Հունգարիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի` երկրում հարկ կգանձվի չափազանց աղի կամ քաղցր մթերքների համար: Օրենքը ստացել է «չիպսի հարկ» անվանումը, եւ դրա շնորհիվ Հունգարիայի կառավարությունն ակնկալում է տարեկան բյուջեի մուտքերն ավելացնել 74 մլն եվրոյով: Նոր օրենքի գլխավոր նպատակն է` հոգ տանել երկրի քաղաքացիների մասին եւ նրանց զերծ պահել ավելորդ քաշից: Կառավարությունում հույս ունեն, որ նոր հարկի պատճառով հունգարացիները կկրճատեն գազավորված եւ էներգետիկ խմիչքների, չիպսերի, շոկոլադի օգտագործումը, իսկ արտադրողները կնվազեցնեն այդ մթերքներում աղի եւ շաքարի պարունակությունը:
Օրենքի ուժը չի տարածվի հունգարական ավանդական մթերքների` սալյամիի եւ նրբերշիկի վրա: Սակայն տեղի արտադրողները, միեւնույն է, դժգոհ են նոր օրենքից եւ այն համարում են հապշտապ ու չարդարացված: Hell էներգետիկ խմիչքներ արտադրող ընկերությունը պատրաստվում է դատարանի միջոցով վիճարկել նոր օրենքը: