Տեր-Պետրոսյանը համոզում էր ամերիկացիներին

03/09/2011

«Wikileaks»-ի` հայաստանյան շարքի հրապարակումներից մեկը վերաբերում է Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008թ. նոյեմբերի 25-ին ուղարկված հաղորդագրությանը։ Հաղորդագրությունը դասակարգված է` որպես «CONFIDENCIAL»։ Հաղորդագրության մեջ խոսվում է Մեթյու Բրայզայի հանդիպումների` հասարակական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Բրայզան ՀԱԿ-ի լիդերների՝ Դավիթ Շահնազարյանի, Լեւոն Զուրաբյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի, Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը։ ՀԱԿ-ի հետ հանդիպման բաժնում Փենինգթոնը ներկայացրել է առանձին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մանրամասները եւ հակասությունը, որ նկատվել է նրա խոսքերում։

«ԼՏՊ-ն խոսում է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շարք մեկնաբանություններ արեց ամբողջ խմբի առաջ, եւ հետո` այլ բնույթի մեկնաբանություններ Բրայզայի եւ դեսպանի հետ առանձին (պրիվատ) զրույցի ընթացքում։ Բաց հանդիպման ժամանակ նա խոսեց Սերժ Սարգսյանի քաղաքական թույլ կողմերի եւ ձախողումների մասին, որոնք, ԼՏՊ-ի համոզմամբ, Սերժ Սարգսյանին հնարավորություն չեն տալիս բավարար չափով ուժեղ լինել ԼՂ խաղաղ կարգավորման հարցում համաձայնության հասնելու եւ այն պահպանելու համար։ Նա հայտարարեց, որ վատ ընտրություններից, մարտիմեկյան բռնություններից եւ արտակարգ իրավիճակից հետո Հայաստանի հասարակությունը Սարգսյանին չի ընդունում որպես լեգիտիմ նախագահ։

Ավելին, հասարակությունը ատելություն է զգում «կրիմինալ ռեժիմի» նկատմամբ, որը Սերժ Սարգսյանը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից, եւ որը փաստացի հանդիսացել է Սերժ Սարգսյանին իշխանության բերելու գործիքը։ ԼՏՊ-ն ռեժիմին եւ նրա օլիգարխ-աջակիցներին անվանեց խորապես կոռումպացված՝ նշելով, որ պետական միջոցներից միլիոնավոր դոլարներ պետական գանձարան գնալու փոխարեն` գնում են պետական պաշտոնյաների գրպանները։ ԼՏՊ-ի խոսքերով, կոռումպացված ողջ համակարգը կախված է նախագահից, իսկ ԼՂ իշխանությունները այդ նույն կոռուպցիոն բուրգի պարզապես մի բաղադրիչն են։ Տեր-Պետրոսյանի հավաստիացմամբ, թեպետ ԼՂ ներկայացուցիչները կարող են անկախության վերաբերյալ ճշմարտանման հայտարարություններ անել, սակայն իրականում նրանք բոլորը Երեւանի գրպանում են։ Այդ իսկ պատճառով, ըստ ԼՏՊ-ի, Սարգսյանը ԼՂ համաձայնագրի հարցում իշխող էլիտայի կողմից ոչ մի դիմադրության չի հանդիպի, սակայն խորը դիմադրության կարող է հանդիպել հասարակության կողմից։ Եթե հասարակությունը հանդուրժել է կառավարության «տոտալիտար գործելաոճը» եւ հակաժողովրդավարական պահվածքը շատ ոլորտներում, ինչպես, օրինակ, թալանչիական հարկային եւ մաքսային ծառայություններում, ապա, ըստ ԼՏՊ-ի, նույն հասարակությունը չի հանդուրժի ԼՂ հարցով վատ համաձայնությունը։ ԼՏՊ-ն ասաց, որ Քոչարյանը եւ Սարգսյանը իրենց վատ կառավարումը 10 տարի արդարացնում են ԼՂ-ն պաշտպանելու անհրաժեշտությամբ, եւ Սարգսյանի դիրքերը կթուլանան, եթե նա գնա մի համաձայնության, որն ավելի վատն է, քան (ԼՏՊ-ի բնորոշմամբ) այն մեկը, որը սեղանին էր դրված 10 տարի առաջ (ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – եւ որի պատճառով ԼՏՊ-ն ինքը հեռացավ իշխանությունից – ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ)։

… OFF THE RECORD (առանց ձայնագրման). Բրայզայի եւ դեսպանի հետ իր առանձին հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն շեշտեց երեք կետ։ Նա ասաց, որ ԼՂ հարցի կարգավորմանը հասնելու պահը հիմա է։ Նա ասաց, որ ԱՄՆ-ի համար կրիտիկական նշանակություն ունի բանակցությունների այս վերջին փուլում նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել, որպեսզի հաղթանակը լինի ոչ թե Ռուսաստանինը, այլ ԱՄՆ-ինը։ Նա առաջարկեց, որ ԱՄՆ-ը կոնֆերանս հրավիրի՝ որպես գլխավոր բանակցող նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար, եւ թելադրի կարգավորման պայմանները։ Տեր-Պետրոսյանն ասաց, որ համաձայնագրի հիմնական ուրվագծերը պարզ են, եւ ԱՄՆ-ը պետք է կողմերի միջեւ անհապաղ նախաձեռնի մաքոքային դիվանագիտություն, ղեկավարի գագաթաժողովը եւ լուծման հանգեցնի»։