«ԲՀԿ-ն մեկ մարդու կուսակցություն է, որն ասելիք չունի»

06/09/2011

Ըստ «Wikileaks»-ի` 2009թ. սեպտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` փորձելով իմանալ նրա կարծիքը Սերժ Սարգսյանի քաղաքականության վերաբերյալ հայ-թուրքական կարգավորման հարցում: Ռ. Քոչարյանն իր խոսքում քննադատել է Ս. Սարգսյանի վարած քաղաքականությունը` ասելով, որ նա սխալ ուղղությամբ է գնում եւ ՀՀ-ին Թուրքիայի հետ հարաբերություններում խուսանավելու տեղ չի թողնում: Քոչարյանի կարծիքով` իրավիճակը ողբերգական չէ Սարգսյանի համար, սակայն նա այսպիսի ռիսկի պետք է չգնար, քանի որ, եթե կարգավորումը տապալվի, եւ սահմանը փակ մնա, դա միայն կվարկաբեկի Սարգսյանին` վատացնելով սփյուռքի հետ հարաբերությունները: Քոչարյանի այն պնդմանը, թե ժամանակին ինքը կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմանը, սակայն դրան չի գնացել այս ճանապարհով, ամերիկյան դիվանագետները հակադարձել են` նշելով, որ հիմնվելով Քոչարյանի նախագահության ժամանակ նրա հետ ունեցած շփումների վրա, Քոչարյանի պնդումները որեւէ վստահություն չեն ներշնչում: Անդրադառնալով թուրքական կողմին` Քոչարյանն ասել է, որ եթե նրանք ցանկանում էին հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ եւ բացել սահմանը, նրանք պարզապես «պետք է ստորագրեին փաստաթուղթ, որ սահմանը բացվում է»: ՀՀ երկրորդ նախագահն ասել է նաեւ, որ ինքը վերջնաժամկետ կսահմաներ վավերացման համար, եւ քննադատել է Սերժ Սարգսյանին` դա չանելու համար: «Հիմա Թուրքիան թելադրող է գործընթացում, իսկ մենք տեղ չունենք մանեւրելու»,- ասել է Քոչարյանը: Նա քննադատել է իշխանություններին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը հավանություն տալու համար` նշելով, որ զարմացել է, երբ արտգործնախարար Նալբանդյանը համաձայնել է դրան: Անդրադառնալով հայ-թուրքական խնդրի ներքին քննարկումներին` Քոչարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կարող էր խուսափել դաշնակների հակազդեցությունից` մինչեւ արձանագրությունների հրապարակումը բացատրելով դրանց էությունն այդ կուսակցությանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, Քոչարյանն, ի զարմանս ԱՄՆ դեսպանի, ասել է, որ «դա մեկ մարդու կուսակցություն է, որն ասելիք չունի»: