Ահազանգ հանցագործությունների մասին
Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի կատարած անօրինականությունների մասին փաստերը մեր թերթում ներկայացրել ենք ոչ թե մեկ հոդվածով, այլ, ելնելով դրանց քանակից, նույնիսկ շարք ենք պատրաստել: Հիշեցնենք, որ Աշտարակի մի շարք բնակիչների խախտված հողային իրավունքների մասին մեր հարցումներին քաղաքապետ Գ. Թամազյանը ոչ միայն չէր պատասխանում, այլեւ` բոլոր հնարավոր ձեւերով խուսափում էր որեւէ լրագրողի հետ «առճակատումից»:
Մի քանի ամիս առաջ անօրինականությունների մասին փաստաթղթերի փաթեթը մեր ձեռքին` այցելեցինք Աշտարակի քաղաքապետարան: Թեեւ նրա քարտուղարուհին վարժ տիրապետում է լրագրողներին «ցրելու» հմտություններին, այդուհանդերձ քաղաքապետարանի շենքի մոտ ժամեր շարունակ սպասելով` մենք հանդիպեցինք Գագիկ Թամազյանի հետ: Բանից պարզվեց, որ աշտարակցիների կողմից իրենց քաղաքապետի հասցեին հնչեցրած դժգոհություններն ու բողոքներն այնքան էլ օբյեկտիվ չեն, քանի որ այդ քաղաքապետից ոչ միայն կարելի է արդարացիորեն դժգոհել, այլեւ բառիս բուն իմաստով` զզվել: Գ. Թամազյանի «դաստիարակվածությունը» բնորոշելու համար բավական է միայն նշել այն փաստը, որ իրենից հարցազրույց խնդրող լրագրողին նա պատասխանում է` «Հավես չունեմ, ժամանակդ լրացավ, դավայ ստուց»:
Ինչեւէ, լրագրողների բախտն այդ իմաստով բերել է, քանի որ, ի տարբերություն շարքային քաղաքացիների` մեզ գոնե հաջողվել է քաղաքապետի աշխատասենյակ սողոսկել: Մինչդեռ Աշտարակի բնակիչներն ընդհանրապես իրավունք չունեն քաղաքապետարանում իրենց խնդիրը բարձրացնել:
Գրող, «Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարանի», մի շարք գիտական աշխատությունների հեղինակ Սիմոն Տեր-Սիմոնյանը վստահեցնում է, որ քաղաքապետն անգամ ոստիկանի հաստիքով մի «պահապան» է նշանակել իր աշխատասենյակի մոտ, որպեսզի վերջինս կանխի քաղաքացիների մուտքն անձամբ իր սենյակ: «Ես ի լուր աշխարհի հայտարարում եմ` Աշտարակում քաղաքապետին ոչ միայն չեն ընդունում, այլեւ` զզվում են նրանից: Հարցրեք աշտարակցիներից: Ես նրան չեմ ասում Գագիկ Թամազյան, այլ ասում եմ` Գ. Թամազյան: Ոչ միայն ասում եմ, այլեւ` դիմում գրելիս Գ. Թամազյանին եմ ուղղում խոսքս»,- վրդովված ասում է Ս. Տեր-Սիմոնյանը, ով վստահեցնում է, որ բնակիչներն այլեւս որեւէ խնդրով նրան չեն դիմում, այլ միանգամից գնում են լրատվամիջոցների դուռը:
«Գ. Թամազյան, առոչինչ է քո աշխատանքը»
Ս. Տեր-Սիմոնյանը երեկ այցելել էր մեր խմբագրություն: Նա ներկայացնում էր իր դիմում-բողոքները եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի` դատարանը ճանաչել է քաղաքացու իրավունքը եւ քաղաքապետին պարտավորեցրել է վերականգնել քաղաքացու խախտված իրավունքը: Մինչդեռ նույնիսկ դատարանի վճիռը Գ. Թամազյանի համար ոչինչ է: «Քրոջս աղջիկը` Գայանե Սիմոնյանը, տարիներ առաջ ոչ լավ կյանքից մեկնեց Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Ինձ խնդրեց, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 3800քմ հողատարածքի կադաստրային հարցերով զբաղվեմ, եւ լիազորագիր ուղարկեց: Դիմեցի կադաստրային մարմիններին, ու բացահայտվեց, որ քաղաքապետ Գ. Թամազյանն այդ հողի մի մեծ հատվածը բռնազավթել է: 3800 քմ մակերեսով հողատարածքը բոլոր փաստաթղթերում գրանցել են 2500քմ: Ավելին ասեմ. էնքան փնթի են աշխատում, որ մի թղթում 2500քմ է նշված, իսկ մեկ այլ թղթում` 2600քմ: Հետո պարզվեց, որ Գ. Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող այդ հողատարածքից 1100 եւ հողատարածքին կից մեկ այլ բնակչից նույն քանակությամբ հող յուրացնելով` 2200քմ մակերեսով հող ծախել է մեկ այլ մարդու: Այսինքն` ուրիշի հաշվին փող է աշխատել»,- ասում է Ս. Տեր-Սիմոնյանը` ավելացնելով, որ Գ. Սիմոնյանին պատկանող հողատարածքի մակերեսն ամրագրված է պետական մի շարք ակտերում: Մասնավորապես, 1991թ. հողերի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Աշտարակի շրջանի Արայի գյուղական խորհուրդը Ա N032554 պետական ակտով հաստատել է Գ. Սիմոնյանի իրավունքը 3800քմ հողատարածքի նկատմամբ: «Ես նույնիսկ տվյալներ ունեմ, որ Արայի նախկին գյուղ-ձեռնարկության հողի պետական ակտերի հաշվառման գիրքը քաղաքապետարանում չի պահպանվում: Քաղաքապետը հաշվառման նոր մատյան է կազմել, որտեղ էնքա՜ն մարդկանց հողեր են յուրացրել: Հարյուրավոր աշտարակցիներ կան, որոնց հողերը մատյանում իրական հասանելիքից շատ քիչ գրանցելով` դրանք յուրացնում ու վաճառում են մեկ ուրիշի: Թող վերահսկող մարմինները գնան եւ ուսումնասիրություն կատարեն, թող բնակիչներից հետաքրքրվեն, թե սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ի՞նչ հասանելիք են ունեցել, ու հիմա ի՞նչ է մնացել: Պետական ակտերի քաղվածքը ներկայացնում եմ, ասում է` էդ քաղվածքն առոչինչ է: Ես էլ հայտարարում եմ` առոչինչ է այդ քաղաքապետն ու իր կատարած աշխատանքը»,- ասում է քաղաքացին` պետական մարմիններին ահազանգելով, որ քաղաքապետարանի պետական ակտերի նորաստեղծ հաշվառման գրքում մի շարք անօրինականություններ կան: Ս. Տեր-Սիմոնյանը 2010թ. հոկտեմբերին դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով. «Վերականգնել հողատարածքը հողի սեփականության իրավունքի պետական ակտով, նախնական իրադրային հատակագծով ու չափերով»: Դատարանն ապացուցված է համարել, որ Աշտարակ քաղաքի հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի 1991թ. մարտի 9-ի որոշման համաձայն` Գ. Սիմոնյանի անվամբ սեփականաշնորհվել է Արայի տեղամասից 0.38 հա վարելահող, որը հաստատվում է նաեւ 09.11.1995թ. տրված Ա 032534 հողի սեփականության իրավունքի պետական ակտով: Ընդ որում, հայցվորը դատարան է ներկայացրել տարիներ շարունակ հողի համար հարկեր վճարելու կտրոնները: Ինչեւէ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը գտնվում է մեր ձեռքի տակ, որտեղ արձանագրված է հետեւյալը. «Վերականգնել 09.11.1995թ. Ա 032534 հողի սեփականության իրավունքի պետական ակտով հայցվորի ընտանիքին սեփականաշնորհված 0.38 հա հողատարածքի նկատմամբ խախտված իրավունքը` պարտավորեցնելով պատասխանող Աշտարակ համայնքին կատարված գրանցումն ուղղելու համար նախատեսված ծախսերը կատարել համայնքի հաշվին, քարտեզագրելով հատկացված հողամասն ըստ Ա 032534 հողի սեփականության իրավունքի պետական ակտի տվյալների»: Դատարանը վճիռը կայացրել է 2011թ. մայիսին, որտեղ արձանագրված է նաեւ բողոքարկելու մեկամսյա ժամկետի մասին հիշեցումը: Աշտարակի քաղաքապետարանն` ի դեմս քաղաքապետ Գ. Թամազյանի, ոչ կատարել է դատարանի պահանջը, ոչ էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այսինքն` թքած ունի դատարանի որոշման վրա: «Միայն վերջերս ՀՀ Վերաքննիչ դատարանից ծանուցում եմ ստացել, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչ Էդուարդ Քալանթարյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել: Էս ի՞նչ երկիր ա ախրգ վճռում պարզ գրված է, որ պատասխանողն իրավունք ունի բողոքարկել մեկամսյա ժամկետում, բայց Գ. Թամազյանն էնքան հզոր է, որ երեք ամիս հետո կարողանում է մտնել դատարան: Բա Վերաքննիչ դատարա՛ն, դու օրենք ես խախտում չէ՞, բա դու մեկամսյա ժամկետի տակ կնիք ու ստորագրություն ես դրել, էդ ո՞նց ես բողոքը վարույթ ընդունել: Փողո՞վ, Գ. Թամազյանի շրջապատի օգնությա՞մբ: Դու դատարան ես, չէ՞, խեղճ ու կրակների վրա կիրառում ես, չէ՞, ժամկետները, բա ինչի՞ ես օրենք խախտում` հանուն Գ. Թամազյանի: Ես վստահ եմ, որ նա գնացել, փողով խոսացել է, որ` ընդունեք վարույթ ու առաջին ատյանի վճիռը բեկանեք, իմ օգտին վճիռ արձակեք»,- զայրացած ասում է Ս. Տեր-Սիմոնյանը, ում պահանջը միանգամայն օրինական է, քանի որ արձանագրությունների ամսաթվերի հակասություններն ապացուցում են ժամկետի խախտման անօրինականությունը: Այլ կերպ ասած` ՀՀ Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունելու որոշում կարող է կայացնել անգամ մեկ տարի անց` խախտելով դատաիրավական մի շարք նորմեր. «Նայեք դրանց գրած բողոքը` անգրագետ, անհասկանալի, փնթի: Եթե մի ուսուցիչ կարդար` 2 կնշանակեր: Եվ դատարանն այդ բողոքն ընդունել է վարույթ, անհարմար է, էլի»: Ինչեւէ, ՀՀ Վերաքննիչ դատարանում գտնվող Աշտարակի քաղաքապետարանի բողոքը կլսվի հոկտեմբեր ամսին: Մենք կփորձենք հետեւողականորեն ներկայացնել այս գործի մանրամասները: Առաջիկայում կներկայացնենք նաեւ Աշտարակի բնակիչների խախտված իրավունքների մասին հետաքրքիր փաստեր:
ՀՀ նախագահի հանձնարարակա՞նն էլ է առոչինչ
Աշտարակի քաղաքապետ Գ. Թամազյանի` դեռեւս 2009թ. ներկայացրած հաշվետվության մասին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» լրագրողը նկատել էր. «Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին` նշենք, որ այնպիսի տպավորություն էր, կարծես Գ. Թամազյանը ներկայացնում էր այլ գերատեսչության հաշվետվություն: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ Աշտարակի քաղաքապետին հաշվետվության տեքստը պատրաստի գրած էին տվել, եւ քաղաքապետը անքուն գիշերներ չէր անցկացրել այն գրելու համար: Քաղաքապետն ամեն ինչ անում է, որպեսզի համայնքապետի եւ ավագանու կայացրած որոշումները քաղաքացիների ձեռքը չընկնի»:
Աշտարակի քաղաքապետը չի ենթարկվում ոչ միայն դատարանի վճռին, այլեւ` ՀՀ նախագահի հանձնարարականներին: Ամիսներ առաջ նրա թույլտվությամբ Աշտարակի Տիգրան Մեծ 28ա շենքին կից խաղահրապարակն ավերվում էր Ոստիկանության նախկին աշխատակից, «Ջրմուղ» կոյուղում որպես իրավաբան աշխատող Բագրատ Մարգարյանի կողմից: Վերջինս ջրագծերը վերանորոգելու քողի տակ լայնամասշտաբ շինարարություն էր նախաձեռնել: Եվ դա արել էր Գ. Թամազյանի հովանու ներքո, նրա թույլտվությամբ: Տիգրան Մեծ 28ա շենքի բնակիչները վստահեցնում էին, որ ամիսներ առաջ ՀՀ նախագահի Վերահսկողության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ տարածք եւ պահանջել անմիջապես դադարեցնել քանդման գործողությունները: Սակայն անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պահանջից հետո նրա թույլտվությամբ Բ. Մարգարյանը շարունակել էր այդ գործողությունները: Այսինքն` քաղաքապետի «դուխը» հերիքում է դեմ գնալ ոչ միայն դատարանների վճիռներին, այլեւ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությանը:
Իսկ ո՞ւմ շնորհիվ է Գ. Թամազյանը այսպես «թռվռում». ըստ տեղեկությունների` վերջինս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր որդին է: