Համաներմանը համաձայն չէր

03/09/2011

Պարզվում է՝ քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու առաջարկը արվել է դեռեւս 2008թ. դեկտեմբերին, ամերիկացի դիվանագետների կողմից, ինչին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այն ժամանակ չի համաձայնել։ Այդ մասին պարզ է դառնում «Wikileaks»-ի գաղտնազերծած հաղորդագրություններից։ Այսպես, 2008թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «SECRET» դասակարգմամբ նամակ է ուղարկել Պետդեպին, որտեղ պատմել է նոյեմբերի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին։ Ընթրիքի սեղանի շուրջ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան եւ ամերիկյան կողմից՝ տարածաշրջանային կոնֆլիկտների հարցերով խորհրդականը։ Հանդիպման ընթացքում Բրայզան բարձրացրել է ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանի հարցը՝ «նշելով, որ «քաղաքական» ձերբակալությունների այդպիսի դեպքերը հարցեր են առաջացնում՝ կապված դատական պրոցեսի անկողմնակալության հետ»։ Սարգսյանը պատասխանել է, որ իրավական գործընթացը պետք է ինքնուրույն ընթանա։ Ըստ հաղորդագրության, Ս. Սարգսյանն ասել է, թե «այդ մարդիկ» փորձել են ուժով փոխել կառավարությունը, եւ անհնար է արդարադատության համակարգը շրջանցելով` պարզապես ազատ արձակել նրանց, ովքեր այսօր ամենից բարձր են բողոքում։ Դեսպանը նկատել է, որ այդ պրոցեսը կարող է մի քանի տարի շարունակվել, ինչը կվնասի Հայաստանի քաղաքական զարգացմանն ու միջազգային հեղինակությանը, եւ հետաքրքրվել, թե արդյոք չկա՞ քաղաքական լուծում, օրինակ՝ համաներումը։ Հաղորդագրության շարունակությունը ներկայացնում ենք առանց փոփոխությունների. «Ակնհայտորեն նյարդայնացած Սարգսյանը մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ եթե Հայաստանը չի հարգում մարդու իրավունքները, ապա դատավորի դերում հանդես կգա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Սարգսյանը խոստացավ, որ եթե անգամ ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի կառավարության դեմ լինի, իրենք միեւնույն է՝ կհարգեն այն»։