«Wikileaks»-ը քո մասին բան չի՞ հրապարակել՝ կհրապարակի

03/09/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անեկդոտ դարձած այս հարցուպատասխանն այսօր շրջում է Հայաստանի քաղաքական վերնախավում: «Wikileaks»-ը դարձել է կախարդական մի գործիք, որն ամեն ինչ գիտի, ամեն ինչ տեսնում է, եւ որից պետք է վախենալ, որովհետեւ իմացածն ասում է ողջ աշխարհին:

Սակայն կայքի հրապարակումներն ավելի լուրջ բնույթ են կրում եւ լուրջ մեսիջներ են պարունակում հասցեատերերի համար: Եվ «Wikileaks»-ը շարունակում է դիվանագիտական տարաբնույթ նյութեր հրապարակել Հայաստանի մասին ու դրանք դարձնել թեժ քննարկման առարկա: Տարեսկզբից սկսած այդ կայքը բազմաթիվ նյութեր է հրապարակում մեր քաղաքական եւ տնտեսական իրականության մասին, բայց հատկապես վերջին մեկ շաբաթը հրապարակ նետած տեղեկատվությունը բավականին շատ էր եւ ավելի մանրամասն, խորը տեղեկություններ էր պարունակում: Իհարկե, այնպես չէ, որ այդ հրապարակումները Հայաստանի հանրությանը ծանոթ չէին: ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, թե ինչ քրեաօլիգարխիկ վիճակ է տիրում մեր երկրում, որքան է կոռումպացված կրթության կամ այլ ոլորտները, մեր օլիգարխներն ինչպես եւ ինչքան են հարստանում, գոլդ համարներով ինչպիսի մեքենաներ են վարում, ով ում է սպանել եւ այլն: Հետաքրքիրը, սակայն, այն է, թե այդ հրապարակումներն ինչ նպատակ են հետապնդում: Ոչ միայն ԱՄՆ-ը, այլ ցանկացած իշխանություն այլ երկրներում գործող իր դիվանագետներից տարբեր տեսակի տեղեկատվություն է պահանջում եւ ստանում այդ երկրների քաղաքականության, քաղաքական էլիտայի եւ իրեն հետաքրքրող այլ իրողությունների մասին: Կոռուպցիային, քրեաօլիգարխիկ, տնտեսության մենաշնորհային երեւույթների մասին խոսելիս, բնականաբար, ի ցույց է դրվում ՀՀ իշխանական համակարգի էությունը: «Wikileaks»-ը իր հրապարակումներով մերկացրել է Հայաստանի ցանկացած ոլորտում, անգամ` ցանկացած գերատեսչությունում, տիրող անօրինական վիճակը: Եվ այսօր իշխանական համակարգում կատակով, սակայն որոշակի անհանգստությամբ, իրար հարցնում են. «Wikileaks»-ը քո մասին բան չի՞ հրապարակել»:

Ինչ են մտածում այդ հրապարակումների մասին ՀՀ քաղաքական ուժերը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց, թե ինքն անգամ ուշադրությամբ չի հետեւում այդ հրապարակումներին, որովհետեւ «դա հասարակությանը մոլորեցնելու հերթական մի կենտրոն է»: «Աշխարհն անմիջապես մի 10 օրում ձերբազատվեց, բայց Հայաստանը դեռեւս քննարկում է: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում դա չի կարելի վերլուծության նյութ դարձնել այս կամ այն իրադարձության առումով: Չեմ կարծում, որ ամբողջ Ամերիկայի պետությունը առաջացել է, որպեսզի խորը ուսումնասիրի Հայաստանի իրադարձությունները»,- իրեն հատուկ բավականին անտարբեր տոնով ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Գրեթե նույն անտարբերությունն ուներ նաեւ ՀՅԴ Հայ դատի եւ արտաքին հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Ես չեմ կարծում, որ «Wikileaks»-ը հատուկ նկատառումներով է հրապարակում տեղեկությունները, ժամանակը եւ բովանդակությունը ճշտում է: Պիտի հիշենք, որ ի վերջո «Wikileaks»-ն է ամերիկյան կառավարության փաստաթղթերը կամ ենթադրյալ փաստաթղթերը հրապարակում, բայց ամերիկյան կառավարությունը չէ հրապարակում: Եթե այդպես լիներ, կարող էի մտածել, թե ինչ-որ քաղաքական նպատակներ է հետապնդում, բայց այդպես չէ, եւ մնացածը զուգադիպություն է: Եվ այնպես չէ, որ միայն Հայաստանի մասին է հրապարակում: «Wikileaks»-ը բոլոր երկրների մասին էլ զեկույցներ է հրապարակել»,- ասաց Կ.Մանոյանը:

Նշենք, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատնից ընդհանրապես չեն մեկնաբանում կամ հերքում այդ հրապարակումների բովանդակությունը: Եվ սա ենթադրելու տեղիք է տալիս, որ հրապարակումները նրանց քաղաքականությանը չեն հակասում: Ամեն դեպքում, մինչ երեկ «Wikileaks»-ի հրապարակումները բոլորիս ծանոթ տեղեկություններ էին պարունակում: Իսկ երեկվանից արդեն ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի զրույցը, թե ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ճնշման պատճառով մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, հայ հոգեւոր իշխանությունում տիրող իրավիճակի, պաշտոնյաների զրույցները եւ այլ բացահայտումներ, թեեւ ոչ անսպասելի, բայց միանգամայն նոր հանգամանքներ էին ներկայացնում: Եվ արդեն հայ հանրությանն անծանոթ տեղեկատվություն բացահայտելով` կարծես թե այդ հրապարակումները սպառնում են ավելի ագրեսիվ ու վտանգավոր լինել հատկապես իշխանությունների եւ ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի համար: Այդ հրապարակումներն ընդգրկել են Հայաստանի քաղաքական ողջ էլիտան` իշխանությունից մինչեւ ընդդիմություն` շատ նրբորեն հիմնական թիրախ ունենալով ՀՀ երեք նախագահներին` Լ.Տեր-Պետրոսյանին, Ռ.Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այս երեք գործիչների ղեկավարած ուժերի հետ կապված հրապարակում է թե դրական, թե բացասական տեղեկատվություն` սակայն բավականին նրբորեն առաջին պլան մղելով բացասականը: Եվ այդպիսով կարծես թե ՀՀ երեք նախագահներին ու նրանց սատարող քաղաքական ուժերին «մերկացնելու» միտում կա: «Վաշինգտոնը թե իշխանություններին, թե քաղաքական ուժերին ուղղակի հասկացրեց, թե ինչ գիտի եւ ինչ կարգի ինֆորմացիա է իրեն հետաքրքրել եւ տրվել: Սա, ես կարծում եմ, որ լուրջ խաղաքարտերի բացում է: Իհարկե, կարծեք թե ոչինչ չկա, բայց այդ տեղեկությունները ուշադրության են արժանացել դեսպանության կողմից, եւ դրանք զեկուցվել են Պետքարտուղարությանը: Սա, իմ կարծիքով, լուրջ ազդանշան է: Ակնհայտ է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, Վաշինգտոնը ուշի ուշով հետեւել են ամենամանրուք հանդիսացող, թվացյալ չհետաքրքրող տեղեկատվությամբ: Թվում է, թե Վաշինգտոնը հեռավորություն ունի «Վիկիլիքսից» եւ Ասսանժից: Որեւէ մեկը չի կարող համոզել, որ այս պահին պատահականություն էր այդ հրապարակումները»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սեպտեմբերից արդեն մեկնարկելու է խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը, եւ այս հրապարակումներով «Wikileaks»-ը կարծես թե փորձում է «բացահայտել» հիմնական դերակատարների խաղաքարտերը: Եվ այդ հրապարակումներում բավականին նրբորեն եւ ի տարբերություն մյուս ուժերի ու գործիչների` դրական է ներկայացվում «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնց դեպքում կարծիք կա, թե հովանավորվում են ԱՄՆ-ից: