլ պարզապես ասելու համար: Կամ` գործընթացներն են գնում Ս.Սարգսյանի ցուցումներին հակառակ:

– Ես զարմանում եմ ձեր տրամաբանության վրա, երբ ասում եք` նախագահն ասաց, բայց հակառակն է արվում: Նախագահն ասաց, որ պատժվում է յուրաքանչյուրը` անկախ զբաղեցրած դիրքից, եթե չարաշահումներ են լինում: Եթե մի տեղ չարաշահում է հայտնաբերվում, եւ գնում է պատժելու գործընթաց, հանրությունը դրանից էլ դժգոհում է:

– Եթե նախագահի խոսքի ուժը կամ ցանկությունը մեծ լիներ, պետք է որ նման դեպքերը գնալով պակասեին: Բայց նման դեպքերը շարունակվում են: Ստացվում է, որ չարաշահողները նախագահի խոսքից չեն վախենում, կամ էլ համոզված են, որ իրենք վայելում են Ս.Սարգսյանի բարեհաճությունը:

– Եթե նախագահի ասելը բավարար լիներ, ապա ինչո՞ւ էր մեր պետությանը դատաիրավական համակարգ անհրաժեշտ: Միշտ էլ Ոստիկանությունը կա նրա համար, ինչի համար նախատեսված է օրենքով: Նույնը նաեւ Դատախազությունը եւ մյուս համակարգերը: Այնպես որ, նախագահի խոսքերն ուղղակի վերաբերում են այդ համակարգերին` պահանջկոտ եւ օրենքի շրջանակներում աշխատելու համար: Բայց նախագահի խոսքը չի կարող փոխարինել այդ պետական մարմիններին: Եթե կան կոռուպցիոն երեւույթներ, դա վատ է, բայց եթե դրանք բացահայտվում են, պետք է ուրախանալ: Կարծում եմ, որ լավ է, երբ իշխանությունը կարողանում է ինքնամաքրման պրոցեսի մեջ լինել:

– Խոսակցություններ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը խորհրդարանական ընտրությունների համար արդեն ցուցակ է կազմում, որտեղ գործարար եւ օլիգարխ պատգամավորները ներգրավված չեն լինի:

– Դա ճիշտ չէ այն պարզ պատճառով, որովհետեւ դեռեւս բավականին ժամանակ կա, եւ կուսակցության ղեկավարությունը չի մտնի այդ դաշտը, քանի դեռ չի մոտեցել քարոզարշավի համար օրենսդրորեն անհրաժեշտ ժամանակին:

– Բայց Դուք, եւ բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ: Իրական քարոզարշավն ու այդ նախապատրաստությունը շատ ավելի վաղ են սկսվում:

– Եթե դուք գիտեք, որ այդպես է, ես հակառակը գիտեմ: Մանավանդ ցուցակի մասին խոսելը հիմա վաղաժամ է: