Կրպակների հարցն առկախվել է

06/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից մայրաքաղաքի կրպակներն ապամոնտաժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է, սակայն մինչ օրս այդ որոշման փաստաթղթային հիմնավորումները չեն գտնվել: Մայրաքաղաքի 3827 կրպակներից 1138-ն արդեն ապամոնտաժվել են: Քաղաքապետի բանավոր հրամանն առայժմ իրավական փաստաթղթի չի վերածվել: Փոխարենն` այդ որոշման հիման վրա այսօր էլ շատ կրպակատերեր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից կրպակներն ապամոնտաժելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Կացնային հարվածներով մարդկանց ունեզրկելու պրոցեսն առայժմ կասեցվել է, սակայն շուտով «բուլդոզերները» կրկին գործի կանցնեն: Որոշումը կախված է օդից, քանի որ քաղաքապետը դեռեւս փաստացի չի կարողանում հիմնավորել իր գործողությունների օրինականությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կրպակների ապամոնտաժման վերաբերյալ հեռախոսազրույցից հետո Կ. Կարապետյանը ժամանակավոր «զինադադար» է հայտարարել: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ասում է` «Քաղաքապետարանն ապօրինի կրպակների իրավական մեկնաբանության հետ կապված խնդիր ունի: Երբ քաղաքային իշխանությունների գործողություններում բազմաթիվ խնդիրներ մատնանշվեցին` քաղաքային իշխանությունը մի պահ դադար տվեց: Դա ոչ միայն պայմանավորված էր քաղաքացիական բողոքի ակցիաներով կամ քաղաքական ուժերի, տվյալ դեպքում` «Ժառանգության» ներգրավվածությամբ, այլ նաեւ` ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի եւ քաղաքապետի միջեւ տեղի ունեցած զրույցով: Մեր առաջարկով Հ. Աբրահամյանը քաղաքապետին հորդորել է դադարեցնել գործընթացը` մինչեւ գործողությունների մեջ հստակություն մտցվի»: Աշխատանքային խորրդակցության ժամանակ «Ժառանգության» պատգամավորների կողմից բարձրացվել է ԱԺ-ում եւ քաղաքապետարանում քննարկումներ անցկացնելու խնդիրը: Քաղաքապետարանում «Ժառանգության» պատգամավորների մասնակցությամբ քննարկում արդեն եղել է, որի արդյունքում քաղաքապետարանի ներկայացուցիչներն ի դեմս քաղաքապետի` չեն ընդունել իրենց գործողություններին տրված ոչ իրավաչափ գնահատականը: Հիշեցնենք, որ գործընթացի նկարագրությունը գնահատելով ոչ իրավաչափ` հիմնավորումներ էին ներկայացրել ոչ միայն «Ժառանգության» պատգամավորները, այլեւ` մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը: Երեւանի քաղաքային իշխանությունների դիրքորոշմամբ` նման գործընթաց իրականացնելու համար իրենց անհրաժեշտ չէ գրավոր որեւէ հիմք:

Քաղաքապետարանը պարտավոր է նաեւ գրավոր ակտով հանդես գալ. «Գոյություն ունեն նորմատիվ ակտերին ներկայացվող պահանջներ, որոնք սահմանված են Իրավական ակտերի մասին օրենքով: Պահանջներից մեկն այն է, որ իրավական, նորմատիվ ակտերը պետք է լինեն գրավոր տեսքով: Չի կարող բանավոր հանձնարարականի հիման վրա ապամոնտաժվել ինչ-որ մի բան, որովհետեւ քաղաքացին պետք է իրավունք ունենա դատական կարգով բողոքարկելու իր իրավունքների խախտումը: Իսկ եթե նրա իրավունքի խախտումը փաստող կամ դրան վերաբերող նորմատիվ ակտը չունի իր ձեռքի տակ, ուրեմն` մենք նրան զրկում ենք դատարան դիմելու իր սահմանադրական իրավունքից»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Վերջերս