Մնացել են զարմացած

06/09/2011

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` բարձրաստիճան հյուրերին կանչելով Մարդականի ամառանոց` տեր եւ տիկին Ալիեւները նպատակ ունեին նրանց հիացնել եւ զարմացնել այդ արքայական պայմաններով: 2007թ. հունիսի 17-19-ը Բաքվում գումարվել է ԳՈՒԱՄ-ի գագաթաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարները, ինչպես նաեւ` դիտորդի կարգավիճակով հրավիրված Բուլղարիայի փոխնախագահը, Էստոնիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դեյվիդ Քրամերը: «Wikileaks»-ի օրերս գաղտնազերծած մի գրառման համաձայն, որը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը Պետդեպարտամենտ է ուղարկել 2007թ.-ի հունիսի 29-ին, բարձրաստիճան հյուրերին հրավիրել են Բաքվի հյուսիսային արվարձան Մարդականում գտնվող Իլհամ Ալիեւի կառավարական ամառանոցը: Այն կառուցվել է 1981թ. դեռ Հեյդար Ալիեւի օրոք եւ հիմնովին վերանորոգվել է 2007թ.: «Wikileaks»-ը փոխանցել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Քրամերի տպավորությունները: Ընդունելությունից հետո երկուսն էլ` բավական շփոթված, մեկմեկու խոստովանել են, որ ահավոր ընկճվել են առանձնատան աներեւակայելի շքեղությունից, կահավորանքի ցուցադրական ճոխությունից, 4 ժամ տեւած հյուրասիրության ընթացքում մատուցված ընտիր ուտեստներից, խավիարի եւ թանկ խմիչքների առատությունից, տանտիրոջ ինքնագոհ կեցվածքից եւ ցոփ ու շվայտ ապրելակերպից: «Ինձ պարզապես կվռնդեին նստավայրից, եթե ես այսպիսի բան ունենայի Վիլնյուսում»,- Քրամերի ականջին շշնջացել է զարմացած Ադամկուսը: Հյուրերը պարզել են, որ ամառանոցում կա ստորգետնյա մի քանի սաունա, մի հսկայական լողավազան ներսում, մեկ ուրիշը` դրսում, սենյակներում կան շատրվաններ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ բարձրաստիճան հյուրերին կանչելով Մարդականի ամառանոց` տեր եւ տիկին Ալիեւները նպատակ ունեին նրանց հիացնել եւ զարմացնել այդ արքայական պայմաններով: Դեսպանատան կազմած գրառման մեջ կա ուշագրավ մի պարբերություն, որն արտահայտել է հրավիրվածների ամենավառ տպավորությունը. «Իլհամ Ալիեւի անձնական կեցավայրի եւ Բաքվի շարքային բնակիչների սոցիալ-տնտեսական կացության միջեւ կա հսկայական անջրպետ»: