Կրտսեր Ջիվան Գասպարյանի` լրագրողների հետ երեկվա հանդիպման առիթը վերջերս Ուզբեկստանում կայացած «Շարք տարոնալարի» երաժշտական միջազգային փառատոնն էր, որի ժամանակ կրտսեր Ջիվանն արժանացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին:
Առաջին անգամ Ջիվանն ասուլիս էր տալիս առանց պապի ներկայության: Սակայն լրագրողների յուրաքանչյուր հարցից եւ Ջիվանի ամեն պատասխանից զգացվում էր ավագ Ջ. Գասպարյանի ներկայությունը: Հանրահայտ անձանց ժառանգները դատապարտված են որոշ ժամանակ լինելու իրենց ծնողների, այս պարագայում` պապի ստվերում: Ասուլիսի ժամանակ Ջիվանն ասաց, որ պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել միայն այն նպատակով, որ նրա կատարումը լսելով, հանրությունը սկսի վերաբերվել նրան ոչ միայն իբրեւ հանրահայտ դուդուկահարի թոռան, այլեւ` որպես ինքնուրույն կատարողի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-30-ը Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում տեղի էր ունեցել ամենամյա 8-րդ «Շարք տարոնալարի» երաժշտական միջազգային փառատոնը, որին այս տարի մասնակցում էին 52 երկիր՝ 300 երաժիշտներով: Մրցույթի մասնակիցների համար չկար ոչ տարիքային, ոչ ժանրային սահմանափակում: Այդ իսկ պատճառով մրցույթին կարող էին մասնակցել եւ աշակերտներ, եւ վարպետներ: Այն Հայաստանը ներկայացնող Ջիվան Գասպարյանի համար առաջին միջազգային մրցույթն է եղել:
Հարցին, թե ինչպե՞ս որոշվեց, որ Հայաստանն այդ փառատոնին ներկայացնելու է Ջիվանը, դուդուկահարը պատասխանեց. «Ինձ առաջարկել էր պապիկիս մենեջերը, ով նաեւ իմ մենեջերն է հանդիսանում: Յուրաքանչյուր արտիստ 15 րոպե ուներ ելույթի համար: Հաղթողների համար նախատեսված էր 3 մրցանակային տեղ, բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հերթին եւս սահմանել էր 3 մրցանակային տեղ: Ես արժանացա հատուկ մրցանակի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր երկրորդ մրցանակը հանձնեց Ադրբեջանի ներկայացուցչին, ով իրենց ազգային մուղամն էր կատարում: Իսկ երրորդը հանձնեցին Ուզբեկստանի ներկայացուցչին: Իրականում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակները կարգերի բաժանելը սխալ է, քանի որ նրանք հավասար մրցանակներ էին»:
Ժյուրիի անդամները 11-ն էին, եւ նրանց որոշմամբ մրցույթի առաջին տեղն էր գրավել Չինաստանի ներկայացուցիչը: Ջիվանը, սակայն, կարծիք հայտնեց, որ համամիտ չէ ժյուրիի որոշման հետ, քանի որ առավել արժանի մասնակիցներ եւս կային: «Ինձ համար շատ ավելի կարեւոր էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը, որին եւ արժանացա»,- նշում է Ջիվանը:
Հարցին, թե որքանո՞վ օգնեց պապի անունը փառատոնում մրցանակային տեղ գրավելու հարցում, Ջիվանը պատասխանեց. «Պապիկս այնքան փառատոների է մասնակցել, որ բոլորը գիտեն նրա անունը: Պապիս օգնությունը կայանում է նրանում, որ նա ինձ ճիշտ նվագել է սովորեցրել: Չեմ կարծում, որ հին իներցիայով են ինձ մրցանակ հանձնել: Երբ Հայաստանում կայացած դուդուկի մրցույթի ժամանակ առաջին տեղը գրավեցի, բոլորն ասում էին՝ «Ջիվանի թոռն ա, հաղթել ա»: 52 երկրների երաժիշտների մասնակցությամբ միջազգային մրցույթ է կայացել, բայց կրկին հարցնում են պապիս գործոնի մասին»:
Հարցին, թե իրականում պապի անունն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում, Ջիվանը պատասխանեց. «Ես չեմ նեղվում այդ խոսակցություններից: Կգա ժամանակը, երբ մարդիկ կգնահատեն անձամբ ինձ: Պարզապես ես շատ նման եմ նվագում պապիկին, որովհետեւ մեր ձեռագիրը նույնն է»: Հարցին, թե ներկայիս դուդուկահարներից ո՞ւմ է համարում մրցակից, Ջիվանը պատասխանեց. «Ես մրցակից չունեմ: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է կատարում: Առհասարակ դուդուկ նվագելն ինձ համար մրցույթ չէ, այլ հաճույք»:
Իրականում կրտսեր Ջիվանի ասուլիսներին պետք է ներկայանալ «աքցանով»: Այլ կերպ նրանից խոսք դուրս բերելն անհնար է: Եվ չնայած որեւէ տեղեկություն նրա անձնական կյանքից իմանալու լրագրողների ջանքերին, Ջիվանն անկոտրում էր: Հարցին, թե որքանո՞վ է պապիկի գործոնն ազդեցիկ անձնական կյանքում, այլ կերպ ասած` ապագա կնոջ ընտրությունը որքանո՞վ է «կախված» պապի կարծիքից, Ջիվանը պատասխանեց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ կատարի իր կյանքի կարեւորագույն ընտրությունը, որպեսզի հետագայում ոչ ոքի չմեղադրի: Ես արդեն 28 տարեկան եմ, եւ բնական է, որ ծնողներիս մոտ արդեն վաղուց ցանկություն կա ինձ ամուսնացած, երեխատեր տեսնելու»: Հատուկ երիտասարդ դուդուկահարի կինը դառնալ ցանկացողների համար փորձեցինք պարզել, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ջիվանի ապագա կինը: Պարզվեց, որ առաջին պայմանը նմանությունն է: «Իմ կինն ինձ պես պետք է լինի»,- միանգամից պատասխանեց Ջիվանը: Խոսքն, իհարկե, աղջկա պայուսակում դուդուկի առկայության մասին չէ, այլգ «Իմ կինը պետք է ինձ նման պարզ լինի: Չեմ սիրում, երբ մարդ ձեւացնում է: Կինը պետք է ներկայանա այնպիսին, ինչպիսին որ կա»,- ասում է Ջ.Գասպարյանը: