Հայերս յուրաքանչյուր կարեւոր կամ երկրորդական իրադարձությունից փորձում ենք անպայման բխեցնել` օտարներին այն որեւէ ուղերձ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Երբ մեր մարզիկները ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ են տանում, մեկնաբանը հրճվում է. «Հերթական անգամ աշխարհին ապացուցեցինք, որ ուժեղագույնն ենք»: Մեր շախմատիստների փայլուն հաղթանակից հետո, «ուժեղագույնից» բացի` արդեն նաեւ «ամենաիմաստունն ենք»: Անընդհատ «աշխարհին» ինչ-որ բան ապացուցելն արդեն քրոնիկ բարդույթ է: Երբ բանականությունը երկարաժամկետ հանգստի է ուղարկվում, նման հաղթանակները սկսում են գլխապտույտ առաջացնել: Քեզ հանկարծ սկսում է թվալ, թե երիտասարդ շախմատիստների աշխատանքն իրենք իրենց վրա, այդ հսկայական ջանքը, տաղանդը ավտոմատ վերագրվում է միանգամից բոլորին (թեեւ շախմատիստների պատվին կազմակերպված համերգի մասնակիցները` իրենց ռեպերտուարով, պիտի որ անմիջապես ցրեին թյուրիմացությունը):
Երկրի վարկանիշը բարձրացնող իրական գործիքները որո՞նք են: Թերարժեքություն չէ՞ այդքան կարեւորելը` ի՞նչ կարծիք ունեն մեր մասին օտարները, երբ մեր սեփական կարծիքը ինքներս մեր մասին հաճախ այնքան հիասթափեցնող է: Միջազգայնագետ Լեւոն Ղազարյանի մեկնաբանություններն, ինչպես միշտ, հետաքրքիր են:
– Լեւո՛ն, երկրի վարկանիշը ձեւավորող միջազգային ընդունված ատրիբուտներ կան` ռազմական հզորությունները, ներքին կայունությունը, համաշխարհային ազդեցությունըգ Թվարկում եմ, սակայն ինչ-որ կարեւոր բան կարծես պակասում է այս շարքում:
– Երազանքըգ Երկրի, ժողովրդի, մարդու մասին կարծիք են կազմում` ըստ նրա երազանքի, որովհետեւ երազանքն է պայմանավորում իր ուղերձն աշխարհին:
– Հայտնի է «ամերիկյան երազանք» արտահայտությունը, սակայն «հայկական երազանք» երբեք չեմ լսել: Եթե հայկական է, ապա` «հայկական հարց»:
– Գուցե հայկական երազանքը մի քիչ աշխարհաքաղաքական պատկերմամբ է` միացյալ Հայաստանի քարտեզը, որ կախված է թերեւս բոլոր դպրոցներում: Սա էլ կարելի է համարել երազանքի դրսեւորում:
– Կարծում եք` աշխարհին հայտնի՞ է մեր այդ երազանքը. մենք այն հռչակե՞լ ենք:
– Կարծում եմ` այո:
– Հայաստանի վարկանիշը` որպես ամբողջական համակարգ, ինչպե՞ս կգնահատեք: Որքանո՞վ է գրագետ հետեւել, թե միջազգային ո՛ր կառույցը, ո՛ր ամսագիրը ինչ վարկանիշային ցուցակ կկազմի եւ ո՛ր հորիզոնականում կզետեղի մեր երկրի անունը:
– Ցանկացած վարկանիշ համեմատություն է, իսկ համեմատությունը հնարավոր է միայն ինչ-որ համակարգի մեջ: Ուրեմն` նման վարկանիշային սանդղակներն ի սկզբանե կեղծիք են ենթադրում: Եթե բոլորը դասակարգվում են ինչ-որ շարքում, դրանով հերքվում է նրանց ուրույնությունը: Այսինքն` դա ինչ-որ արտաքին մոտեցում է, արհեստական համադրություն: Այդ իմաստով` վարկանիշները շեղում են ուշադրությունը, նրանք կարծես թե խոսում են երկրների մասին, իրականում` քողարկում են պարտադրվող համակարգը: Մյուս կողմից` նրանք կեղծում են երկրի առանձնահատկությունը: Օրինակ, ամենաերջանիկ մարդիկ, ըստ երկու տարի առաջ կազմված ինչ-որ սանդղակի, ապրում են, պարզվում է, Նիգերիայում: Նիգերիան թշվառ տնտեսական վիճակում գտնվող երկիր է, բայց վարկանիշը չի բացատրում, թե ինչի շնորհիվ են իրենց երջանիկ զգում նիգերացիները, կամ` ինչպես դառնալ նիգերացի եւ լինել երջանիկ: Համապատասխանորեն` այդ վարկանիշները վերածվում են ազդեցության գործիքի: Դրանք ոչ թե օբյեկտիվ գնահատականներ են, այլ ազդեցության միջոց, որոնցով պետք է կարողանալ գուշակել` ինչ են ուզում ասել հեղինակները:
– Հետաքրքրիր է, որ վարկանիշային սանդղակներ կազմում են, որպես կանոն, արեւմտյան երկրները:
– Քանի որ դա համակարգային արտահայտություն է, իսկ համակարգը հայկական չէ, ուրեմն ցանկացած խմբավորում, որ իրեն անվանակոչի իրավապաշտպան կազմակերպություն, կարող է թվեր գրել, եւ դա երկրի ղեկավարության համար կարող է դառնալ անախորժության պատճառ: Իրականում, Հայաստանում խոսքի ազատության մակարդակը բովանդակապես կարող է ավելի բարձր լինել, քան ԱՄՆ-ում, բայց ինչ-որ ֆորմալ չափանիշներով այսպես կոչված իրավապաշտպանները կարող են չնկատել դա: Այսինքն` գնահատականը կարող է համապատասխանել փաստագրական իրողությանը, բայց ոչ իսկությանը, բովանդակությանը: Եվ այս դարում դա հենց Գլոբալ Էլեկտրոնային Համակենտրոնացման Ճամբարի արտահայտությունն է, որի մասին արդեն մեր նախորդ զրույցում ասել եմ: Հիմա քաղաքագետները սկսել են այդ երեւույթների մասին բարձրաձայնել: Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը վերջերս խոսեց «գլոբալ օկուպացիայի» մասին: Եվ այդ օկուպացիան սպասարկող 5-րդ շարասյան` «նոր գոլեմների» (գոլեմը` արհեստական մարդն է), որոնք պատրաստ են իրենց երկրում կատարել ամենահրեշավոր հակապետական պատվերները: Դա շատ մոտ է իմ կողմից նկարագրված Գլոբալ Էլեկտրոնային Համակենտրոնացման Ճամբարում աճեցվող հեռահար կառավարելի անդրազգային ամբոխին` Համաշխարհային Խուժանին: Որի հերթական խառնակումն են կարծես թե լոնդոնյան խժդժությունները: Դուգինը նշեց, որ կան «գործակալներ մեր բոլոր երկրների իշխանություններում», եւ հոռետեսություն հայտնեց, թե հնարավոր չէ այժմ նրանց դեմն առնել: Հաստատված է մարդու կործանմանն ուղղված անտեսանելի էլեկտրոնային փշալարերով համակարգ, որի մեջ երկրները բարաքներ են կամ զոնաներ, իսկ ռեյտինգները բարաքներում աշխուժություն մտցնելուն են միտված:
– Եվ այդ աշխուժությունն իրո՛ք առաջանում է. մամուլն անմիջապես արձագանքում է վարկանիշային այդ ցուցակներին, իշխանություններն սկսում են արդարանալ, ընդդիմությունը` քմծիծաղել: Չկա ընտրություն` ո՞ր կառույցի գնահատականը կարելի է ի գիտություն ընդունել, ո՞րն առհասարակ չնկատել:
– Պետք է պարզապես փորձել հասկանալ` ի՞նչ են ուզում դրանով ասել: Դա ակնարկ է:
– Ուղղված իշխանությունների՞ն, թե՞ ողջ հանրությանը:
– Բոլորին: Որովհետեւ ցանկացած ազդակ շփում, կոմունիկացիա է: Եվ մինչ մարդը կամ քաղաքակրթությունը չեն մահացել, գործում է իմաստների փոխանակում, փորձ է արվում միմյանց բան ասել: Մի կողմից` ռեյտինգները ճնշման գործիք են, մյուս կողմից` նրանցում պետք է փորձել գտնել նշանակալից իմաստ:
– Այդուհանդերձ, կան երկրներ, որոնք միջազգային իրենց վարկանիշով կարծես այնքան էլ մտահոգ չեն եւ, պատկերացրեք, վատ չեն ապրում: Օրինակ` Վենեսուելան, Կուբան, հեռու չգնանք` Բելառուսը:
– Համակարգում հակահամակարգային գործողությունը նույնպիսի իմիջ է, որքան համակարգայինը:
– Այսինքն` հակահամակարգը եւ՞ս համակարգի բաղկացուցիչն է:
– Այո: Օրինակ` Վենեսուելան վարում է ընդգծված սոցիալական քաղաքականություն: Իսկ որտեղի՞ց են այդ փողերը: Վենեսուելան իր նավթը վաճառում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը կարծես լեզվակռվի կամ գրեթե կռվի մեջ են Վենեսուելայի հետ, բայց, չգիտես ինչու, գնում են վենեսուելական նավթը` այսպիսով ապահովելով Վենեսուելայի իշխանությունների սոցիալական հաջող քաղաքականությունը: Բելառուսում կարծես թե շատ ինքնուրույն քաղաքականություն է վարվում, բայց մի քանի տարի առաջ այնտեղ ահաբեկչական գործողություն եղավ, եւ դրանից հետո ընդունվեց օրենք համատարած մատնահետքեր վերցնելու մասին, ինչը համաշխարհային միտում է` գլոբալ էլեկտրոնային ճամբարի համար: Իսկ Կուբան սեփական վարքագծի լուրջ արտահայտություն է: Կուբացիները բաց, ազատ մարդիկ են:
– Միջազգային մարզական մրցաշարերում, մշակութային իրադարձությունների ժամանակ մեր մասնակիցների հաղթանակը կարո՞ղ է երկրի վարկանիշի վրա ազդել մեր երազած տարբերակով` համոզել «աշխարհին», որ մենք, այդուհանդերձ, ուժեգագույնն ու ամենաիմաստունն ենք:
– Եթե վարկանիշ ասելով հասկանալ` որպես երկրի, պետության ընկալումը, անշուշտ: Դա փառքն է կամ համբավը: Ցանկացած պետություն աշխարհում առաջնայնության համար է պայքարում, այլապես պետականությամբ մտահոգվելու կարիք չկա: Ցանկացած հաջողություն ընդգծում է այդ վարկանիշը: Ցանկացած դեպքում, երբ երկրի նախագահը շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է, եւ երկրի թիմը շահում է համաշխարհային առաջնությունը, դա նշանակում է` երկրի նախագահի եւ պետության վարկանիշի բարձրացում: Նշանակում է` տղան ասել է, տղան արել է: Ինչ վերաբերում է շախմատին, ես գերադասում եմ շաշկին: Դեռ ամերիկացի գրող Էդգար Պոն տվել էր բացատրությունը, որ շախմատն ավելի ռացիոնալ խաղ է, այսինքն` լոկ դատողական: Իսկ շաշկին հոգեբանական խաղ է: Շախմատ խաղալը պահանջում է հսկայական էրուդիցիա ունենալ, ճիշտ հաշվարկներ անել: Իսկ շաշկին շատ պարզ է, այնտեղ հաշվարկ անելը չափազանց հեշտ է, բայց շաշկիում հակառակորդին, այլ ոչ թե խաղատախտակին եղած դասավորությունը ըմբռնելն է որոշում հաղթողին: Այդ իմաստով` բնօրինակ արտաքին քաղաքականություն վարելու հակվածություն ունեցողը պետք է ընտրի շաշկին: Իսկ շախմատն` այն մարդը, ով հակված է ընդհանրական, կայսրական համակարգում գործել:
– Շաշկու ֆեդերացիա, եթե չեմ սխալվում, չունենք:
– Ունենք: Բայց կառավարությունը եւ բարերարները որեւէ կերպ չեն աջակցում նրան: Գուցե այս հանգրվա՞նն է կանխատեսել Գոգոլը, որի հերոսներից մեկը ասում է. «Վաղուց է, որ շաշկի ձեռքս չեմ առել»: Դպրոցներում շաշկու խմբակներ են հարկավոր: Ծնողները կարող են սովորեցնել:
– Ի՞նչ եք կարծում, ուրիշի կարծիքից կախված լինելը չի՞ խոսում սեփական ուժերի թերագնահատման, անգամ վատ դաստիարակության մասին: Իսկ երբ խոսքն ամբողջ երկրի մասին է` գուցե այստեղ դիագնոզն ավելի բարդ է:
– Մարդիկ իրենք են հայտնագործում Հայաստանը, ինչպես Բայրոնը, Անդրեյ Բելին, Մանդելշտամը: Պետք չէ փորձել նրանց ներքաշել, գովազդել: Բավական է պարզ եւ շիտակ լինել, եւ քեզ կհասկանան ու կընդառաջեն: Մինչեւ 2000 թվականը չի եղել որեւէ միջազգային փաստաթուղթ, որը Հայաստանի մասին բացասական արտահայտություն ունենա` կապված Ղարաբաղի հետ: Դա կախված է քո դիրքորոշման հստակությունից` որքան Հայաստանն իրեն նվաճողական է պահել այս հակամարտության մեջ (իսկ մեզ համար սա ոչ թե հակամարտություն է, այլ պատերազմ), այնքան աշխարհը մեր կողմն է եղել: Երբ ՀՀ ղեկավարությունը ավելի է ներքաշվել միջազգային կարգավորման խաղերին, սկսել են ընդունվել հակահայկական փաստաթղթեր, ձեւակերպումներ: Քանի դեռ ասում ենք` «Սա մեր պատմական հայրենիքն է, որը վերանվաճել ենք, ձեր լեզվով` զավթե՞լ ենք, մեզ դա չի հետաքրքրում, մենք ազատագրել ենք», նրանք դա հասկանում են: Երբ սկսում ես իրենց լեզվով խոսել, սկսում են խոսել օկուպացիայի մասին: Որովհետեւ իրենց լեզուն մշակված է մեր դեմ դավեր նյութելու համար:
– Զրույցի սկզբում խոսեցիք հայկական երազանքի մասին: Ունե՞նք ռեսուրսներ եւ բավարար ցանկություն` իրականություն դարձնել մեր երազանքը:
– Հայաստանը եղել եւ մնում է աշխարհի էությունը, որքան էլ Հայաստանի դեմ հարվածներ չուղղվեն: Հայաստանն անսպառ է, որքան էլ չփորձեն կործանել:
– Ուզում եմ կառչել «անսպառ» բառից. ասացեք, որ Հայաստանին արտագաղթի միջոցով չի սպառնում դեմոգրաֆիկ աղետ:
– Չէ, հայերը պետք է ապրեն աշխարհում: Եթե գնում են, պետք է խրախուսենք, որ նրանք ունենան հաջողություն իրենց նախընտրած երկրում, բարիք բերեն նրա ժողովրդին: Հայերը ինդիկատոր են. հայերը ցույց են տալիս` տվյալ երկրի քաղաքական համակարգը որքանով է կայացած: Ցանկացած կայացած երկրում հայերը հարգված են:
– Իսկ Հայաստանո՞ւմ:
– Հայաստանն ակունքն է, իսկ ակունքում միշտ շրջադարձային վիճակ է, եւ Հայաստանում հայերն իրո՛ք պետք է վատ ապրեն` տնտեսական իմաստով, որովհետեւ այստեղ նրանք տրվում են իրենց երազանքին, ինչը նվիրում, այլ ոչ թե հաճոյացում է ենթադրում:
– Լեւոն, այնքա՜ն լավ սկսեցիք` «երազանք», «Հայաստանն անսպառ է», իսկ հիմա` «պետք է հայերն իրենց հայրենիքում վատ ապրեն»:
– Տնտեսապես, բայց ոչ թե հոգեվիճակի` բանաստեղծական տրամադրության եւ վերապրման առումով:
– Հասկանալի է` հոգեվիճակի առումով` երջանիկ, ինչպես նիգերացիները:
– «Երջանկությունն» այն բառը չէ: Ուրախ, հրճվող: Ամեն դեպքում` առաջնորդվելով երազանքով, եկեք փորձենք:
– Այդ դեպքում գուցե նմանվենք Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի հերոսներին:
– Այդ ֆիլմը ողբերգական է, բայց ավարտը` հուսադրող: Ժողովուրդն ասում է. «Փորձը փորձանք չէ»: Փորձանքը չփորձելն է: