Բուժիչ նամակներ

06/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Կաղշնակ փշոտ (տատառնիկ կոլյուչի)

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող տատասկափշավորները շատ չեն, դրանցից երկուսը լայնորեն կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։ Դրանք են` կաղշնակ փշոտը (Onopordur acanthium) եւ կաթնափուշը (Silybum marianum)։

Գյուղատնտեսության համար առավել վտանգավոր մոլախոտերից է Cirsium arvence (C. acaule, C. vulgare), հայկական անվանումը` գյուղավեր, շատ ճիշտ է բնորոշում բույսի վնասակարությունը։ Ի տարբերություն այլ քիստավոր բույսերի` այն բազմամյա է, ունի 2-6 մետր խորացող ուղղահայաց արմատ, բազմաթիվ հորիզոնական ճյուղավորումներով, որոնցից աճում են նոր ծիլեր։ Գյուղավերի սերմի վրձնիկներն ունեն թռչնի փետուրը հիշեցնող կառուցվածք, մյուս քիստավորների վրձնիկները բաղկացած են մազիկներից։ Գյուղավերի սերմերը կարող են անցնել շատ մեծ տարածություններ, մոլախոտն ունի իր «աքիլեսյան գարշապարը»։ Բույսը երկտուն է, արական ծաղկազամբյուղներն ավելի խոշոր են, եթե հեռացնեք, թողնեք միայն մեկ սեռի ծաղիկները, ապա գյուղավերը կծաղկի, սակայն սերմեր չի տա։

Բույսը հաճախ կազմում է մացառուտներ, զբաղեցնում մեծ տարածքներ։ Ցողունի բարձրությունը 30-150 սմ է, տերեւները նշտարաձեւ կտրտված են, փշոտ եզրերով, արտաքինից` կանաչասպիտակավուն։ Ծաղկաբույլը զամբյուղ է։

Carduug acanthoides (կամ մոտիկ ազգակից C. crispus), տատասկափուշ գանգուրը երկշաքիլավոր, երկամյա մոլախոտ է, բազմանում է բացառապես սերմերով։

Առաջին տարում առաջանում են ձվաձեւ տերեւներ, եւ կազմավորվում է արմատը, ձմեռելուց հետո ցողունը հասնում է 120-150 սմ-ի, այն ամբողջովին պատված է ոչ մեծ փշերով։

Onopordon acanthium-Կառփշոտ, կաղշնակ սովորականը (փշոտ) նույնպես երկամյա բույս է, սակայն այն չունի ազգակցական (բսբ.) կապ C. acanthoides տատասկափշի հետ։ Այս բույսը հաճախ հասնում է 2 մ բարձրության, ցողունը պատված է ամուր, խոշոր փշերով, տերեւները լայն են, եզրերում կտրատված, ջղածայրերը` սուր փշեր են։ Ծաղկաբույլը պատված է համաչափ դեպի վեր եւ վար ուղղված բարակ փշատերեւիկներով։ Առաջին հայացքից դժվար է զանազանել բույսի ցողունը, ճյուղը, տերեւը` դրանք բոլորն ունեն «թեւիկներ» եւ փշեր։ Բույսն ունի տպավորիչ «ճարտարապետական» տեսք եւ բավականին լավ պաշտպանված է։

Կաղշնակը նույնպես ծաղկում է երկրորդ տարում, ծաղկաբույլի ձեւը մոտ է գնդին, ծաղիկների զամբյուղիկները հիմնականում բաց մանուշակամորեգույն են։

Մինչեւ 20 սմ բարձրության բույսի տերեւները կարելի է օգտագործել սննդի մեջ, ուտելի են նաեւ սերմերը, որոնք պարունակում են ճարպեր, իսկ համով հիշեցնում են արեւածաղկին։ Բույսի ծաղկման շրջանը սկսվում է ամռանը եւ տեւում մինչեւ աշնան կեսը։ Մեղուները հավաքում են բույսի ծաղկահյութը եւ պատրաստում շատ որակյալ եւ քաղցր սաթի գույն ունեցող մեղր։

Որպես դեղաբույս կաղշնակ փշոտը օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Որպես բուժահումք է ծառայում բույսի վերգետնյա մասը, բացառությամբ կոշտացած ցողունից, հավաքում են ծաղկման շրջանում։

Պատրաստում են հյութ կամ չորացնում լավ օդափոխվող ծածկի տակ` թղթի վրա փռված բարակ շերտով, պահում են փակ ապակե տարայի մեջ չոր տեղում։

Բույսի տերեւներում եւ սերմերում պարունակվում են` սպիտակուցներ, ածխաջրեր, սապոնին, ասկորբինաթթու, ֆլավոններ։ Տերեւում կա նաեւ վիտամին K, խեժանյութ, դաբաղանյութ, տերպենային լակտոն։

Սերմը հարուստ է ներկանյութով, պարունակում է ինուլին։

Կաղշնակն արժեքավոր դեղաբույս է, բավականին լայն ոլորտով։ Պատրաստուկները մաքրում են արյունը, նեղացնում վերջույթային արյունատար անոթները եւ բարձրացնում զարկերակային ճնշումը, լավացնում մարսողությունը եւ այլն։ Կաղշնակն օգտակար է միզապարկի բորբոքման, մրսածության, բրոնխիտի, երկարատեւ հազի, թութքի, ռեւմատիզմի դեպքում։ Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում բույսի հակաուռուցքային ազդեցությունը, որոշ բուժարարներ գտնում են, որ այն կարող է կանխարգելել ետվիրահատական մետաստազները։

Բույսի հյութն օգնում է մաշկի վրա առաջացած խոցերի, բերանի եզրերի ճաքերի, բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ծաղիկների թուրմն օգտագործում են աչքերին թրջոց դնելու համար։ Կաղշնակը հակացուցված է բարձր ճնշման դեպքում։ Ա. Ամասիացին գրում է. «Ասում են, եթե այդ բույսը դնեն երեխայի բարձի տակ, կվերանա նրա բերանից ջուր հոսելու երեւույթը։ Օժտված է լուծողական հատկությամբ։ Օգնում է արմատացած դողէրոցքի դեպքում։ Բայց վնաս է փայծաղի համար։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է մեղրը»։

Դեղատոմսեր կաղշնակ փշոտով

Տարբեր բնույթի ուռուցքների դեպքում

– Փոշիացրեք չոր խոտը առանց փշերի։ Խմեք մեկական թ/գ, օրը 3 անգամ, ջրի հետ։

– Աղացեք տերեւները մսաղացով, քամեք հյութը, ավելացրեք հեղուկ մեղր (2։1)։ Խմեք երկուական թ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։

– Հումքի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։

Արգանդի ուռուցքի դեպքում. Մանր կտրատեք կաղշնակի խոտը, 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Խմեք օրվա ընթացքում։

Հազի, լարինգիտի, անգինայի, բրոնխային ասթմայի դեպքում. 150 գրամ ծաղկազամբյուղները (առանց փշերի) եփեք օշարակի մեջ (150 գ ջուր, 100 գ շաքար)։ Պահեք թույլ կրակի վրա այնքան, մինչեւ մնա հեղուկի կեսը։ Քամեք մի քանի տակ ծալած թանզիֆով` սեղմելով հումքը։ Լցրեք մաքուր շշի մեջ, պահեք սառնարանում (բայց ոչ սառնախցիկում)։ Խմեք 1-ական թ/գ, օրը 4-6 անգամ, սնվելուց առաջ։ Թուրմն ունի նաեւ արյունատար անոթները մաքրող հատկություն։ Օգտագործեք 3 շաբաթից ոչ ավելի։

Հիպոտոնիա

– 1 ճ/գ կաղշնակ փշավորի խոտը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում (սրբիչով փաթաթեք)։ Քամեք մի քանի տակ ծալած թանզիֆով` սեղմելով հումքը։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց առաջ։

– Խառնք կաղշնակի խոտը, սեւ հաղարջի տերեւը, խատուտիկի արմատը (3։3։2)։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 30 րոպե 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց առաջ։ Բուժման ժամկետը` չորս շաբաթ։

– Խառնեք իշառվույտի (դեղին), կաղշնակի, մատիտեղ թռչնի խոտերը, կեչու տերեւը (5։3։3։2)։ Պատրաստեք եւ ընդունեք վերը նշված չափաբաժիններով։

– Խառնեք հավասար քանակությամբ կաղշնակի, եղեսպակի խոտերը, անմեռուկ ավազուտայինի ծաղիկը, մասուրի սերմերից ազատված պտուղը (վերը նշված ձեւով)։

Սնունդը` դեղ

Ա.Կ. Կոշչեեւն իր «Վայրի պայմաններում աճող բույսերը մեր սնունդի մեջ» գրքում առաջարկում է Կաղշնակ փշով պատրաստված մի քանի ճաշատեսակներ.

– Լավ լվացեք, ազատեք կեղեւից, կտրատեք 200 գ բազուկ, վրայից ավելացրեք խաշած եւ մսաղացով անցկացրած 100 գ կաղշնակ փշոտի արմատ, 40 գ թթվասեր, 50 գ մաղադանոս։ Համեմեք ըստ ճաշակի։

– Կաղշնակի տերեւները 5-10 րոպե թրմեք եռջրի մեջ, մանրացրեք մսաղացով, համեմեք քացախով։ Մատուցեք մանրացրած պանիրի հետ։

– Լոսյոն կորյակների դեմ. կաղշնակի հյութը 1 շաբաթ թրմեք օղու մեջ (3։1) եւ օգտագործեք մաշկը մաքրելու համար։