քաղաքապետարանի ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին, որ քաղաքի, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում նոր կրպակների, տաղավարների համար հողի վարձակալության իրավունք չի տրվելու: Հետաքրքիր է` Երեւանի հաջորդ քաղաքապետն ինչպե՞ս է պաշտպանելու վերոնշյալ որոշումը, եթե այն գրավոր փաստաթղթի չի վերածվել, այլ հերթական, բանավոր հայտարարությունն է: Ո՞ր փաստաթուղթը հիմք ընդունելով նա պետք է հրաժարվի որեւէ տարածք վարձակալական հիմունքներով տալուց, եթե գոյություն չունի նման նորմատիվային ակտ: Ստացվում է` հաջորդ քաղաքապետն էլ կարող է ճիշտ հակառակ որոշումն ընդունել: Մինչդեռ քաղաքապետերը միմյանց հայտարարությունների վրա չեն կարող հիմնվել, քանի որ հղումները պետք է հիմնված լինեն պատշաճ իրավական ակտերի վրա: Երեւան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի` (հոդված 49-ը) «Քաղաքապետի իրավական ակտերը» սահմանում է` «Քաղաքապետն իր իրավասության սահմաններում ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ: Քաղաքապետի ակտերն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաեւ քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում»: Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի Առեւտուր եւ սպասարկում եւ Իրավական ակտեր բաժիններում տեղադրված է դեռեւս 2009-2010թթ. ինֆորմացիան, իսկ կրպակների ապամոնտաժման, իրավական ակտի մասին տեղեկատվությունն իսպառ բացակայում է: Ի վերջո, ՏԻՄ մասին օրենքում հստակ նշվում է, որ քաղաքային կամ համայնքային իշխանություններն իրավունք ունեն առեւտուր իրականացնելու նպատակով քաղաքացիներին վարձակալական հիմունքներով հողատարածքներ հատկացնել: Մինչդեռ, քաղաքապետ Կ. Կարապետյանը հայտարարել է, որ մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում այսուհետ նոր կրպակների կամ տաղավարների համար վարձակալական տարածքներ չեն տրամադրվելու: Այլ կերպ ասած` օրենքը դա թույլ է տալիս, իսկ քաղաքապետն արգելում է` հակադրվելով ՏԻՄ մասին օրենքին: Նշենք, որ քաղաքապետ Կ. Կարապետյանի հանձնարարականով միայն Կենտրոն վարչական շրջանում գույքագրվել եւ հայտնաբերվել է պետական գրանցում չունեցող, ապօրինի 180 կրպակ: «Քննարկման ժամանակ քաղաքապետի ներկայացուցիչն արդեն ապօրինի ձեւակերպումը չօգտագործեց, այլ ասաց` թերի փաստաթղթերով: Հիմա եթե դրանք ապօրինի են, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն ՏԻՄ մարմինների այն պաշտոնյաներն, ովքեր թույլտվություն են տվել, իսկ եթե իրավաբանորեն թերի են, ապա պետք է իշխանությունները վերացնեն իրենց իսկ մեղքով թույլ տված թերությունները»,- նկատում է Ս. Սաֆարյանը` ավելացնելով, որ մայրաքաղաքում գործող կրպակների լինել-չլինելու հարցը պետք է որոշի բնակչությունը, այլ կերպ ասած` այս խնդրի ելքը տեղական հանրաքվե կազմակերպելն է, որի իրավունքն ամրագրված է ՏԻՄ մասին օրենքում:

Բացօթյա առեւտուր իրականացնում են ընտրյալները

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքը չի արգելում կրպակներ տեղադրելն ու շահագործելը: «Մանրածախ առեւտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, առեւտրի կենտրոններում»,- նշված է օրենքում: Կրպակները ոչնչացնելու` քաղաքապետի որոշումից հետո, բնականաբար, մարդիկ արդեն գնումներ կատարում են խոշոր առեւտրի կետերից, մի քանի անձանց պատկանող սուպերմարկետների ցանցից: Այսինքն` կրկին շահում են խոշոր ընկերությունները, իսկ մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատերերը դառնում են գործազուրկներ: Մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման ոլորտն ամբողջությամբ հանձնվում է մի քանի մեծահարուստների: Անդրադառնալով բացօթյա առեւտրին` նշենք, որ մայրաքաղաքի փողոցներին, մայթեզրերին դեռեւս շարունակվում է պաղպաղակների, զովացուցիչ ըմպելիքների եւ ծաղիկների վաճառքը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները, որպես կանոն, վերոնշյալ ապրանքատեսակների վաճառքը մատնանշում են «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքի 4-րդ հոդվածով. «Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը»: Հետաքրքիրն այն է, որ բացօթյա առեւտրի մենաշնորհը կրկին վերապահված է խոշոր ընկերություններին` «Pepsi», «Coca colla» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներին, հանքային ջուր, ինչպես նաեւ պաղպաղակ արտադրողներին եւ ներկրողներին: Այս ապրանքատեսակները վաճառվում են նաեւ առեւտրի կետերում, սուպերմարկետներում, եւ սրանք նույնպես կարող էին տեղափոխվել փակ տարածքներ: Ի դեպ, 2004թ. ընդունված «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքի որոշ կետեր փոփոխության են ենթարկվել եւ միայն 2007թ.-ին է ընդունվել 4-րդ հոդվածը, որն էլ սահմանել է բացօթյա առեւտրի տեսակները: Այսինքն` սպառողական շուկան ընդլայնելու նպատակով այս խոշոր ընկերությունների համար արտոնություն է տրվել: Ամենահատկանշականը թերեւս նորահայտ «Ֆրեշ» զովացուցիչ ըմպելիքների բացօթյա եղանակով առեւտուրն է: Մասնավորապես այս տարի մայրաքաղաքի բոլոր հատվածներում կարելի է տեսնել «Ֆրեշի» տաղավարները, որոնք պատկանում են ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին»: Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը զբաղվում է ցիտրուսային մրգերի ներկրմամբ: Իսկ կենտրոնական փողոցներում վաճառվող պաղպաղակների տաղավարներն, ըստ մեր աղբյուրների, պատկանում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսային: Աբովյան փողոցում վերոնշյալ ապրանքատեսակների բացօթյա առեւտուր իրականացնող վաճառականներից որեւէ մեկը մեզ տեղեկատվություն չտրամադրեց, թե ում է պատկանում այն տաղավարը, որտեղ իրենք աշխատում են։ «Ի՞նչ իմանամ, անունը Արսեն ա»,- մեզ պատասխանեց Աբովյան փողոցում «Pepsi» զովացուցիչ ըմպելիքի պաստառով տաղավարի աշխատակիցը: Հետաքրքիր է, իսկ Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանն ինչո՞ւ չի արգելում լոտոների, շահող կտրոնների վաճառքը, որոնք ամենուր են եւ քաղաքի փողոցներին գավառի տեսք են տալիս: Օրինակ, նույն Աբովյան փողոցում երեկ մենք փորձեցինք հասկանալ, թե ո՞ւմ է պատկանում այդ «սեղանիկը», որի վրա լոտոներ են վաճառվում: «Ընտանեկան լոտոյին, էլ ո՞ւմ»,- ասաց վաճառողը: «Քաղաքապետարանից վաճառքի թույլտվություն ստացե՞լ եք»,- հետաքրքրվեցինք: «Հա՛»,- կտրուկ ասաց լոտո վաճառողը, եւ մինչ մենք նրան կլուսանկարեինք` «սեղանիկով» հանդերձ ծլկեց դեպքի «Մոսկվա» կինոթատրոն: Նշենք միայն, որ լոտոներ վաճառելու մասին օրենք չկա, բայց չկա նաեւ դրանց վաճառքն արգելող` քաղաքապետի որոշումը: