Ազնավուրի հերթական համերգաշրջանը

06/09/2011

Երկու օրից ֆրանսիական էստրադայի լեգենդ Շառլ Ազնավուրը Փարիզի «Օլիմպիա» թատրոնի բեմից կսկսի իր հերթական մեկամսյա համերգաշրջանը: «Ու թեեւ նա գրեթե 87 տարեկան է, այդուամենայնիվ, չկարծեք, թե թողնում է բեմը»,- հաղորդել է «Ֆրանսպրեսը»: «Ես երբեք, երբեք չեմ օգտագործել «հրաժեշտ» բառը, ես ասել եմ ընդամենը, որ սա իմ վերջին շրջագայություններից մեկն է,- ասել է նա,- Երբ ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ներկայացնում է իր վերջին ֆիլմը, որեւէ մեկը չի ասում, թե նա նորը չի նկարահանելու»: Գրեթե հազար երգերի հեղինակը 2 օր անց կվերադառնա այն բեմը, որտեղից 55 տարի առաջ սկսել է իր կարիերան, ընդգծում է գործակալությունը` հավելելով. «Մի շարք աշխարհահռչակ հիթերի հեղինակը նշում է, որ նոր հյուրախաղերը սկսում է առանց ավելորդ նյարդայնության, բայց` մի փոքր անհանգստությամբ»: «Ես, որպես կանոն, լարվում եմ սկզբում, երբ հանդիսատեսը դեռեւս դահլիճ եկած չի լինում, սակայն այն պահից, երբ գալիս են ինձ տեսնելու` այդ լարվածությունն անցնում է,- ասել է Ազնավուրը,- Մյուս կողմից` մի քիչ լարվում եմ, երբ սկսում եմ մտածել` արդյո՞ք ճիշտ է ընտրված երգացանկը, արդյո՞ք ճիշտ էի, երբ որոշեցի սկսել այս շրջագայությունը»: «Անկեղծությունը հանդիսատեսի հետ ամենալավ բանն է: Երբ զգամ, որ պետք է նստեմ` կնստեմ, երբ զգամ, որ պետք է կանգնած երգել` կկանգնեմ»: «Սա չի նշանակում, թե անօգնական եմ այլեւս, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ իմ տարիքը: Հիշողությունս գնալով վատանում է, այնպես որ` ես ուզում եմ հանդիսատեսին ասել ճշմարտությունը` ինչ-որ մի պահի հավանաբար կսկսեմ հուշարար էկրան օգտագործել»,- ասել է շանսոնյեն: Ազնավուրը պատրաստվում է ներկայացնել մի շարք նոր երգեր, ինչպես նաեւ` բոլոր ժամանակներում սիրված մի շարք հիթեր: «Ես նոր երաժիշտ ունեմ, որը դուդուկ է նվագում, ես պատրաստվում եմ մի երգ երգել, որը ձայնագրվել է դուդուկի հետ, բայց որը երբեք հնարավորություն չեմ ունեցել ներկայացնել բեմում»,- ասել է նա: